Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսից մահացել է Գյումրու ամենապայծառ, կոլորիտային դեմքերից մեկը

Մայիս 09,2021 14:02

Այսօր կորոնավիրուսից մահացել է Գյումրու ամենակոլորիտային, պայծառ դեմքերից մեկը՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանը։ Նա երկար ժամանակ գլխավորել է Լենինականի, այնուհետ Շիրակի մարզպետարանի մշակույթի բաժնի պետի պաշտոնը, 2018 թվականից էլ քաղաքապետ Սամվել Բալասանյանի խորհրդականն էր։

Հասմիկ Կիրակոսյանը Գյումրու պատվավոր քաղաքացի էր․ նա իր ճոխ բառապաշարով, անզուգական հումորով զարդարում էր բոլոր միջոցառումները, դյութում  ներկաներին, նրանից հետո ելույթ ունենալն անիմաստ էր, կարելի է ասել՝ ռիսկի հարց էր։ Նույնիսկ մի անգամ իր խոսքով այնպես էր հմայել գործարարների հետ հանդիպումից հոգնած նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին, որ վերջինս չէր կարողանում զսպել իր զարմանքը, հիացմունքը։

Նախկին վարչապետն այդ ժամանակ խոստովանեց, որ այդ ծանր հանդիպումը պետք էր սկսել մշակույթի մասին ելույթը լսելով։

Հասմիկ Կիրակոսյանն իր անձը նույնացրել էր Գյումրու հետ․ հարազատ քաղաքի մասին խոսելիս՝ չէր կարողանում զսպել արցունքները:

Գյումրեցիների ֆեյսբուքյան էջերը ողողված են նրա մասին գրառումներով ու հուշերով։

Գյումրու Հայորդաց տան տնօրեն Աստղիկ Եդիգարյանը գրում է․ «Դու էլ բռնեցիր հավերժի ուղին,մարդ-լեգենդ, բայց քո ներկայությունը թողեցիր ամենուր, որտեղ քո հետքը կա, քո ձեռագիրը, քո համառ ջանքի արդյունքով ստեղծածը… անթվելի են դրանք և անուրանալի: Գնացիր քաղաքիդ սիրահարը մնալով,գնացիր երկրիդ ցավը հոգու մեջ, գնացիր ու մի տեսակ ուրիշ սրբություն եկավ քաղաքի վրա,Գյումրի մայրիկ,Գյումրու անձնուրաց սիրահար… Հանգչիր խաղաղությամբ,իմ սիրելի Հասմիկ Կիրակոսյան»

Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանն էլ, տեղադրելով իր և Հասմիկ Կիրակոսյանի լուսանկարը, գրել է․ «Քաղաքիս գունապնակից պակասեց ամենավառ գույներից մեկը:

Լույսի մեջ մնաս յոլ ու ղայդով գյումրեցի»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31