«Վերադարձ դեպի Դիզակ» հասարակական կազմակերպությունն այսօր այցելեց Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախյան պատերազմներում անմահացած հերոսների հիշատակին:
ՀԿ գործադիր տնօրեն Մարգարիտա Քարամյանը Aravot.am-ին ասաց. «Դիզակը Հադրութի հին անվանումն է, եւ մենք վերադառնում ենք մեր պատմական երկիր: Մենք կազմակերպությունը ստեղծել ենք, որպեսզի զբաղվենք Հադրութի շրջանից բռնագաղթած բնակիչների իրավաքաղաքական, տնտեսական, սոցիալ-տնտեսական, առողջական եւ այլ հարցերով: Մենք խնդիրները բարձրացնում ենք կառավարության, ԱԺ-ի, նաեւ՝ Հայաստանում գործող դեսպանատների եւ միջազգային կազմակերպությունների առջեւ»:
Կարդացեք նաև
Տիկին Քարամյանը նաեւ նշեց, որ Եռաբլուրում հանգչում են բազմաթիվ հադրութցիներ: «Մենք բոլորին չենք ճանաչում, սակայն ոչ մի նշանակություն չունի, թե ով որտեղից է: Եռաբլուրում «մշտական բնակություն» հաստատած բոլոր տղաներն էլ մեր զավակներն են: Ժամանակին մենք նշում էինք մայիսյան եռատոնը, սակայն այսօր նշելու բան չի մնացել: Միայն այցելում ենք հավերժի ճամփան բռնած մեր երիտասարդներին՝ նրանց մեր երախտագիտությունը հայտնելու»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ