Ապագայի՝ Նիկոլ Փաշինյանի ծրագրերը հիմնականում կապված են տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակման արդյունքում ստացվելիք միֆական օգուտների հետ։ Ըստ էության, Փաշինյանը այսպես է սկել քարոզարշավը ու ցանկացած առիթ օգտագործում է սրա համար։ Անգամ կառավարության նիստերն են դարձել քարոզարշավի իրականացման հարթակ։
Դրա բաղկացուցիչ մասն են աջ ու ձախ տրվող խոստումները, որի արդյունքում կառավարության նիստերը փաստացի վերածվում են ընտրակաշառքի խոստման մարաթոնի։ Ու այս հարցում իշխանություններն այնքան մանրախնդիր են դարձել, որ մնում է պատ առ պատ թվարկեն, թե որ դպրոցի կամ մանկապարտեզի ինչ մասն են վերանորոգելու։
Սրան գումարած՝ կեղծ և ուռճացված տվյալներն այնպիսի էպիտետներով ու փաթեթավորմամբ են ներկայացվում, թե իբր Հայաստանի պատմության մեջ աննախադեպ աճ և յուրօրինակ ռեկորդ է գրանցվել։ Այդպես, օրինակ՝ Փաշինյանը նշում է, թե ապրիլի հարկային եկամուտները կազմել են շուրջ 180 մլրդ դրամ, ինչը պատմական ռեկորդ է Հայաստանի համար։
Բացի այն, որ Փաշինյանի ներկայացրած թվերը կասկածելի են, իշխանություններն առանձին ամիսների դեպքում կարող են այնպիսի քաղաքականություն վարել, որ մեծ քանակությամբ հարկեր մուտքագրվեն, բայց դա չի նշանակում, որ այդ մուտքերի տեմպը պահպանվելու է ողջ տարվա ընթացքում։ Իսկ երբ երկրի կարևոր խնդիրներից մեկը դարձել է աճող գործազրկությունը, Փաշինյանը չի զլանում հայտարարել, թե Հայաստանում գրանցված աշխատատեղերի հարցում նոր ռեկորդներ են սահմանվում: Ըստ իշխանությունների տրամաբանության, եթե տնտեսությունը սկսել է վերականգնման փուլ թևակոխել, ինչո՞ւ մարդիկ այդ վերականգնման ազդեցությունն իրենց վրա չեն զգում։ Այլ ընդհակառակը, նրանց եկամուտները աստիճանաբար նվազում են, իսկ ապրանքներն՝ օրեցօր թանկանում։
Կարդացեք նաև
Մի՞թե իրականության խեղաթյուրումն ու կեղծ խոստումներն են իշխանությունների վերջին հույսը։ Հնարավոր է: Սակայն այս ամենի մեջ մի բան գնալով ակնհայտ է դառնում. Հայաստանի համար պատմական կարելի է գնահատել միայն այս իշխանությունների կործանարար գործունեությունը: Նաև՝ աննախադեպ…
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում