Աշխարհի կրկնակի գավաթակիր, Հայաստանի ազգային հավաքականի կազմում շախմատի համաշխարհային օլիմպիադայի, միջազգային բազմաթիվ մրցաշարերի հաղթող, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Հայաստանի շախմատի ֆեդերացիան լքելուց եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց առաջ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը հանդիպեց նախ պատանի շախմատիստների, ապա նաեւ երիտասարդների ու մեծահասակների հետ:
Ապագա գրոսմայստերներին հայկական ու համաշխարհային շախմատի լեգենդը պատմեց որպես շախմատիստի իր կայացման, անցած ուղու մասին, տվեց մի ամբողջ շարք արժեքավոր խորհուրդներ, որոնք նրանց անպայմանորեն շատ են օգնելու ապագա կյանքում:
Aravot.am-ը պատանիների հետ հանդիպումից հետո զրուցեց Լեւոն Արոնյանի հետ:
-Լեւոն, ինչո՞ւ որոշեցիր հենց այսօր կազմակերպել հանդիպումները շախմատիստների հետ:
Կարդացեք նաև
-Մայիսի 8-ը, 9-ը մեր համար պատմական օրեր են: Դրա համար էլ ցանկացա մի լավ բան անել իմ հարազատ Շախմատի տան եւ հարազատ երեխաների համար:
-Քո երկրպագուների բանակը չափազանց մեծ է ու նրանց դեռ շարունակում է հետաքրքրել, թե վերջնականապե՞ս ես որոշել հեռանալ Հայաստանից:
-Այո: Դուք գիտեք, որ իմ կյանքում եթե ես մի բան որոշում եմ, դա վերջնական է:
-Քո հեռանալու մտադրության առիթով Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, թե քեզ հորդորել է մնալ Հայաստանում:
-Այո, մի քանի անգամ եղել է, սակայն հարգելով իրեն, ստիպված եմ եղել մերժել: Կարողացել եմ բացատրել, որ սա, շախմատային լեզվով ասած, դիրքերում պայքարելու միակ քայլն է ստեղծված իրավիճակում:
-Իսկ ո՞րն է ստեղծված իրավիճակը: Եթե հարմար է, հանրությանը մատչելի լեզվով ներկայացնել կարո՞ղ ես:
-Լիովին չես զգում, որ պետությունը քեզ աջակցում է, որ քեզ նայում են ոչ թե որպես մարդու, այլ որպես հին, նոր կամ չգիտես ինչ: Ես մարդկանց երբեք այդպես չեմ նայել ու վերաբերվել: Իմ հին ընկերների մեջ շատերը կան, որոնք այս իշխանությանն են աջակցում, շատերն էլ կան, որ աջակցում են չգիտեմ ում: Իմ համար դա երբեք չափորոշիչ չի եղել: Մենք այնքան քիչ ենք, այնքան փոքր ազգ ենք, որ չենք կարող մեզ բաժանված, պառակտված զգալ: Այս իրավիճակում քեզ մի տեսակ վատ ես զգում: Այս մթնոլորտում ես չեմ կարող նվիրվել իմ գործին:
-Որքան տեղեկացել եմ, Անիի հետ ԱՄՆ տեղափոխվելու եք օգոստոս ամսին: Դու Միացյալ Նահանգների հավաքականի կազմո՞ւմ ես լինելու:
-Այո: Անին սովորում է եւ դրանից առաջ մեկնել չէինք կարող: Իսկ ԱՄՆ-ի հավաքականի կազմում անպայման լինելու եմ:
-Քիչ առաջ երեխաներին ասում էիր, որ շախմատում խաղատախտակի առջեւ «ընկեր» հասկացությունը տեղ չպետք է ունենա, որ պետք է խաղալ հաղթելու համար: Իսկ ընկերություն պետք է անել խաղից առաջ եւ հետո: Դու, եթե առիթ լինի երբեւէ Հայաստանի հավաքականի դեմ խաղալու, կկարողանա՞ս այդպես վարվել:
-Հուսով եմ՝ այո: Որքան էլ ես աջակցում եմ Հայաստանին եւ Հայաստանի թիմին, սպորտը մնում է սպորտ: Եթե ես ներկայացնում եմ ուրիշ երկիր, ապա պարտավոր եմ այդ երկրի համար լավ պայքարել: Բայց, հույս ունենամ, որ այդ ժամանակ ինձ այդ խաղին մասնակից չեն դարձնի, կլինեմ պահեստայինի կարգավիճակում:
-Հայկական շախմատին, Հայաստանին օգնելո՞ւ ես:
-Անպայման: Ես Հայաստանի հետ կապերս չեմ խզում: Եթե ճիշտն ասեմ, մեկնում եմ, որպեսզի ավելի օգտակար լինեմ իմ երկրին, իմ ազգին: Համոզված եմ, որ այնտեղից ավելի օգտակար կլինեմ ոչ միայն իմ ապագա հաղթանակներով, այլեւ իմ կարողություններով: Երբ հեռանում ես, մարդիկ սկսում են քեզ ավելի շատ սիրել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Նշենք, որ «Ազատության» հետ զրույցում շախմատի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանն այսօր հայտարարել է․ «Ներկայիս կառավարությունը քաղաքական պատճառներով է դադարեցրել իմ ֆինանսավորումը»։
Ֆինանսավորման դադարեցմանը, Արոնյանի համոզմամբ, ազդել է նաև այն հանգամանքը, որ իր պսակադրության կնքահայրը երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն է։
«Զգում էի, ինձ տարբեր մարդիկ զանգահարում և ասում էին՝ այսպես պետք է անես, այս մեկին այստեղ պետք է աջակցես, բայց ես այն մարդը չեմ, որ պետք է գնամ ինչ-որ մեկին աջակցեմ, որ ինձ մեկը օգնի, դա կյանքում չի եղել ու չի լինելու», – ասաց Արոնյանը:
Գրոսմայստերը դեռ փետրվարին էր հայտարարել, որ մեկ տարուց ավելի ներկայիս կառավարության խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացել է, որ ստիպված է բեկումնային որոշում կայացնել ու հեռանալ Հայաստանից։ Արոնյանի խոսքով՝ 2018 թվականի հեղափոխությունից հետո նոր իշխանությունը խոստացել էր օժանդակել իրեն, ինչպես երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն սահմանափակվել էր ընդամենը մեկ տարի մասնակի օժանդակությամբ։
38-ամյա շախմատիստն այսօր բացեց փակածգերը՝ ասելով, որ խոսքը 133 հազար դոլարի օժանդակության մասին է. հենց այդքան է առաջին տարում տրամադրել ներկայիս կառավարությունը, իսկ արդեն հաջորդ տարի՝ մերժել են խնդրանքը։
«Մի անգամ ես ստացել եմ 133 հազար դոլար տարվա կտրվածքով և հետո տարբեր հանդիպումներ եմ ունեցել, քանի որ դե քովիդ տարի էր, ես խնդրել էի ինձ 60 հազար դոլար տային, բայց մերժվել է իմ ուզածը», – ասաց Արոնյանը:
Միջազգային բազմաթիվ հեղինակավոր մրցաշարերում հաղթանակներ գրացնած հայ շախմատիստը բացատրում է՝ պետական ֆինանսավորումը տարբեր տարիներին ուղղել է ուժեղագույն շախմատիստների հետ մարզվելու, գերհզոր համակարգչի վարձակալության համար, իսկ առանց այդ մարզումների, ասում է՝ անհնար է մրցունակ մարզավիճակում լինել։
«Կարծում եմ, որ իմ նպատակները… հնարավոր չէ դրանց հետևելը և փորձել հասնելը, եթե ես առանց որևէ ֆինանսավորման պայքարեմ», – նշեց նա:
Արոնյանի խոսքով՝ հենց այդ հանգամանքն է վճռորոշ ազդեցություն ունեցել ԱՄՆ մեկնելու որոշման վրա։ Ասում է՝ նպատակն է շախմատի պատմության մեջ իր տեղն ունենալ՝ որպես հայ շախմատիստ, սակայն հասկացել է, նման պայմաններում հնարավոր չէ նպատակն իրականություն դարձնել. «Տարբեր հանդիպումներից հետո հասկացա, որ իմ նպատակներն ու երկրի հիմիկվա ղեկավարությունը շատ տարբերվում են»: