«Եթե ուզեինք, 2018-ին կարող էինք բռնապետություն ստեղծել, որ այստեղ և այստեղից դուրս խոսողները շնչելուց և արտաշնչելուց առաջ թույլտվություն խնդրեին և 3 անգամ խոնարհվեին»,- Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Այս հայտարարությունը նա ներկայացրել է՝ որպես մեծահոգության, բարի կամքի դրսևորում, ինչի համար, ըստ նրա, հասարակությունը երևի պետք է շնորհակալություն հայտնի։ Իրականում, սակայն, Նիկոլ Փաշինյանն այդ հայտարարությամբ բացահայտել է իր թաքնված ծրագրերն ու նպատակներն իշխանության ապագա բնույթի վերաբերյալ։
Հոգեբանական մի շարք տեսություններ նման վարքագիծը բնորոշում են որպես պաշտպանական մեխանիզմների դրսևորում, երբ անձը՝ ժխտողական կերպով ներկայացնում է գիտակցության ու ենթագիտակցության մեջ թաքնված մղումները։ Օրինակ, գողության հակում ունեցող մեկը ցանկացած առիթի դեպքում պնդում է, որ ինքը որևէ պարագայում գողություն չի կատարի։
Բռնապետության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, շատ մեծ հավանականությամբ, հենց վերը նկարագրված պարագաներից է։ Թե վերբալ արտահայտչամիջոցներով թաքնված մղումների արտահայտման կոնկրետ ո՞ր դեպքի հետ գործ ունենք տվյալ պարագայում՝ մասնագետների պարզաբանման խնդիր է։ Իսկ հասարակության խնդիրն այն է, որ այս հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանն արտահայտել է իշխանության մասին իր պատկերացումն ու իրական ցանկությունը։
Նա անհաջող կերպով փորձում է թաքցնել, որ ցանկանում է Հայաստանում հաստատել այնպիսի բռնապետություն, որի պայմաններում բոլորն իրենից թույլտվություն կխնդրեն ու 3 անգամ կխոնարհվեն։
Կարդացեք նաև
Առաջիկա ընտրություններում բոլոր հնարավոր միջոցներով իր իշխանությունը պահպանելու դեպքում Նիկոլ Փաշինյանը գնալու է հենց այդ՝ բռնապետության հաստատման ճանապարհով։
Բռնապետության նկատմամբ Նիկոլ Փաշինյանի հակումը մեծապես պայմանավորված է նրա որակներով ու անձնական տեսակով․ մեծամտություն, մեծամոլականություն, անհանդուրժողականություն այլակարծության հանդեպ, սեփական թիմը լավագույն դեպքում՝ իրեն հավասարներով, իսկ հիմնականում՝ իրենից ցածր որակներ ունեցողներով կառուցելու իրողություն, իշխանության անհագ ցանկություն ու մտասևեռուն կախվածություն իշխանությունից․․․
Նիկոլ Փաշինյանը գրեթե ամբողջությամբ կրում է բռնապետին բնորոշ այս և բազմաթիվ այլ որակներ։ Այսինքն՝ որպես անձ նա լիովին համապատասխանում է բռնապետի անհատական չափանիշներին և հնարավորության դեպքում առիթը բաց չի թողնելու բռնապետություն հաստատելու համար։ Հատկապես, որ նման ծանրակշիռ առիթ կա, և դա պայմանավորված է արդեն ոչ թե ներքին, այլ արտաքին քաղաքական իրողություններով։
Հայաստանը Եվրասիական Միության անդամ է, կառույց, որն իրականում բռնապետների ակումբ է։ Հայաստանն այդ ակումբում բացառություն է՝ իր՝ ԵԱՏՄ անդամների տեսանկյունից՝ «ժողովրդավարական թիթիզություններով»։ Ահա ուրեմն, Նիկոլ Փաշինյանը հայտ է ներկայացնում վերացնելու այդ «ժողովրդավարական թիթիզությունները» և դառնալու ԵԱՏՄ-ական բռնապետների ակումբի լիիրավ անդամ։
Գառնիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այս համարում