Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունների «կերտած» անտարբեր իրականությանը զուգահեռ մեկ այլ իրականություն կա` Եռաբլուրը․ «Ազգ»

Մայիս 08,2021 09:35

Պատերազմից հետո կյանք կա՞. կա՛: ԱԺ-ում իշխանության ներկայացուցիչները հումոր են անում, քահ-քահ ծիծաղում` Փաշինյանի առանձնակի մասնակցությամբ, հետո նույն Փաշինյանը կառավարության նիստերին կարող է հումորներ անել:

Չէ, չենք ասում` հումոր, կատակ չի կարելի անել, չենք ասում` ժպտալ-ծիծաղելը, բարձր տրամադրություն ունենալն արգելվում է, մանավանդ որ իշխանական օղակներից ներքին հրահանգ է իջեցվել, որ պետական հաստատություններում պատերազմից, Արցախից, կապիտուլյացիայից, Սյունիքից առհասարակ չխոսվի: Բայց ծայրահեղ, աննախադեպ ողբերգական այս իրավիճակում ԱԺ-ի ամբիոնից հումոր անելն ու հռհռալն առնվազն անբարոյականություն է:

Իշխանությունների «կերտած» անտարբեր իրականությանը զուգահեռ մեկ այլ իրականություն` Եռաբլուրը: Հայաստանի իշխանությունը գրավածների միակ ու վերջին այցը Եռաբլուր բոլորս ենք հիշում` Եռաբլուրի նվաճումը, Եռաբլուրի զավթումը, Եռաբլուրի օկուպացիան:

Այն ժամանակ փոքրիկ շիրմաքարերը մահարձաններ էին հիշեցնում, այն ժամանակ տղաների անուն-ազգանունները, ծննդյան-մահվան տարեթվերը խորն էին խոցում, բաց վերքի վրա աղ լցնում, մրմռացնում: Հիմա էլ է վերքն արնածոր, վերքը երբեք չի սպիանալու, որովհետեւ իշխանությունների հռհռոցները բարձր են զրնգում հերոսացած տղաների հարազատների ականջներում: Զուգահեռ իրականության մեջ` ասես այլ մոլորակում, հերոսացած տղաների հարազատները հայերեն ողբ են ասում իրենց զավակների շիրիմներին, այն նույն հայերենով, որով հումոր են անում ու հռհռում Փաշինյնաը, Ալեն Սիմոնյանն ու Արարատ Միրզոյանը:

Եռաբլուրը միավորել է բախտակից ծնողներին, նրանց միջավայրը, շրջապատը փոխվել է. որդի, ամուսին, եղբայր, հայր կորցնելու ողբերգությունը նրանց սրտերն ու հոգիները նույնացրել է, հարազատ դարձրել: Նրանք մեկը մյուսի որդու, եղբոր, հոր, ամուսնու ծննդյան տարեդարձերը նշում են Եռաբլուրում, միմյանց ձեռք սեղմում, միմյանց ուս գրկում, կարոտի հոգոցներն իրար խառնում:

Մոլորակի պատմության մեջ կյանքն ու մահն այս աստիճան սերտաճած, ընդելուզված չեն եղել, որքան հայ իրականության մեջ` Եռաբլուրում:

Եռաբլուրում տղերքի տարեդարձերն են նշում: Ամեն օր` տասնյակ տարեդարձեր: Ո՛չ համաշխարհային գրականությունն ունի բառային համապատասխան արտահայտչամիջոցներ, ո՛չ համաշխարհային կինոյում կան էկրանային այսօրինակ պատկերներ, որ համեմատելի լինեն Եռաբլուրի տեսարանների նկարագրության հետ:

Ես տեսել եմ որդու շիրմի մոտ նստած, որդու հետ հանգիստ զրուցող, իր մտքերն ու կարծիքը որդու հետ կիսող հոր կերպարանքը, տեսել եմ եղբոր շիրիմը ծաղիկներով զարդարող, աղոթք մրմնջացող քրոջ` արցունքից խամրած աչքերը, տեսել եմ կոնֆետի մի հատիկն իր բերանը գցող, մյուսը` հոր շիրմին դնող երեխայի անմեղ ժպիտը, տեսել եմ ձեռքի ափը որդու շիրմաքարի սուր անկյանը քսող ու ձեռքն արյունոտող մոր հեծեծանքը, բայց ցավի զգացողությունը, ողբը, սուգը հետզհետե այլ փուլ է թեւակոխում: Դա համակերպվելու, կատարվածի հետ հաշտ ապրելու, մեղավորին ներելու փուլ չէ. այդ փուլը երբեք չի գալու:

Դա դպրոցական նստարանից պատերազմ գնացած, մանկությանը դեռ հրաժեշտ չտված, իր ներսի չարաճճի մանկանը մի ակնթարթում սպանած ու թուրք վարձկանի դեմ առնական զինվոր դարձած, կյանքի համը դեռ չզգացած, աղջկա ձեռք դեռ չբռնած, մի կարգին շոր ու կոշիկ չմաշեցրած սերնդի չապրածը, չտեսածն ու չզգացածը լրացնելու մեծ ցանկությունն է, որ ցավն ընդգծում է աննկարագրելի դրամատիզմով ու տրագեդիայով:

 

ՆԱԻՐ ՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31