Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ արտաքին պարտքն այս տարի էլի է ավելանալու»

Մայիս 08,2021 13:30

Կառավարությունը պետական պարտքն այս տարվա մարտ ամսին մի փոքր թեթեւացրել է։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, մարտին պարտքը 71 միլիոն 359 հազար դոլարով նվազեցրել է։ Սակայն, ՀՀ պարտքի բեռը մնում է, այսպես ասած՝ ծանր, շատ տնտեսագետներ նույնիսկ վատ կանխատեսումներ են անում, թե՝ պարտքը գերազանցել է «Պետական պարտքի մասին օրենքով» նախատեսված առավելագույն 60%-ի շեմը, եւ այն մարելու համար նախադրյալներ գրեթե չկան։

2020 թվականի դեկտեմբերին արտաքին պարտքը կազմել է 7 միլիարդ 968 միլիոն 486 հազար դոլար, 2021-ի հունվարին՝ 8 միլիարդ 24 միլիոն 878 հազար դոլար, իսկ 2021 թվականի փետրվարին՝ 8 միլիարդ 723 միլիոն 369 հազար դոլար, այս տարվա մարտին այն կազմել է 8 միլիարդ 652 հազար 10 հազար դոլար։

Իհարկե, դասագրքային ճշմարտություն է, պետական պարտքը մարելու համար տնտեսական զարգացում է պետք, ՀՆԱ-ի աճ, բայց հետպատերազմյան եւ քաղաքական ճգնաժամային վիճակում գտնվող Հայաստանը դժվար թե այս տարի տնտեսական զարգացում ապահովի։
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը գտնում է՝ չնայած, մարտին պարտքի որոշակի մարմանը, սակայն մեր երկրի արտաքին պարտքն այս տարի էլի՛ ավելանալու է, կամ գոնե նույնն է մնալու։

Մեզ հետ զրույցում պարոն Մակարյանն ասում է՝ հիմա Հայաստանի տնտեսական վիճակը եւ ապագա կանխատեսումներն այնպիսին են, որ հավանականությունը մեծ է պարտքի ավելացման, քանի որ մենք տնտեսական աճ չենք ունենա այնքան, որ երկնիշ թվեր լինեն։ Պարոն Մակարյանը շատ համեստ աճ է կանխատեսում՝ 2-3%՝ համեմատած 2019 թվականի հետ, բայց եթե 2020- ի հետ համեմատենք, երբ տնտեսական լուրջ անկում է գրանցվել, աճի ցուցանիշը կարող է մեծ երեւա։

Պարտքի չափի վտանգավորության մասին էլ տնտեսագետն ասում է՝ շատ երկրներում պետական պարտքն ավելի բարձր է, ընդհուպ մինչեւ 90 եւ ավել տոկոս, բայց այդ պետություններն իրենց մարման երաշխավորությունները կարող են ապահովել. «Հայաստանը երաշխավորության խնդիրն ունի, այն բացակայում է, որովհետեւ, եթե մենք դեռ գտնվենք ռիսկերի մեջ, չկարողանանք սոցիալական խնդիրները լուծել, տնտեսությունը զարգացնել, հանկարծ նորից կոնֆլիկտների մեջ հայտնվենք, այդ թվում՝ ռազմական, եւ այլն, իհարկե, պարտքը կավելանա։

Իսկ եթե չավելանա էլ, ապա մարելու հնարավորություն չի լինի։ Այդ դեպքում պետությունը կունենա գումարային դեֆիցիտ, եւ չի կարողանա այլ կարեւոր խնդիրներ լուծել։ Օրինակ՝ փող է պետք, իսկ տնտեսությամբ չի ստեղծում դա, դրսից էլ չի ուզում վերցնել կամ չեն տալիս, ապա այդ գումարի դեֆիցիտը պետք է վերացնի սոցիալական լարվածություններով, աշխատավարձ չվաճարի կամ այլ խնդիրների լուծումը հետաձգի, պիտի փորձի ինչ-որ տեղից գումարը կտրել, կամ էլ պիտի գնա հարկերի ավելացման ռեժիմով, որը տնտեսության վրա նոր բեռ կառաջացնի, գործարար միջավայրը կբարդանա, ու տնտեսվարողները կգտնվեն դժվարին վիճակում՝ որքան էլ այդ շրջանը կարճ լինի։ Մի խոսքով՝ ծանր վիճակ է»։

Ընդ որում, պարոն Մակարյանն այս տարին, այսպես ասած՝ կորած տարի է համարում. նշում է՝ առաջիկայում արտահերթ ընտրություններ են, լավագույն դեպքում հուլիսին նոր կառավարություն կձեւավորվի, հետո այդ կառավարությունը նոր ծրագիր պետք է ներկայացնի, կառավարության հարյուր օրը կանցնի ու կհասնենք աշնան կեսերին, ու տարին լավ ցուցանիշով դժվար թե փակվի։

Տնտեսագետի կարծիքով՝ տնտեսության զարգացման համար ստանդարտ մոդելները չեն աշխատի, պետք է գնալ բացառիկ մոտեցումներով։
«Պրոֆեսիոնալ կառավարություն եւ պրոֆեսիոնալ խորհրդարան է պետք։ Այն պատրանքները, թե կոռուպցիայի դեմ պայքարը բավարար է, որ տնտեսության արագ զարգացում լինի կամ շատ ներդրողներ կգան, ժամանակն ապացուցեց, որ դա բավարար չէր։ Ներդրողների համար կային այլ խոչընդոտներ, բիզնեսը չի կարողանում կաշառք տալով առաջ գնալ, պատին է դեմ տալիս, որովհետեւ օրենքներն ու միջավայրը, թույլտվությունները խոչընդոտ են նրանց համար։ Մի փաստաթուղթ մտնում է, ու ամիսներով շրջանառվում է, մինչեւ բոլոր գերատեսչություններից պատասխան են ստանում։ Այս բյուրոկրատական քաշքշուկները պետք է վերացնեն, երեք օրում կարելի է նման հարցերը լուծել»,-նշում է տնտեսագետը:

Երեկ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը ցուցանիշներ է ներկայացրել. «2020 թվականի օգոստոսին պատմական մինիմում է եղել՝ 69,4 միլիարդ դրամ, սա շատ կարեւոր է։ 2018 -ին 276 միլիարդ դրամ է եղել ԱՀՀ-ի գծով պարտքը, երկու տարվա ընթացքում մենք 200 միլիարդ վերադարձրել ենք բիզնեսին»։

Այս առնչությամբ պարոն Մակարյանը հիշեցրեց՝ ավելացված արժեքի հարկի՝ ԱԱՀ-ի վերադարձը գործում է արտահանման դեպքում, արտահանման ծավալների նվազում ունենք, հետեւաբար, պայմանականորեն նվազում է այն պարտքի չափաբաժինը, որը պետությունը պետք է վերադարձնի. «Իհարկե, ողջունելի է, որ ԱԱՀ-ն վերադարձնում են, նախկինում ամիսներով, տարիներով չէին վերադարձնում, նույնիսկ վերադարձի համար հաճախ լրացուցիչ ստուգումներ էին անում, ապացուցեին եւ այլն։ Բայց այսօր բիզնեսը գտնվում է իր իներցիայի մեջ, նրան պետք է անընդհատ օգնել, էներգիա տալ՝ տարբեր բարեփոխումների եւ ծրագրերի միջոցով։ «Doing business»-ով բիզնեսի համար մոտ ինը խոչընդոտ կա, որը ոչ միայն այս տարիներին չեն լուծել, այլեւ՝ խորացրել են։ Ուզում եմ հիշեցնել՝ որ Հայաստանի դեմ միջազգային արբիտրաժում մոտ 1,9 միլիարդ դոլարի չափով դատական գործ կա, եթե մենք պարտվենք, հետեւաբար ՀՀ պետական պարտքն ավելանալու է»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31