«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը երեկ մեզ հետ զրույցում հաստատեց, որ ՀՀԿ-«Հայրենիք» դաշինքի նախընտրական ցուցակը, ամենայն հավանականությամբ, ինքը կգլխավորի։ Իսկ թե ով կլինի ցուցակի հաջորդ համարը, Վանեցյանը չմանրամասնեց՝ նշելով, որ դեռեւս քննարկվել է միայն ցուցակի առաջին համարի հարցը։
«Այս փուլում, ես դա Ձեզ ասում եմ ամենայն անկեղծությամբ, քննարկվում է, եւ տարվում են աշխատանքներ շտաբների, գրասենյակների ձեւավորման, դրանց ընտրության, նշանակման ուղղությամբ»,- ասաց Վանեցյանը։
– Պարոն Վանեցյան, ինչո՞ւ հենց ՀՀԿ-ի հետ, ինչո՞ւ դաշինք չկազմեցիք, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի, Դաշնակցության կամ Վահե Հակոբյանի կուսակցության հետ, տարաձայնություննե՞ր կան նրանց հետ։
– Նույնկերպ կարող եմ ես պատասխանել՝ իսկ ինչո՞ւ ոչ ՀՀԿ-ի հետ։
Կարդացեք նաև
– Երկուսն էլ նախկին են, մեծ հաշվով՝ տարբերություն չկա։
– Գիտե՞ք, նախկին-ներկա, սեւ-սպիտակ՝ այդ բաժանումները բերեցին մեր երկիրն այս աղետալի վիճակին։
– Բայց Դուք էլ էիք մտել այս դիսկուրսի մեջ եւ ասում էիք՝ նախկինին վերադարձ չի լինելու։
– Ես էդ դիսկուրսի մեջ չեմ մտել, եթե կհիշեք, կառավարության նիստից հետո ճեպազրույցներից մեկի ժամանակ, երբ որ էլի լրագրողները մտել էին էդ դիսկուրսի մեջ եւ բաժանել էին հստակ՝ նախկինները վատն են, ներկաները լավն են, ես բառացիորեն ասացի՝ ինչո՞ւ եք ընկել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետեւից, արդյոք ինքը միայն վա՞տ բաներ է արել, ձեր պատկերացմամբ, նա լավ բաներ չի՞ արել։ Նա շատ լավ բաներ է արել, իմ կարծիքով, եւ առաջարկեցի գիծ քաշել ու շարժվել առաջ՝ դեպի ապագա։
– Բայց Դուք ճեպազրույցների ժամանակ նաեւ խոսում էիք Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ կոռուպցիոն գործարքների, թալանի, 4 միլիարդի եւ մնացածի մասին, որոնք այդպես էլ չապացուցվեցին, նաեւ՝ Մարտի 1-ի գործի մասին։
– Ես 4 միլիարդի մասին երբեք չեմ խոսել, խնդրում եմ՝ բացեք իմ հարցազրույցներն ու ամբողջն ասեք, ես խոսել եմ «Կոնգրես» հյուրանոցի հետ կապված գործի մասին, որից հետո անմիջապես հենց Ձեզ, պարոն Մակարյան, հերքում եմ տվել եւ ասել եմ, որ իմ մտքերը սխալ են ձեւակերպել։ Իսկ Մարտի 1-ի գործը ԱԱԾ-ն չի քննել, քննել է Հատուկ քննչական ծառայությունը։
– Բայց հիմա հաճախ են Ձեզ հիշեցնում, որ Դուք նախկիններին մեղադրում էիք ինչ-ինչ հանցանքների մեջ, այսօր համագործակցում եք նրանց հետ։ Կարո՞ղ եք ասել, որ գուցե սխալվել եք այդ ժամանակ։
– Ես երբեք չեմ զլանա ընդունել իմ սխալը։ Եթե ես սխալվել եմ, կասեմ՝ ներողություն, ու եթե սխալվել եմ ինչ-որ մի հարցով, հիմա էլ հայցում եմ բոլորի ներողամտությունը։ Բայց այն, ինչ որ ասել եմ, շարունակում է մնալ օրակարգում։ Ես իմ պաշտոնավարման ընթացքում՝ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակահատվածում, իրականացրել եմ գործեր, որոնք չեն շեղվել օրենքից։
– Իսկ կարո՞ղ եք սկզբունքային մոտեցում ցուցաբերել բոլոր ուժերով, կամ ունե՞ք պայմանավորվածություն, որ դուք եւ Քոչարյանի դաշինքն իրար չեք խանգարի, իրար դեմ չեք աշխատի։
– Ես իմ թիմակիցների հետ հանդիպումների ժամանակ միանշանակ ասում եմ՝ մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի առավելագույն ձայներ ստանանք, բայց եթե կան մարդիկ, որոնք այս կամ այն պատճառով չեն ուզում ձայն տալ «Հայրենիք»-ՀՀԿ դաշինքին, ապա թող ձայն տան Ռոբերտ Քոչարյան-Դաշնակցություն-«Վերածնվող Հայաստան» դաշինքին։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում