Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մարդկանց թմբիրից կարող էր հանել միայն մեկ դաշինք՝ ընդմեջ հանրապետության նախկին երեք նախագահների․ «Ազգ»

Մայիս 08,2021 09:15

Ընկերներիցս մեկը օրերս իր տուն այցելած փականագործին հարց է տվել, թե առաջիկա ընտրություններում ո՞ւմ օգտին է քվեարկելու: «Իհարկե, մեր շաշին, ասել է փականագործը, էլ ուրիշ ո՞վ կա որ»:

Շաշ, այսինքն գիժ, խելապակաս: Հասարակ մարդը գիտի, որ իր ղեկավարը գիժ է, խենթ է, բայց թողնում է, որ նա՛ շարունակի ղեկավարել իրեն: Չգիտեմ մեր հասարակագետները ինչպե՞ս կբացատրեն այս երեւույթը, այս անոմալիան, սակայն ինքս կարծում եմ, որ դա վկայում է մեր ժողովրդի մի մասի մոտ ողջախոհության ամբողջական բացակայության մասին: Փաստում է մեր ժողովրդի մի մասի ուղեղում դաջված՝ այսուհետեւ փոփոխության անհնարինության կամ, առավել եւս վատ, այսքան կորուստներից հետո փոփոխության անհրաժեշտությունը չըմբռնելու կամ դրա կարիքը չզգալու մասին:

Այսուհանդերձ բնավ պետք չէ մոռանալ, որ մեր ընտրողների մեծամասնությունը, առնվազն 70 հազարի տարբերությամբ, չի մասնակցել 2018 թ.-ի ընտրություններին, այսինքն քաղաքականապես կույս է մնացել՝ չկողմնորոշվելով այսպես կոչված «հեղափոխականների» եւ «հակահեղափոխականների» միջեւ, իսկ կարեւոր մի մասն էլ՝ անտարբեր է մնացել ներքաղաքական գործընթացների նկատմամբ: Ու քանի որ մեր երկիրն արդեն, կամա թե ակամա, մտել է, ավելի ճիշտ՝ ներքաշվել է նախընտրական փուլ, որտեղ հիմնական պայքարը գնալու է գործող իշխանության եւ վերջինիս մերժողների միջեւ, պետք չէ հույս ունենալ, որ ընտրողների մասնակցությունը կլինի ավելի հոծ, ավելի զանգվածային:

Իրերի այս կացության մեջ հասարակության վրա մեծ ազդեցություն կարող էր թողնել, մարդկանց թմբիրից հանել միայն մեկ դաշինք՝ ընդմեջ հանրապետության նախկին երեք նախագահների, գումարած Արցախի նախկին երկու նախագահները: Նման դաշինքը, կոչենք այն Նախագահների խորհուրդ, զերծ՝ անձնական հավակնություններից, կարող էր սթափեցնել բոլորին, հայրենիքի ու պետության նկատմամբ պատասխանատվության գիտակցությունը խթանելու, կորցրածը ետ բերելու, վերքերը ամոքելու, ազգը կրկին միավորելու, հայրենիքի վերաշինության ու զարգացման գործին լծվելու:

Առավել՝ պետական համակարգը վերականգնելու, արտաքին հարաբերությունները վերահաստատելու, երկրի զարգացման համար ներդրումներ ապահովելու եւ անհրաժեշտ այլ գործառույթներ իրականացնելու համար բարոյական հեղինակությամբ օժտված այդ դաշինքը ասպարեզ կարող էր բացել 30-ից 50 տարեկան մեր կրթված, օժտված եւ հայրենասեր երիտասարդների առջեւ, որոնք քիչ չեն մեր երկրում, նաեւ սփյուռքում:

 

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31