Լրահոս
Օրվա լրահոսը

Տարօրինակ է, եթե չասենք՝ զավեշտալի, որ 80-ականների զենքերը վախեցրել և զսպել են Ադրբեջանին, իսկ փաշինյանական «2020-ի» զենքերը՝ ոչ․ «168 ժամ»

Մայիս 08,2021 09:50

Նիկոլ Փաշինյանը դարձյալ հիշել է 80-ականների զենքի ամոթալի էջը փակելու իր հին երգը. «Ադրբեջանը հարձակվել է, որովհետև տեսել է, որ 80-ականների զենքերի էջը փակում ենք»,- հայտարարել է նա:

Եթե առաջին անգամ նման արտահայտությունն ինչ-որ չափով կարող էր «ուտվել» քաղաքական հայտարարության անվան տակ, կամ բանակից և ռազմական գործից հեռու մարդու դեպքում կարող էր համարվել հասկանալի տարրական չիմացություն, ապա այսքան ռազմագիտական դիտողություններից և բացատրություններից հետո 80-ականների զենքի թեման հպարտությամբ արտաբերել շարունակելը ոչ այլ ինչ է, քան մարտնչող տգիտություն, հատկապես, երբ այն ամեն անգամ նոր «որակ» է ստանում՝ «հակառակորդը հետևում է քեզ և տեսնում է, որ դու գնում ես դեպի մի գիծ՝ 1980-ականների զենքերից անցում ես կատարում 2020-ականների զենքերի»:

Տվյալ դեպքում նկատի ունի Սու-30-ները: Այսինքն, ըստ Փաշինյանի տրամաբանության՝ եթե ՍՈւ-30-ները գնել ենք 2019-2020 թվականներին, ուրեմն դրանք 2020-ի «զենք» են:

Իրականում Փաշինյանի նպատակը հասարակությանը կեղծ տեղեկություններով մոլորեցնելն է ու իր ձախողումների մեղավորությունը ուրիշների վրա բարդելը:

Հիասթափեցնենք Փաշինյանին. Սու-30-ը Սու-27-ի կատարելագործված տարբերակն է։ Սու-30-ի առաջին նախատիպն օդ է բարձրացել դեռ 1988 թվականին, իսկ Սու-27-ինը՝ 1977 թվականին։ Ճիշտ է, այս ընթացքում Սու-30-ը կատարելագործվել է, սակայն նույն կերպ կարող են կատարելագործվել նաև այլ զինատեսակներ, եթե դրանց անհրաժեշտությունը կա:

Ավելին, ՀՀ ԶՈւ հրետանային լավագույն միջոցները՝ «Սմերչները», որոնցով հպարտանում ենք, 80-ականների զինատեսակներ են: Փաշինյանի իշխանության ժամանակ գնվեցին «Օսա-ԱԿ» հակաօդային պաշտպանության համալիրներ. այս մոդելի բոլոր համալիրներն արտադրվել են դեռևս մինչև 1980 թվականը, «Տոր» զենիթահրթիռային համալիրը ևս 80-ականների է: Մեր սպառազինությունը, զենքերը նույնիսկ 70-ականների, 60-ականների և 50-ականների են: Եվ այս «մերժված» զինատեսակները մեծ դերակատարում են ունեցել վերջին պատերազմում:

Ինչ վերաբերում է սպառազինության նոր կամ հին լինելու և Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու կապին, ապա տարօրինակ է, եթե չասենք՝ զավեշտալի, որ 80-ականների զենքերը վախեցրել և զսպել են Ադրբեջանին, իսկ փաշինյանական «2020-ի» զենքերը՝ ոչ:

Երկրորդ՝ պատերազմը զսպելու կամ պատերազմ սկսելու մի քանի կարևոր գործոն կա՝ տնտեսություն, բանակի մարտունակություն, ռեսուրս, դաշնակից երկրների հետ հարաբերություններ, ներքաղաքական վիճակ, հասարակության տրամադրվածություն և այլն, և այս գործոննների բացասական ցուցիչը ստիպում է հակառակորդին պատերազմ սկսել, հատկապես, երբ դրանք իր դեպքում բարձր մակարդակում են, ինչը տեղի ունեցավ մեր դեպքում: Եվ այս դեպքում Ադրբեջանի ախորժակը չի կարող զսպել իշխանության լեգիտիմությունը, ավելի ճիշտ՝ լեգալ լինելը, և ոչ էլ ժողովրդի իշխանությունը:

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31