Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցանկանում ենք վերադառնալ Շուշի, տեսնել մեր Շուշին եռագույնի ներքո». ստեղծվեց «Շուշիի դեօկուպացիա» ՀԿ-ն

Մայիս 08,2021 20:09

«Մեր բոլորի ակնկալիքը, երազանքը նույնն է. ցանկանում ենք վերադառնալ Շուշի, տեսնել մեր Շուշին եռագույնի ներքո, ապրել մեր Շուշիում, վերագտնել մեր Շուշիի խաղաղությունը»,-«Շուշիի դեօկուպացիա» ՀԿ բացման հանդիսավոր միջոցառման ընթացքում լրագրողների հետ զրույցում հայտարարեց կազմակերպության համահիմնադիր Արմինե Հայրապետյանը:

Նա տեղեկացրեց՝ կազմակերպությունը հիմնադրվել է՝ ստեղծված իրավիճակին արձագանքելով, փորձելով տեղական ու միջազգային կառույցներին համախմբել հիմնական լուծման գործում: Նա հավաստիացրեց՝ փորձելու են աջակցել բնակիչներին ստեղծված իրավիճակը հաղթահարելու գործընթացում:

Միջոցառման ընթացքում ելույթով հանդես եկան կազմակերպության խորհրդի անդամները, համահիմնադիրներ, գործընկերներ և ներկայացրին ՀԿ հիմնադրման անհրաժեշտությանը, պատմամշակութային ժառանգության պահպանության առաջնահերթությանը, հայրենաճաչողության ամրապնդմանը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդմանն ու զարգացմանն առնչվող հարցեր:

Ըստ Արմինե Հայրապետյանի՝ «Շուշիի դեօկուպացիա» ՀԿ-ի գործունեության հիմնական ոլորտներն են իրավականն ու մշտադիտարկումը: Նա մանրամասնեց. «Գործելու է իրավական կենտրոնը, որի շրջանակներում անդրադառնալու ենք իրավագիտակցության բարձրացմանը, քաղաքացիների իրավական հիմնախնդիրների լուծման աջակցությանը, հիմնախնդրի վերաբերյալ իրավական հետազոտության խթանմանը: Մյուս ուղղությունը մոնիտորինգի՝ մշտադիտարկման իրականացումն է: Մշտադիտարկման կենտրոնի միջոցով փորձելու ենք նպաստել համալիր տեղեկատվության ձևավորմանը և շարունակական արագ արձագանքման խմբերի միջոցով արձագանքել բնակիչների առաջնային կարիքների լուծմանը»:

Լրագրողների հարցին՝ իրատեսակա՞ն է Շուշի վերադառնալու երազանքը, Արմինե Հայրապետյանը պատասխանեց. «Լիահույս եմ, որ  մոտ ապագայում համատեղ ուժերով այս ամենն իրականություն կդառնա: Մեր խնդիրն է բարձրաձայնել բոլոր հարցերի կարևորությունը, փորձել մեր գործունեությամբ վերահաստատել Շուշիում բնակվելու՝ մեր կամքն ու պատրաստակամությունը և անել հնարավորը, որ մեր երազանքն իրագործվի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31