«Մեր նպատակն է՝ միասնության խորհրդանիշ ստանալ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Միասնության դրոշ» նախաձեռնության ղեկավար, հիմնադիր Արա Շահինյանը: Մայիսի 8-ին Աբովյան քաղաքում «Միասնության դրոշ» նախաձեռնությունը կազմակերպեց Սամվել Թադևոսյանի՝ արցախյան թեմայով «Միացում» ֆիլմի դիտում:
Ֆիլմի դիտումից հետո հայտարարվեց համահայկական նոր նախաձեռնության մեկնարկի մասին։
Միջոցառմանը մասնակցեցին դպրոցականներ, ելույթ ունեցավ ազգային երգերի կատարող Գրիգոր Համբարյանը:
Կարդացեք նաև
Խոսելով նախաձեռնության մասին՝ Արա Շահինյանն ասաց. «Նախաձեռնությունը ձևավորվել է մոտ երկու ամիս առաջ: Ի սկզբանե նպատակն էր մեր դիրքերին ու մեր շրջապատում դրոշի տարածումը: Հիմա այն վերածվել է համահայկական գաղափարական միջոցառման»:
Նախաձեռնության շրջանակներում մայիսի 24-ին Հանրապետության հրապարակից եռագույնի նյութերը կտեղափոխվեն մարզային կենտրոններ, այնտեղ կձևավորվեն դրոշներ: Մայիսի 26-ին միաժամանակ քայլերթ կկազմակերպվի, և մարզկենտրոններում ստեղծված դրոշները կտեղափոխվեն Վանաձոր, Երևան ու Սարդարապատ: Այնտեղից մայիսի 27-ի երեկոյան բոլոր այդ դրոշները քայլերթով տեղաշարժվելու են դեպի Բաշ-Ապարան: Հենց այստեղ էլ բոլոր այդ դրոշները կարվելու են իրար: Արա Շահինյանն ասաց՝ նպատակն է ստանալ աշխարհի ամենամեծ դրոշը:
Արա Շահինյանը շեշտեց՝ իրենց նախաձեռնությունը որևէ կուսակցական և քաղաքական պատկանելություն չունի, ոչ էլ նախընտրական, ընտրական և հետընտրական գործընթացներին է մասնակցելու: Ու նշեց. «Հայաստանյան պառակտված իրավիճակում մենք միասնության կոչ ենք անում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ