Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչպես հաղթահարել սեզոնային ալերգիան

Մայիս 09,2021 23:00

Տարվա ամենահաճելի եղանակը՝ գարունը, շատերին տհաճ անակնկալներ է մատուցում՝ սեզոնային ալերգիայի տեսքով, քանի որ ծառերի, բույսերի ծաղկափոշին գարնանը սեզոնային ալերգիայի դրսևորման պատճառներից են։

Սեզոնային ալերգիան, որը նաև հարդախոտի տենդ են անվանում, մի շարք տհաճ ախտանշաններ է հարուցում՝ փռշտոց, քթի փակվածություն կամ հարբուխ, աչքերի կարմրություն, արցունքահոսություն, քոր՝ աչքերի եւ քթի հատվածում, կոկորդում։

Ալերգիան մարդու իմունային համակարգի գերզգայուն պատասխանն է՝ ուղղված արտաքին միջավայրի մասնիկներին (ալերգեն), որոնց «օտար» է համարում։ Երբ օրգանիզմն առաջին անգամ հանդիպում է ալերգենի, պլազմային բջիջներն արտադրում են իմունոգլոբուլին E` հակամարմին, որը հատուկ է այդ ալերգենին։

Իմունոգլոբուլին E հակամարմինները օրգանիզմի պատասխան ռեակցիայի արդյունքում միանում են ալերգենին․ այդ գործընթացը տեղի է ունենում պարարտ բջիջների և բազոֆիլների մակերեսին, որոնք մեծ քանակությամբ տեղակայված են մաշկի ու քթի լորձաթաղանթի վրա։ Այս բջիջների վրա կան ընկալիչներ իմունոգլոբուլին Е-ի համար։ Ալերգենի կողմից միաժամանակ երկու իմունոգլոբուլինի Е-ի խթանումը բերում է նշված բջիջների կողմից այնպիսի բորբոքային միջնորդանյութերի ձերբազատման, ինչպիսին է հիստամինը։

Երկրորդ անգամ, երբ մարմինը բախվում է որոշակի ալերգենի, մի քանի րոպե անց պարարտ բջիջներն ակտիվանում են՝ արձակելով հիստամինից, լեյկոտրիեններից և պրոստագլանդիններից կազմված հզոր կոկտեյլ, որն էլ առաջացնում է ախտանշանների այն բազմազանությունը, որը մենք ալերգիա ենք անվանում։

Հետաքրքիր փաստ․ եթե տատրակից ալերգիա չունեք, այն արդյունավետ հակահիստամին կարող է լինել։

Ալերգիայի, ասթմայի և իմունոլոգիայի ամերիկյան քոլեջը (ACAAI) մեկնաբանում է․

«Մարդկային մարմնի հրաշքներից մեկն այն է, որ այն կարող է պաշտպանվել վնասակար «զավթիչներից», ինչպիսիք են վիրուսներն ու բակտերիաները։ Որոշ մարդկանց օրգանիզմն արձագանքում է նաև անվտանգ նյութերին, ինչպիսիք են փոշին, բորբոսը կամ ծաղկափոշին՝ արտադրելով իմունոգլոբուլին E հակամարմինը։ 

Երբ ալերգիկ հիվանդություններ (օր․՝ ասթմա կամ ռինիտ) ունեցող պացիենտները ենթարկվում են այդ նյութերի ազդեցությանը, իմունային համակարգն ակտիվացնում է իր պաշտպանությունը՝ արձակելով քիմիական զենքի մի ողջ համակարգ՝ ենթադրյալ հակառակորդին գրոհելու ու ոչնչացնելու համար։ 

Ընդ որում կարող են առաջանալ մի շարք տհաճ, ծայրահեղ դեպքերում կյանքի համար վտանգ ներկայացնող ախտանշաններ։ 

․․․ Ալերգիկ ռեակցիան կարող է առաջանալ մարմնի ցանկացած հատվածում, սակայն ավելի հաճախ այն արտահայտվում է մաշկի, աչքերի, քթի խոռոչների, կոկորդի, թոքերի, ստամոքսի լորձաթաղանթի շրջանում, քանի որ այս հատվածներում են խիտ տեղակայված իմունային համակարգի հատուկ բջիջները, որոնք պայքարում են այն «զավթիչների» դեմ, որոնք հայտնվում են մեր շնչուղիներում, կոկորդում, կամ շփվում են մեր մաշկի հետ»։

Խորհուրդներ, որոնք կօգնեն հաղթահարել սեզոնային ալերգիան

1․Սահմանափակեք ծաղկափոշու ազդեցությունը

Ալերգիայի ախտանշանները նվազագույնի հասցնելու համար ACAAI-ն առաջարկում է նվազեցնել ծաղկափոշու ազդեցությունը հետևյալ եղանակներով․

  • Խուսափեք սինթետիկ գործվածքներից կարված հագուստից, քանի որ շփումից այդ գործվածքները էլեկտրական լիցքեր են առաջացնում, ինչի արդյունքում ծաղկափոշին հեշտությամբ կպչում է հագուստին։ Լավագույն տարբերակը բնական կտորներից կարված հագուստն է։
  • Բաց տարածքում մարզվելիս նախընտրությունը տվեք օրվա վաղ կամ ուշ ժամերին, քանի որ այդ ընթացքում ծաղկափոշին ավելի քիչ է։  Լարված վարժությունները խորհուրդ է տրվում իրականացնել փակ տարածքներում։
  • Այգեգործությամբ զբաղվելիս պաշտպանիչ դիմակ ու ձեռնոցներ կրեք։ Մի դիպչեք աչքերին, աշխատանքներն ավարտելուց հետո ցնցուղ ընդունեք ու փոխեք հագուստը։

2․ Տանը հոգացեք օդի մաքրության մասին։

3․ Փորձեք պաշտպանության բնական միջոցները։

Բնությունը այս դեպքում նույնպես հոգացել է ալերգիայից պաշտպանող բնական միջոցների մասին։

Կծու պղպեղը (չիլի), ծովաբողկն ու մանանեխը հակաայտուցային բնական միջոցներ են։ 2009 թ․-ի հետազոտությունները ցույց են տվել, որ պղպեղից ստացվող կապսիացին նյութը նշանակալիորեն նվազեցնում է քթի ալերգիկ ախտանշանները։

Կվերցետինը հակաօքսիդանտ է, որը դասվում է ջրալույծ բուսական նյութերի՝ ֆլավոնոիդների շարքին։

Կվերցետինով հարուստ մթերքները՝ խնձորը, հատապտուղները, սև խաղողը, սև թեյը, կարմիր սոխը կանխում են հիստամինի արտադրությունը, դրա համար էլ համարվում են «բնական հակահիստամիններ»։

Կվերցետինը նաև հասանելի է սննդային հավելումի տեսքով, որի չափաբաժինը հարդախոտի տենդի շրջանում օրական կազմում է 200-ից  400 միլիգրամ։

Տատրակը (Petasites hybridus) նույնպես բնական հակահիստամին է, որն օգտագործվում է հազի և ասթմայի բուժման համար դեռևս 17-րդ դարից։

Տատրակը միացություններ է պարունակում, որոնք նվազեցնում են ասթմայի ախտանշանները՝ ճնշելով լեյկոտրիեններն ու հիստամինը, որոնք պատասխանատու են ասթմայի ախտանշանների սրացման համար։ Սակայն տատրակի հյութահանուկը կամ թուրմը օգտագործելիս պետք է զգույշ լինել ու խուսափել օգտագործումից, եթե ունեք ալերգիա տատրակից, վաղենակից, կամ երիցուկից։

Բացի դրանից, հում խոտն օգտագործել խորհուրդ չի տրվում, քանի որ այն կարող է լյարդի համար թունավոր ազդեցություն ունեցող նյութեր պարունակել։

Նվենու (էվկալիպտ) յուղը կարող է օգտակար լինել քթի լորձաթաղանթի բուժման համար։ Այն կարող եք կաթեցնել բամբակե գնդիկի վրա և շնչել օրական մի քանի անգամ, կամ ավելացնելով ջրին՝ ցողել սենյակում, կամ լցնել սենյակի օդը խոնավեցնող սարքի մեջ, եթե այդպիսին ունեք։

Վիտամին C-ն ևս մեկ բնական հակահիստամին է։ Ինչպես ասել է բժիշկ-նատուրոպատ Դոնի Ուիլսոնը  Huffington Post-ին․ «Վիտամին C-ի՝  500 -ից 1000 մգ-ն՝ օրական 3 անգամ, կարող է նվազեցնել ալերգիայի ախտանշանները»։

Կանաչ թեյ․ եթե ալերգիա ունեք մայրի ծառի ծաղկափոշուց, ապա արժե որոնել ճապոնական «բենիֆուկի» անունը կրող կանաչ թեյը, քանի որ պարզվել է, որ այդ թեյը արգելակում է պարարտ բջիջների ակտիվացումն ու հիստամինի արտադրությունը, ինչպես նաև թեթևացնում է հարբուխի ախտանշանները և աչքերում քորն այն մարդկանց շրջանում, որոնք մայրի ծառի ծաղկափոշուց ալերգիա ունեն։

4․ Ռնգային ողողումներ

«Նետի պոտ» փոքրիկ թեյնիկների կիրառումը անվտանգ միջոց է քթի խոռոչները ալերգեններից մաքրելու համար։ Այդ այուրվեդիկ թեյնիկների օգտագործումը շատ պարզ է․ թեյնիկը լցնում ենք թեթևակի աղի, գոլ ջրով, թեյնիկի քիթը տեղադրում ենք քթի խոռոչի մեջ և գլուխը թեթևակի թեքելով՝ թույլ ենք տալիս ջրի շիթը հոսի դեպի մյուս խոռոչը, նույնը կրկնում ենք հակառակ խոռոչում։

Այս դեպքում պետք է խուսափել ծորակի ջուր օգտագործելուց, քանի որ այն նույնպես կարող է աղտոտված լինել։ «Նետի պոտի» օգտագործման համար նախընտրելի տարբերակ է թորած, մանրէազերծված ջուրը։

4․ Դիետա, սթրեսի կառավարում

Շատերը չեն էլ կասկածում, որ կենսակերպը կարող է ազդել ալերգիայի ախտանշանների վրա։ Պարզվել է, որ աղիների լավ վիճակն օգնում է թեթևացնել ալերգիայի դրսևորումները, իսկ դրա բանալին այն մթերքների բացառումն է, որոնք բորբոքային գործընթացներ են առաջացնում․ այդպիսիք են հացահատիկեղենն ու վերամշակված սնունդը։

Օրգանական կամ տեղական մթերքներից, ֆերմենտացված բանջարեղենից, օմեգա-3-ով հարուստ սննդից կազմված սննդակարգն ու օրգանիզմում վիտամին D-ի մակարդակի կարգավորումն օգնում են պահպանել աղիների առողջ միկրոֆլորան և ապահովել իմունային համակարգի օպտիմալ գործունեությունը։

Հետաքրքրիր փաստ, եթե դուք ալերգիա ունեք ծառերի ծաղկափոշուց, ապա ծառերի փոշոտման շրջանում խուսափեք ավոկադո օգտագործելուց․ վերջինս նպաստում է սեզոնային ալերգիայի խորացմանը։

Կարևոր նշանակություն ունի նաև սթրեսի կառավարումը, քանի որ քրոնիկ սթրեսը թուլացնում է մարդու օրգանիզմը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ հաճախակի սթրեսի ենթարկվող մարդկանց շրջանում ալերգիայի բռնկումներն ավելի արտահայտված են։ Ուստի զգացմունքային վիճակի կարգավորումը կարող է մեղմացնել ալերգիայի ախտանշանները։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31