Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆեյքերին հետաքրքրում է՝ ինչքան գումար եմ մուծել մրցույթին մասնակցելու համար եւ ինչ արժեր հաղթանակը»

Մայիս 08,2021 12:00

Հարցազրույց «Россия-1» հեռուստաալիքի «Ну-ка, все вместе!» շոուի հաղթող, երգչուհի Սյուզաննա Մելքոնյանի հետ

– Աշխարհի բազմաթիվ երկրներում հեռարձակվող «Ну-ка, все вместе!» շոուի երկրորդ եթերաշրջանը մեծ հետաքրքրություն էր առաջացրել հայերիս շրջանում, քանի որ բացի ձեզնից, մասնակցում էին մեր 4 հայրենակիցները Սոչիից՝ Արփի Աբգարյանը, Մարգարիտ Բաղդասարյանը, Անահիտ Ադամյանը, Գարիկ Զաբելյանը։ «Առավոտը» միտումնավոր մոտ երկու շաբաթ հետաձգեց ձեզ հետ հանդիպումը, որպեսզի դուք ֆիզիկապես, հոգեպես լարված վիճակը փոքրիշատե թոթափեիք։ Ձեր մեկնաբանմամբ մինչ եզրափակիչ հասնելը Roxette խմբի «It Must Have Been Love» հանրահայտ երգի եւ հեռուստամրցույթի վերջին օրը, երբ որոշվում էր, թե ընտրված եռյակից ով է հաղթելու, Սելին Դիոնի երգացանկից «I Surrender» ստեղծագործության կատարումները փաստորեն ցնցեցին ժյուրիի հարյուր անդամներից 99-ին։ Ոտքի չկանգնեց եւ «չցնցվեց» ժյուրիի անդամ՝ երգչուհի Սաշան… Գուցե մրցութային օրերին կուլիսներում ինչ-որ բա՞ն է եղել ձեր միջեւ։

– Բացարձակ։ Մենք նույնիսկ չենք էլ շփվել, բառ փոխանակել։ Իսկ կուլիսներում շփվել եմ ժյուրիի որոշ անդամների հետ, այդ թվում՝ նախագահ Սերգեյ Լազարեւի, շոուն վարող Նիկոլայ Բասկովի եւ էլի մեկ-երկուսի հետ։ Ես նորմալ եմ համարում երգչուհի Սաշայի նման վերաբերմունքը կամ պահվածքը։ Իսկ ո՞վ է ասում, որ ձեր որակմամբ՝ բոլորը պետք է ցնցվեին։ Շփումս հաճախակի էր Սերգեյ Լազարեւի հետ, որը մասնագիտական տեսանկյունից, համենայնդեպս, ինձ վրա, չափից ավելի օբյեկտիվ մարդու տպավորություն թողեց։ Մինչ մրցույթն էլ լրատվամիջոցներից ինձ համար պարզ էր, որ ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցիչը երբեւէ տանել չի կարողացել անարդարությունը։

– Ռուսաստանյան ԶԼՄ-ներից տեղեկացանք, որ դուք 28 տարեկան եք։ Հետաքրքիր է՝ մինչ այս մրցույթը ձեզ մեր կոմպոզիտորներից կամ երգահաններից որեւէ մեկը չի՞ նկատել, մանավանդ որ մասնակցել եք հայաստանյան մեկ-երկու հեռուստամրցույթների։

– 16 տարեկան էի, երբ «Շանթ» TV-ում առաջին անգամ մասնակցեցի «Հայ սուպերսթար» նախագծին, որին հաջորդեց «X ֆակտորը», մասնակցել եմ նաեւ «Դեպի Եվրատեսիլ» հեռուստամրցույթին եւ այլն։ Բայց թվարկածս բոլոր նախագծերում եղել եմ ֆինալիստ։ Կոմպոզիտորներից կամ երգահաններից ոչ ոք առայսօր ինձ չի նկատել։

– Իսկ ո՞ր կոմպոզիտորի հետ կուզեիք համագործակցել։

– Դեռ մտածում եմ…

– Սպասում եք որեւէ կոմպոզիտոր ի՞նքն առաջարկ անի։

– Ոչ։ Առաջարկով կարող եմ ես հանդես գալ։

– Կոմպոզիտորի կամ ձեր կողմից առաջարկ մի օր կլինի, բայց չի բացառվում, որ ձեր ստեղծագործական կյանքում հայտնվի պրոդյուսեր։

– Եթե գրագետ մասնագետի մասին է խոսքը՝ թող հայտնվի։ Բայց դուք էլ հիանալի գիտեք, որ հայաստանյան շոու-բիզնեսն ինչ վիճակում է։ Իսկ մեր պրոդյուսերական դպրոցը միանշանակ զիջում է արտասահմանյանին, ասենք՝ հենց ռուսականին։

– Ռուսական ԶԼՄ-ներից նաեւ տեղեկացանք, որ ամուսնացած չեք, գուցե ձեր ապագա կողակիցը հենց պրոդյուսե՞ր լինի։

– Չեմ բացառում։ Եթե այդպես լինի՝ ավելի լավ, բայց հազվադեպ է պատահում, որ երկու երնեկ մի տեղ լինի… Ինչ վերաբերում է կողակցին, այո, դեռ չունեմ։ Գուցե պաթետիկ հնչի, բայց կուզեի, որ նա թույլ տար ճախրեի հոգեւոր ճամփաներում։ Անկեղծ ասեմ՝ ես մի խենթ աղջիկ եմ, որն իր նման խենթի է փնտրում։

– Մեր՝ թեկուզ չկայացած շոու-բիզնեսում կան գրված եւ չգրված օրենքներ։ Դուք պատրաստ եք ինչ-ինչ քայլերի…

– Միանշանակ ոչ… Սյուզաննան ունի կոկորդ եւ հոգի։ Ես ուժեղ մարդ եմ…

– Ցանկացած ուժեղ մարդ իր ներսում խոցելի է։

– Կենթարկվեմ ցանկացած օրենքի, եթե այն անհրաժեշտ է մասնագիտական տեսանկյունից։ Մի բան էլ ասեմ, բայց թույլ տվեք չմանրամասնեմ. իմ ներսում երկու մարդ է, երկու ուժեղ մարդ։ Տեսեք՝ մեկ տարի առանց գովազդելու, լուռումունջ պատրաստվել եմ ռուսաստանյան այդ մրցույթին։ Առանց համեստության ասեմ, որ մեկնել էի Մոսկվա՝ կասկածամիտ Սյուզաննային «փաթեթավորելով» ու թողնելով Երեւանում։ Մի բան էլ. պատրաստվելու ժամանակաշրջանն էր նույնիսկ դաժան, մի կողմից կորոնավիրուսը, որով վարակվել էի, մյուս կողմից՝ պատերազմը… Ներսս տակնուվրա էր եղած։

– Մրցույթից հետո միայն ականջահաճո՞ արտահայտություններ եք լսել։

– Թեեւ էներգիաս ու ժամանակս չեմ վատնում ֆեյք էջերի վրա, բայց ինձ տեղեկացնում են, որ ֆեյքերին հետաքրքրում է ընդամենը երկու բան՝ ինչքան գումար եմ մուծել մրցույթին մասնակցելու համար եւ ինչ արժեր հաղթանակը։ Հաճախ էլ նրանք, մեղմ ասած, կշտամբում են, թե ինչու գոնե մեկ հայկական երգ չեմ կատարել։ Այդ հետաքրքրությանը պատասխանեմ՝ մրցույթի ֆորմատը թույլ չի տալիս։

– Գիտենք, որ դուք երաժշտական մասնագիտական կթություն չեք ստացել։

– Այո։ Ամենամոտ ժամանակներս նոր-նոր կսկսեմ ուսումնասիրել այդ ոլորտը՝ սկսած սոլֆեջիոյից։

– Գիտենք նաեւ, որ ուսանել եք Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, անվանի ռեժիսոր Երվանդ Ղազանչյանի արվեստանոցում։

– Որեւէ թատրոնում չեմ աշխատել, թեպետ ինձ մշտապես ասում էին՝ բեմը քեզ շատ է սիրում եւ որ ինձնից հիանալի կատակերգակ դերասանուհի դուրս կգա։ Երվանդ Ղազանչյանի շնորհիվ է, որ ես ամուր մարդ եմ։ Պրոֆեսորս նաեւ ինձ ներարկեց հոգի։ Եվ փաստորեն այդ հոգին ծառայեցնում եմ։ Չէ՞ որ երկուսուկես-երեք րոպե տեւողությամբ երգը փոքրիկ պիես է, ինչը անհրաժեշտ է բեմադրել եւ այդ րոպեների ընթացքում հանդիսատեսին հասցնել։

– Գիտենք, որ դուք երգում եք ռեստորանում, որտեղ պետք է պարզապես կատարեք այցելուի պատվիրած երգը՝ լինի բարձրարվեստ գործ, թե ռաբիս։

– Այո, շուրջ երկու տարի է՝ բեմ եմ բարձրանում ռեստորանում։ Հարցին պատասխանեմ հակիրճ ու պարզ. երեկոյի ընթացքում ես ապահովում եմ միայն «ֆիրմա» երգերի մասը։ Իհարկե, կան երգեր էլ, օրինակ՝ Ալեգրովայի կատարմամբ հանրահայտ ու սիրված «Ծնունդդ շնորհավոր»-ը, որը պարզապես իմը չէ։ Մշտապես հրաժարվել եմ այն կատարելուց։

– Մրցույթից հետո կշարունակե՞ք աշխատանքը ռեստորանում։

– Այո։ Այնտեղ համագործակցում եմ հիանալի բենդի հետ։ Ընդհանրապես՝ մեկը մյուսի հետ չպետք է խառնել։

– Սովորաբար որեւէ մրցույթում հաղթելուց հետո սկսվում է առաջարկների տարափ…

– Դա այդպես է։ Բայց ես ապագայի մասին խոսել չեմ սիրում։ Միայն ասեմ, որ հաջորդ տարի այդ մրցույթին կմասնակցեմ ժյուրիի անդամի կարգավիճակով։ Արդեն «Новое радио»-ում նոր երգ եմ ձայնագրել, այժմ ընթանում են մոնտաժի աշխատանքները։ Հասկանալի պատճառով պրեմիերան կլինի Մոսկվայում, հետո արդեն այստեղ։

– Դուք արդեն միլիոնատեր եք. որպես հաղթող ստացել եք 1 մլն ռուբլի։ Որտե՞ղ եք այն վատնելու։

– Որ կվատնվի՝ հաստատ։ Բայց դեռ հստակ չեմ կողմնորոշվել։

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Լուսանկարը՝ Մելս Դանիելյանի

«Առավոտ» օրաթերթ
07.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31