Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Մովսես Հակոբյանին չի կարելի, իսկ Նիկոլ Փաշինյանին կարելի՞ է․ «168 ժամ»

Մայիս 08,2021 10:11

Օրեր առաջ պարզ դարձավ, որ Գլխավոր շտաբի (ԳՇ) նախկին պետ Մովսես Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հատկանիշներով։

Նա, մասնավորապես, հայտարարել էր, որ երկրի ղեկավարը պատերազմի երրորդ օրը կանգնեցրել է լրահամալրումը, ինչի մասին տեղեկացել է այն պաշտոնատար անձանցից, որոնք լրահամալրման և զորահամալրման գործընթացը կազմակերպելու պարտականություն են ունեցել։

Մինչդեռ մայիսի 5-ին Նիկոլ Փաշինյանը բացահայտ հայտարարեց՝ բանակի հետ կապված հրապարակելու է գաղտնիության էլեմենտներ պարունակող տեղեկություն, ընդ որում՝ հեռախոսից:

«Գաղտնիության էլեմենտներ կան, բայց ես հարկ եմ համարում հրապարակել. «2018-20 թվականների ընթացքում ամրաշինական կառույցներն ավելացել են 1,8 անգամ, զինվորների կենցաղի ապահովման կառույցները` 2,7 անգամ, հավաքովի գետնատնակների թիվը՝ 5.9 անգամ: Բացի այս, երկաթբետոնե կոնստրուկցիաներով ապաստարանները՝ 55 անգամ են ավելացել, քառաթև հավաքովի գետնատնակները՝ 55 անգամ, երկաթբետոնե կոնստրուկցիաներով գետնատնակները՝ 64 անգամ, պաշտպանիչ հողաթմբեր՝ 1.3 անգամ, ռազմական ճանապարհներ՝ 1.4 անգամ»,- գաղտնազերծեց նա և անցավ զինատեսակների թվաքանակի ներկայացմանը.

«Հրաձգային զենքերի և մերձամարտի միջոցների թիվն աճել է 1.8 անգամ, հրետանային միջոցներ՝ 7.3 անգամ, օպտիկական սարքեր և սարքավորումներ՝ 3.5 անգամ, ավտոմոբիլային տեխնիկայի քանակն աճել է 2.3 անգամ, ինքնաթիռային և «Կոպտեր» տեսակի ԱԹՍ-ներ՝ 6.8 անգամ, տեսադիտարկման սարքեր՝ 2 անգամ»:

Ի դեպ, Փաշինյանի դեպքում գաղտնազերծման առաջին դեպքը չէ, 3 տարում նա բազմաթիվ անգամ նման իրավունք է իրեն վերապահել, ինչը, ըստ էության, թույլ է տվել թշնամուն ինչ-ինչ հաշվարկներ անել: Ավելին, պատերազմի օրերին՝ հոկտեմբերի 5-ի իր մարտակոչում Փաշինյանը նշել էր. «Այսօր ՀՀ-ում 10.000 տղա կա, եթե այսքանից գոնե կեսը ներկայանա իմ կոչին ի պատասխան, դա կլինի մեր բանակի ամենամարտունակ հատվածներից մեկը»:

Ըստ էության, ասել, թե քանի զինվորի կյանք է փրկվել կապիտուլյացիոն փաստաթղթի արդյունքում՝ 25-30.000, ոչ պակաս հաշվարկների լավ նյութ է թշնամու համար: Այս ցանկը երկար կարելի է շարունակել, այդ թվում՝ ռազմական օպերացիաներին և պաշտպանական շրջաններին վերաբերող: Ավելին, պետական գաղտնիքի գաղտնազերծում է, ըստ էության, երբ բունկերում ռազմական օպերացիաների պլանավորմանը մասնակից են դառնում կողմնակի անձինք, կամ նրանց մուտքը չի արգելվում:

Այսինքն, պետական գաղտնիքի կրող են դառնում մարդիկ, որոնք չունեն համապատասխան պաշտոն և կարգավիճակ:

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31