«Ցավով նշեմ՝ ազգային հերոս հանրահայտ Կոմանդոսի շիրիմի մոտ որևէ պետական կառավարման մարմնի կողմից ծաղկեպսակ կամ հարգանքի նշան չտեսանք: Սա զարմանալի չէ, քանի որ կապիտուլյանտների իշխանություն է»,- ՀՀ կառավարության շենքի մոտ հայտարարեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Նշենք՝ Հայաստանի Հանրապետական եւ «Հայրենիք» կուսակցությունների երիտասարդական կազմակերպությունները մայիսի 8-ին իրականացրին մի շարք միջոցառումներ: Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) շիրիմի մոտ հարգանքի տուրք մատուցելուց հետո նրանք նամակներ հանձնեցին ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի դեսպանատներին, ինչպես նաեւ Եվրամիության եւ Եվրոպայի խորհրդի պատվիրակությունների ու Միավորված ազգերի կազմակերպության երեւանյան գրասենյակներին։
«Հայրենիք» կուսակացության երիտասարդական կազմակերպության նախագահ Սոս Հակոբյանն այս առիթով մանրամասնեց. «Նամակներում կոչ ենք հղում միջազգային հանրությանը, որ ուշադրություն դարձնեն և ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա՝ գերեվարված հայերին ազատ արձակելու և Արցախում ընդհանուր առմամբ ու հատկապես Շուշիում հայկական մշակութային ժառանգության պահպանման առումով»:
Երիտասարդները ՀՀ կառավարության դիմաց կանգնած են «Պատիվ ունեցեք» խորագրով պաստառներով: Սոս Հակոբյանը պարզաբանեց. «Այս ուղերձն ուղղված է այսօրվա իշխանությանը: Մենք հույս չունենք, որ իրենց մեջ պատիվն ու արժանապատվությունը կզարթնի: Մեր երկխոսությունը միջազգային հանրության և մեր ժողովրդի հետ է»:
Կարդացեք նաև
Երիտասարդները ՀՀ կառավարության շենքի դիմաց տեղադրեցին Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը: Հայկ Մամիջանյանը հայտնեց՝ իրենք բոլոր վայրերում, որտեղ այսօր եղել են, դրել են Սուրբ Ղազանչեցոց վանքի գմբեթը. «Դա այս կապիտուլյանտի ու իր ուսապարկերի հավաքածուի և բոլոր այն մարդկանց համար է, որոնք հունիսի 20-ին ձայն կտան նրանց: Բոլոր այն մարդիկ, որոնք հունիսի 20-ին կքվեարկեն Նիկոլին, թող հականան, որ այս տեսքով Ղազանչեցոց վանքի գմբեթն էլ չեն տեսնելու»:
Հայկ Մամիջանյանը հավաստիացրեց՝ պատերազմի օրերին, այսօր ևս երկու կուսակցությունների ներկայացուցիչներն աշխատում են միջազգային հանրության հետ: Նրանցից սպասելիքների մասին ասաց. «Միջազգային փաստաթղթերում լավ բաներ կան գրած: Սակայն դրանք ոչինչ են, եթե երկրի ներսում արժանապատվությունը վերադարձված չէ: Մենք չենք կարող պահանջել միջազգային հանրությունից մեզ արժանապատիվ վերաբերվել, քանի դեռ մենք մեզ արժանապատիվ չենք վերաբերվում: Իսկ մենք մեզ արժանապատիվ կարող են վերաբերվել միայն այն ժամանակ, երբ այն մարդը, որի ձեռքով նոյեմբերի 9-ին կնքվել է այդ փաստաթուղթը, որևէ աղերս չունենա իշխանության հետ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ Հայկ Մամիջանյանի ֆեյսբուքյան էջից