Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իշխանության հասնելուց հետո Փաշինյանը, ինչպես մյուս բոլոր դեպքերում, սկսեց անել իր ասածների հակառակը․ «Փաստ»

Մայիս 08,2021 10:24

Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում կրթական համակարգում տեղի են ունենում այնպիսի գործընթացներ, որոնք ոչ մի կերպ չեն բխում կրթության զարգացման տրամաբանությունից։ Լրիվ հակառակը: Հատկապես լուրջ է բուհերի ինքնավարության հետ կապված խնդիրը։ Հարցն այն է, որ իշխանությունների հետևողական գործողությունները ցույց տվեցին, որ իրենց նպատակն է տոտալ վերահսկողություն հաստատել բուհերի, մասնավորապես ԵՊՀ-ի վրա։

Հանգամանք, որը քաղաքական գործընթացների ժամանակ կարող են լավագույն ձևով իրենց շահերին ծառայեցնել։ Սակայն ամբողջ զավեշտն այն է, որ 2018 թվականի ապրիլին, երբ Փաշինյանը սկսում էր իր գլխավորած շարժումը, որպես խոստում առանցքային տեղ էր հատկացնում բուհերին վերաբերող խնդիրներին։

Մասնավորապես, նա հայտարարում էր, թե բոլոր բուհերը պետք է ապաքաղաքականացվեն և անցնեն ամբողջական ինքնակառավարման։ «Սա նշանակում է, որ բուհական ամբողջ ղեկավարությունը՝ սկսած ռեկտորից, ավարտած մյուս պաշտոնյաներով, պետք է ընտրվեն բացառապես բուհի ուսանողների և դասախոսական կազմի համընդհանուր քվեարկությամբ»,- ընդգծում էր Փաշինյանը:

Թեպետ, անկեղծ ասած, նա այս թեման շահարկել է նաև մինչև 2018 թվականը և, որպես ընդդիմադիր պատգամավոր, նախորդ իշխանություններին մեղադրել է բուհերը քաղաքականացնելու մեջ: Սակայն իշխանության հասնելուց հետո Փաշինյանը, ինչպես մյուս բոլոր դեպքերում, սկսեց անել իր ասածների հակառակը, ընդ որում, ավելի մեծ մոլուցքով ու թափով, քան նախորդ բոլոր իշխանությունները, որոնց նա մեղադրում էր այս կամ այն հարցում։ Եվ հետևողականորեն իր թիմի հետ սկսեց նոր մեխանիզմներ մտածել, թե ինչպես կարող են բուհերը ամբողջությամբ ենթարկել իրենց։

Դրա համար էլ իշխանությունները շատ արագ ձեռնամուխ եղան բուհերի խորհուրդների հարցերը լուծելու քայլերին, որպեսզի հնարավորություն ունենան կախյալ վիճակի մեջ գցել բուհական հաստատությունները, ամբողջովին թելադրել քաղաքական ուղղվածությունն այս ոլորտում, պատժել յուրաքանչյուր քննադատական խոսք ու թիրախավորել ընդդիմադիրներին։

Սկզբում որոշեցին, որ բուհական խորհուրդներում կառավարությունը ապահովելու է ձայների կեսը, իսկ հետո իշխանությունների քվեն դարձրին 50+1, բայց որոշ ժամանակ անց, տեսնելով, որ այս դեպքում ևս կարող են դժվարություններ ունենալ իրենց նախընտրած թեկնածուներին անցկացնելու հարցում, արդեն անցան խորհուրդներում իրենց ձայների մասնաբաժինը գերակշիռ դարձնելու տարբերակին, որպեսզի ընտրությունների հարցում որևէ խոչընդոտ չունենան։ Այսպիսով, կառավարությունը օրերս հաստատել է որոշում, որով փոփոխություն է նախատեսում մի շարք բուհերի կանոնադրության մեջ և բուհերի հոգաբարձուների խորհրդում իշխանությունը ստանում է 65 % ներկայացվածություն՝ նախկին 50%-ի փոխարեն, իսկ բուհի պրոֆեսորադասախոսական կազմի մասնաբաժինը 25 %-ից դառնում է 10 %։ Պատահական չէ, որ կառավարության այս որոշմանը նախորդել էր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» աղմկահարույց օրենքը, որով բուհերի ինքնավարությունը հարցականի տակ է դրվում։

 

Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31