«Առանց բարձր լեռ բարձրանալու՝ դուք չեք իմանա երկնքի բարձրությունը: Առանց սարերի խոր կիրճի մեջ նայելու, դուք չեք իմանա երկրի հաստությունը: Առանց ձեր նախնիների պատվիրանները լսելու, դուք չեք պատկերացնի նրանց գիտունության մեծությունը»,-մ.թ. 300 տարի առաջ ասել է չինացի մտածող Սյուն Ցզին:
Ազգային հպարտության զգացում ես ապրում, երբ տեսնում ես, թե հայ ժողովուրդը ինչպես է ամեն տարի ապրիլի 24-ին կազմակերպված, վաղ առավոտից մինչ ուշ երեկո այցելում Ծիծեռնակաբերդ՝ իր հարգանքի տուրքը մատուցելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Ա. Ս. Պուշկինն է գրել, որ. «Նախնիների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը անբարոյականության առաջին նշանն է»: Անշուշտ, առանց անցյալը իմանալու՝ չես կարող սիրել ներկան, մտածել ապագայի մասին: Իսկ նրանք, ովքեր հետ չեն նայում, չեն կարող առաջ նայել: Չէ՞ որ ներկան եւ ապագան հիմնված են անցյալի վրա: Սակայն ծայրահեղություն է անընդհատ ապրել անցյալով եւ նույնքան ծայրահեղություն՝ ամբողջությամբ ժխտել անցյալը: Պարզապես պետք է վերցնել անցյալի լավը եւ մերժել վատը:
Ցավոք, չի կարելի չնկատել, որ մենք՝ հայերս, չափից ավելի անցյալապաշտ ժողովուրդ ենք, ապրում ենք անցյալի կարոտախտով: Անցյալը անընդհատ հետապնդում է մեզ եւ չգիտես ինչու՝ չենք կարողանում ձերբազատվել անցյալի գերությունից: Չգիտես ինչու, մեր եւ մեր երկրի մասին խոսելիս օտարին ներկայանում ենք անցյալով, մեր ժողովրդին գնահատում ենք ացյալով, հպարտանում ենք ացյալով, արժեւորում ու գնահատում ենք երեւույթների, իրադարձությունների ու մարդկանց անցյալը, իսկ ներկայի դրականը, լավը չենք նկատում: Չգիտես ինչու, մեր անհաջողություններն էլ մշտապես վերագրում ենք անցյալին: Տարեկան էլ մի քանի անգամ մեծ շուքով ու բազմամարդ մեռելոցներ ենք կազմակերպում: Զարմանալի ու անհասկանալի ժողովուրդ ենք մենք: «Գնա մեռի, արի սիրեմ» արտահայտությունը կարծես թե մեզ համար է ասված: Մենք ամեն ինչ կորցնելուց հետո ենք գնահատում, արժեւորում ու մեծարում:
Անդրանիկ զորավարը, ով անգնահատելի ավանդ ունի Հայաստանի պաշտպանության եւ այսօրվա գոյության համար, խռոված հեռացավ իր երկրից ու ժողովրդից, ում մահվանից հետո միայն սկսեցինք գնահատել ու մեծարել: Կարեն Դեմիրճյանի նման բացառիկ պետական գործչին սուլոցներով պարտադրեցինք հեռանալ, իսկ մի քանի տարի անց հետ բերեցինք մեծ ոգեւորությամբ: 1998թ. հրաժարական պարտադրեցինք Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ 2008թ. էլ փորձեցինք հետ բերել: 2018թ. ժողովրդի մի զգալի մասը պահանջում էր բանտ նստեցնել Ռոբերտ Քոչարյանին, իսկ հիմա էլ այդ նույն ժողովուրդը երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար իրավացիորեն հույսեր է կապում նույն Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հետ: Սակայն մեզ համար կարող է չափազանց ծանր լինել անցյալը մեզ հետ ամենուր տանելու համար: Երբեմն պետք է մոռանալ անցյալի մասին՝ հանուն ապագայի:
Կարդացեք նաև
«Նա, ով չի հիշում իր անցյալը, դատապարտված է այն վերապրելու նորից»,-գրել է 20-րդ դարի ամերիկացի փիլիսոփա Ջորջ Սանտանան: Այս տեսակետից մենք բացառություն ենք, որ անցյալը հիշելով դասեր չենք քաղում անցյալից: Այս երեւույթը հոգեբանների համար նաեւ շատ լավ հետազոտության առարկա կարող է դառնալ: Անցյալը պետք է հիշել, բայց անցյալով չի կարելի ապրել: Անցյալին հետապնդելը անշնորհակալ գործ է, անցյալը միշտ փորձում է խանգարել ներկային: Անցյալը միակ բանն է, որ մերն է, եւ այն մենք երբեք չենք կորցնի: Անցյալը մնում է հիշողությունների մեջ, իսկ ապագան գոյություն ունի երազներում: Մենք նախ եւ առաջ պետք է ապրենք այսօրվա համար՝ ներկայով, մինչդեռ անտարբեր ու անլուրջ ենք վերաբերվում ներկայի ու ապագայի հանդեպ: 106 տարի առաջվա ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար մեզանից մի քանի հարյուր հազարավորներն են այցելում Ծիծեռնակաբերդ, բայց այսօր հայրենիքի, պետականության կորուստը եւ ցեղասպանությունը կանխելու համար նրանց տասը տոկոսն անգամ դուրս չի գալիս փողոց:
Ստացվում է, որ մեռածներին ավելի շատ ենք սիրում, քան ողջերին ու դեռ ծնվողներին: Թե չէ ինչպես բացատրել, որ այսքան անտարբեր ենք մեր ներկայի ու ապագայի հանդեպ: Կասկած չունեմ նաեւ, որ մեր հայրենակիցների մի փոքր մասն է միայն այցելել Եռաբլուր՝ ընդամենը մի քանի ամիս առաջ զոհված հերոսների շիրիմներին: Մենք զարմանալիորեն ոչ միայն անտարբեր ենք հնարավոր նոր ցեղասպանության ու հայրենիքի կորստի նկատմամբ, այլեւ անցյալից դասեր չքաղելով՝ նույնիսկ սիրախաղ ենք տալիս մեզ մորթողների հետ, այդպես էլ չհասկանալով, որ Թուրքիայի մտադրությունները երբեք չեն փոխվելու: Մենք կորցրեցինք Արցախի մեծ մասը, վտանգված է Սյունիքն ու Հայաստանի պետականությունը, բայց այդպես էլ չենք սթափվում, մեզ կարծես մոլորեցրել ու խելքահան են արել: Եթե հիմա եզրակացություն չանենք, վաղը ուշ է լինելու, մենք այլեւս երբեք չենք կարողանալու կորցրածը հետ բերել:
Սթափվել եւ լրջանալ է պետք, այս կերպ մենք գնում ենք ինքնաոչնչացման ճանապարհով: Այս մի կտոր հողը համայն հայության հայրենիքն է, մենք բոլորս նույն նավի մեջ ենք եւ այն խորտակվելու դեպքում միասին ենք կործանվելու: Մենք պետք է սկզբունքային գնահատական տանք անցյալին, բայց երբեք չպետք է շատ փորփրենք անցյալը: Որպեսզի ամեն ինչ նոր էջից սկսենք, առաջ գնանք եւ երբեւէ չկրկնենք անցյալի մեր սխալները, մեզ պետք է բաժանվել անցյալից, ազատվել նրա սխալներից ու գերությունից: Պետք է գիտակցենք, որ վերադարձի ճանապարհ չկա, կա միայն առաջ շարժում: Պարզապես չի կարելի անցյալով այսքան երկար ապրել: 20-րդ դարի ամերիկացի նշանավոր գրող Ստիվեն Քինգը գտնում է, որ. «Ապագայից կարելի է փախչել միայն մեկ տեղ՝ անցյալ», իսկ անցյալը մեզ չի կարող առաջընթաց խոստանալ: Որպեսզի խուսափենք անցյալի կրկնությունից, իրավականից բացի, կարծում եմ, պետք է տրվեն նաեւ նախկինների քաղաքական, բարոյական ու պատմական գնահատականը: Եթե չտրվեն անցյալին օբյեկտիվ գնահատականներ, ապա դրանց չկրկնվելու ոչ մի երաշխիք չենք ունենա: «Կարոտով մի նայեք անցյալին: Այն երբեք չի վերադառնալու: Խելամտորեն օգտագործեք ներկան: Դա ձերն է: Առանց վախի եւ համարձակ սրտով գնացեք առաջ՝ դեպի մշուշոտ ապագա»,- գրել է 19-րդ դարի ամերիկացի պոետ Հենրի Լոնգֆելլոն:
Անցյալապաշտության, հայրենիքի ու պետականության ներկայի ու ապագայի նկատմամբ անտարբերությունը եւ այլ նմանատիպ երեւույթներն ու դրսեւորումները, որ գոյություն ունեն դեռեւս Խորենացու ժամանակներից, հայի խեղաթյուրված արժեհամակարգի ու բարոյական խորը ճգնաժամի համատեքստում պետք է դիտարկել, ինչով եւ հիմնականում պայմանավորված են մեր դժբախտություններն ու կորուստները: Եթե մենք այս հարցում եզրակացություններ եւ հրատապ ու վճռական քայլեր չանենք եւ միջոցներ չձեռնարկենք, ապա ոչ հեռու ապագայում կանգնելու ենք հայրենիքի ու պետականության կորստի ռեալ սպառնալիքի առջեւ:
Այդ նպատակով անհրաժեշտ եմ համարում ձեւավորել հեղինակավոր եկեղեցականներից, հոգեբաններից, ազգագրագետներից, մարդաբաններից, փիլիսոփաներից, պատմաբաններից եւ այլ ոլորտների գիտնականներից կազմված աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի եւ վերլուծությունների արդյունքում կբացահայտի հայի արժեհամակարգում առկա արատներն ու դրանց ծագումնաբանական, պատմական, տնտեսական, քաղաքական ու սոցիալ-հոգեբանական հիմքերը: Աշխատանքային խմբի զեկույցի արդյունքում անհրաժեշտ կլինի ընդունել համազգային համապարփակ ծրագիր՝ ուղղված մեր արժեհամակարգի ու բարոյահոգեբանական միջավայրի առողջացմանը:
Ծրագիրը պետք է ներառի կառավարության, կուսակցությունների, գիտակրթական, մշակույթի ոլորտների, եկեղեցու եւ առաջին հերթին ընտանիքի խնդիրները, դերն ու գործառույթները նոր արժեհամակարգի ձեւավորման եւ հային իր երբեմնի ազնվական արմատներին վերադարձման գործում: Անհրաժեշտ է երկրում ձեւավորել այնպիսի միջավայր, որտեղ կգերիշխեն արդարությունը, սերը, համերաշխությունը եւ բարյացակամությունը, որտեղ քաղաքացին կլինի իր երկրի տերը, կզգա իրեն արժանապատիվ ու պաշտպանված եւ յուրահատուկ վերաբերմունք կլինեն պետության, եկեղեցու, տարեցների, ուսուցիչների, ազգի մեծերի, ազգային արժեքների ու սովորույթների, հայրերի ու մայրերի նկատմամբ: Այդ նպատակով անհրաժեշտ է ձեռնարկել անհետաձգելի միջոցառումներ՝ հասարակության շրջանում ըստ ամենայնի բարձրացնել ուսուցիչների եւ դասախոսների երբեմնի հեղինակությունը եւ պատասխանատվությունը երեխաների ու ուսանողների դաստիարակության ու կրթման, ինչպես նաեւ նոր արժեհամակարգի ձեւավորման եւ ազգային սովորույթների ու արժեքների փոխանցման ու պահպանման գործում: Գտնում եմ նպատակահարմար՝ դպրոցների բարձր դասարաններում մտցնել «Ազգային արժեհամակարգ» առարկա, որի նպատակը կլինի վերադարձը հայի ազնվագուն տեսակին ու մարդկային բարձր որակներ կրող սերնդի դաստիարակությունը:
Դասավանդման ընթացքում կարելի է անդրադառնալ հայի արմատներին ու ծագումնաբանությանը, ազգային ավանդույթներին ու վարվելակերպի նորմերին, հայկական մշակույթին, լեզվին, կրոնին, հայ ժողովրդի հերոսական դրվագներին, հերոսների ու հայ մեծերի կյանքին ու գործունեությանը, հայրենիքի եւ պետականության, որպես գերագույն արժեքի՝ դերին, պատմության ընթացքում մեր թույլ տված սխալներին, կորուստներին ու ունեցած անհաջողությունների պատճառներին, հայի մասին օտարների արտահայտած կարծիքներին, մեր ազգային հավաքական կերպարին, դրանցում առկա թերություններին եւ արատներին: Որպես կանոն, կենսունակ եւ հզոր են այն պետությունները, որտեղ քաղաքացիները կրողն են բարձր բարոյական արժեքների, ավանդապաշտ են եւ կազմակերպված: Այս ամենի համար անշուշտ պահանջվում են մեծ ջանքեր եւ ժամանակ, սակայն մենք այլ ճանապարհ պարզապես չունենք, եթե ուզում ենք գոյատեւել եւ աշխարհին ներկայանալ որպես արժանապատիվ ազգ: Հակառակ դեպքում կմնանք հետամնացների ու աղքատների շարքում եւ երկիրը կշարունակեն կառավարել ամբոխն ու փողոցը:
Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ
Տնտեսագիտության թեկնածու
«Առավոտ» օրաթերթ
07.05.2021