Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԺԿ քարտուղար․ Ո՞նց կարելի է հանցագործների հետ ինչ-որ ճանապարհ գնալ․ «Հայկական ժամանակ»

Մայիս 08,2021 09:05

Հարցազրույց «Հայաստանի ժողովրդական կուսակցության» (ՀԺԿ) քարտուղար Գրիգոր Հարությունյանի հետ.

– Պարոն Հարությունյան, ներքաղաքական կյանքում բավական հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում: Ձեր կուսակցությունը ՀԱԿ դաշինքի կազմում մեծ ճանապարհ է անցել առաջին նախագահի հետ: Ծանո՞թ եք Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին նախաձեռնություններին՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ դաշինք կազմելու վերաբերյալ, ինչպե՞ս եք հասկացել այդ հայտարարությունները: Ինչո՞ւ եմ հարցնում, որովհետեւ ՀԱԿ ներկայացուցիչները բոլորին ասում են, որ սխալ են հասկացել առաջին նախագահի քայլը, տողատակերը չեն կարդացել:

– Ի՞նչ տողատակեր, հիմա արդեն պարզ խոսելու ժամանակն է: Ինձ համար ցավալի է, որ մենք այդպիսի փաստի առաջ ենք կանգնել, չէի սպասում. ո՞նց կարելի է հանցագործների հետ ինչ-որ ճանապարհ գնալ:

– Ասում է՝ «փաշինյանական հանցավոր եւ ազգակործան վարչախմբի վերարտադրման վտանգի կանխման եւ նորանոր աղետներից խուսափելու միակ միջոցն այս պահին հանրապետության երեք նախկին նախագահների դաշինքը կլիներ»:

– Բայց ինչի՞ ազգակործան, ես դա չեմ ընդունում, ի՞նչն է ազգակործան, երկիրը կործանել են, տվել Նիկոլին, հիմա նոր հույս է առաջացել ժողովրդի մոտ, որ մի բան պիտի փոխվի, ուզում են հե՞տ բերել նախկիններին: Ամեն ինչ պիտի արվի, որ հանցագործները հետ չգան:

– Տեր-Պետրոսյանի հայտարարությունից տպավորություն եք ստացել, որ հանցագործներին ուզում է հե՞տ բերել:

– Ես ենթադրություններ կարող եմ անել՝ ենթադրություն, որ իրենք միասին են եղել այս ընթացքում: Ի՞նչ է, մենք էլ խաբվե՞լ ենք, հետը գնացե՞լ:

– Այդպիսի տպավորությո՞ւն եք ստացել:

– Հա, բա ո՞նց կարելի է Քոչարյանին էսօր պաշտպանել: Քոչարյանի ամբողջ քաղաքականությունը թրքամետ քաղաքականություն է եղել էս տարիների ընթացքում, ամեն ինչ արել է ի վնաս Հայաստանի եւ հայ ժողովրդի: Ինքը Ղարաբաղին դուրս թողեց բանակցություններից, իրենք ոչինչ չարեցին Ղարաբաղը ուժեղացնելու համար, իրենք ոչինչ չարեցին, որ էդ թալանածը գոնե դնեին, առաջնագծում ամրություններ ստեղծեին, որ ռմբակոծության ժամանակ էդ էրեխեքը չզոհվեին: Չէ, ինչի մասին է խոսքը, էսօր ով դուրս գա Քոչարյան Ռոբերտին պաշտպանի, նա ազգի դավաճան է: Մի քանի թափթփուկ էլ մեզ մոտ կան՝ Ագարակում, Մեղրիում, իրենց բոլորին պիտի լուրջ գնահատական տրվի: Ես էսօր Փաշինյանին մեղադրում եմ նրանում, որ հեղափոխությունից հետո քաղաքական գնահատական չտվեց ՀՀԿ-ին, Քոչարյանին: Ասում է վենդետա, ի՞նչ վենդետա, դա վենդետա չէր լինի, հանցագործներին դնում են իրենց տեղը: Ժողովուրդն իր գնահատականը տվել էր, մնում էր «Իմ քայլը» հայ ժողովրդի տված քաղաքական գնահատականը վերածեր իրավական գնահատականի:

– Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ մայիսի 1-ին հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ՝ նրան առաջարկելով գոնե ՀՀԿ-ՀԱԿ ձեւաչափով գնալ ընտրությունների: Համացանցում կատակներ են անում, որ շուտով նաեւ ՔՊ-ին է առաջարկ անելու…

– Չեմ հասկանում էդ մարդուն, կորոնավիրուսը ազդեցություն է ունեցել վրան, ինչ է արել: Չեմ հաս-կա-նում: Եվ ափսոսում եմ, որ մենք էդ շարժման մեջ էինք, էդքան մարդ հավատացել էր, Մարտյան դեպքերը եղավ, էդքան մարդ իրենց կյանքը վտանգի տակ էին դրել. լրիվ անհասկանալի պահեր են:

– Պատերազմի պարտությունից հետո ճի՞շտ եք համարում Փաշինյանի մնալը որպես իշխանություն:

– Փաշինյանը չի պարտվել, պարտվել են նախկին իշխանությունները, որ ժողովրդին հասցրեցին այս վիճակին: Փաշինյանն ի՞նչ է արել: Կարող է ինչ-որ բացթողումներ ունեցել են, բայց այս պարտությունը ամբողջությամբ Փաշինյանին վերագրել սխալ է: Մանավանդ էս վերջին թվերը, փաստերը որ ներկայացրեց, ամեն ինչ ցույց էր տալիս: Պարզ է, որ ինքն էր իշխանության տվյալ պահին, բայց եթե երկիրը բերել եք, հասցրել էդ վիճակին, որ Ադրբեջանը 1-ը 10-ի հարաբերակցությամբ ուժեղացել է, էլ ի՞նչ էիք սպասում:

Բացի դրանից, առաջին շաբաթը մենք շատ լավ ենք եղել, Ադրբեջանը լուրջ կորուստներ է ունեցել: Հետո Թուրքիան մտավ խաղի մեջ եւ մեր դաշնակիցներն էլ ոչինչ չարեցին, որ կանխեին, աշխարհաքաղաքական լուրջ խնդիրներ կային: Այսինքն մեզնից կախված չէր: Այնպես որ, նորից եմ կրկնում, շատ լուրջ ուշադրություն պետք է դարձվի կեղծիքներին: Փորձեր են կատարելու զորքի վրա ազդեցություն ունենալ: Պիտի շատ լուրջ ուշադրություն դարձնեն զորամասերում, որ նախկինները այնտեղ ոչինչ չկարողանան անել: Հերիք է թավիշ անեն: Շատ խիստ պետք է լինել:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31