Լրահոս
Օրվա լրահոսը

Ճարտարում առաջիկայում նախատեսվում է ստեղծել կոոպերատիվ տնտեսություն, Մաճկալաշենում` նոր թռչնաֆաբրիկա

Մայիս 08,2021 22:10

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 8-ին աշխատանքային այցով մեկնել է Մարտունու շրջան, որտեղ այցելել է սահմանագծի պաշտպանական դիրքեր, ինչպես նաև ծանոթացել գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին և հանդիպումներ ունեցել Ճարտար, Սոս ու Մաճկալաշեն համայնքների բնակիչների հետ:

Ճարտար քաղաքում նախագահը դիտել է ազատ ոճի ըմբշամարտի հուշամրցաշարը՝ նվիրված Հայրենիքի պաշտպանության համար զոհված ըմբշամարտիկների հիշատակին: Այնուհետև երկրի ղեկավարը հանդիպում է ունեցել քաղաքի բնակիչների հետ, որի ընթացքում քննարկվել են ստեղծված իրավիճակում անվտանգության ապահովմանն ու ապագային առնչվող հարցեր։

Արայիկ Հարությունյանը նշել է, որ Արցախի Հանրապետությունը լուծում է անվտանգային խնդիրները՝ համադրելով Պաշտպանության բանակի, Հայաստանի Հանրապետության և ՌԴ խաղաղապահ զորակազմի ջանքերը, իսկ երկրի իշխանությունների օրակարգի կարևորագույն հարցերից մեկը շարունակում է մնալ քաղաքական ճանապարհով Արցախի տարածքային ամբողջականության վերականգնումը: Անդրադառնալով սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների հաղթահարմանն ու տնտեսական զարգացմանն ուղղված քայլերին՝ նախագահ Հարությունյանը հայտարարել է, որ Ճարտարում առաջիկայում նախատեսվում է ստեղծել կոոպերատիվ տնտեսություն, որը, ապահովելով ոլորտի բոլոր տնտեսվարողների համատեղ գործունեությունը, կխթանի գյուղատնտեսության զարգացումը։

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ պետությունը ոլորտի համար նախատեսում է աջակցություն երեք ուղղություններով՝ այգեգործություն, բանջարաբուծություն և ջերմոցային տնտեսություններ։ Բացի դրանից, Ճարտարում շուտով կկառուցվեն խմելու և ոռոգման համար նախատեսված խոշոր ջրավազաններ, ինչպես նաև խմելու ջրի նոր ներքին ցանց։

Սոս համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ Արայիկ Հարությունյանը հետմահու պարգևատրել է վերջին պատերազմում Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսներին, երախտագիտություն հայտնել նրանց հարազատներին և նշել, որ զոհված ազատամարտիկների ընտանիքները մշտապես լինելու են պետության հատուկ հոգածության ներքո։ Այս համատեքստում երկրի ղեկավարը նշել է, որ պետությունը նախատեսում է տեղադրել մոտ 10 արագ հավաքվող առանձնատուն՝ զոհված ազատամարտիկների ընտանիքների, ինչպես նաև բնակարանի կարիք ունեցող երիտասարդ ընտանիքների համար։ Անդրադառնալով համայնքի տնտեսական զարգացմանը՝ նախագահը հայտարարել է, որ, ինչպես Ճարտարի, այնպես էլ Սոս և հարակից գյուղերի համար ևս կստեղծվի կոոպերատիվ տնտեսություն, որը կապահովի ողջ ենթաշրջանի գյուղատնտեսական զարգացումը։ Երկրի ղեկավարի խոսքով՝ Ճարտարի և Սոսի օրինակով առաջիկայում նմանատիպ ծրագրեր կիրականացվեն նաև այլ համայնքների համար։

Մաճկալաշենում Արայիկ Հարությունյանն այցելել է համայնքի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել զոհված զինծառայողների հիշատակին։ Այնուհետև նախագահը հանդիպել է համայնքի բնակիչների հետ, քննարկել անվտանգային, սոցիալական և տնտեսության զարգացման հետ կապված խնդիրներն ու ներկայացրել իր՝ ապագայի հետ կապված տեսլականը։ Մասնավորապես, նախագահը նշել է, որ շուտով համայնքում ստեղծվելու է նոր թռչնաֆաբրիկա, որը գյուղի ավելի քան 50 տնային և փոքր ֆերմերային տնտեսություններին հնարավորություն կընձեռնի մասնակցել դրա արտադրական գործունեությանն ու ունենալ եկամտի կայուն աղբյուր։

ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31