Այսօր Գյումրու թիվ 2 ավագ դպրոցում, որը համարվում է քաղաքի հեղինակավոր կրթօջախներից մեկը, միջոցառում էին կազմակերպել 44 օրյա պատերազմում նահատակված շրջանավարտների հիշատակին։ Հուշ-ցերեկույթին մասնակցում էին նաև նահատակների հարազատները․ անհնար էր զսպել արցունքները, սակայն վշտին միախառնվել էր հպարտությունը։
«Ձեզ բացակա չենք դնի, տղանե՛ր, արծիվներն անմահ են», – հայրենասիրական երգերի ու աղիողորմ հեկեկոցների ներքո լսվում էր ուսուցիչներից մեկի խրոխտ ձայնը։
Դպրոցի փոխտնօրեն Էմմա Միրզախանյանն էր, որը հպարտությամբ ներկայացրեց իրենց սաներին։
Կարդացեք նաև
Դպրոց ներս մտնելուն պես՝ տեսնում ես հայրենիքի պաշտպաններին․ նրանց համար ստեղծված անկյունը, որը կրում է «Հավերժի ճամփորդները» անվանումը, հենց մուտքի դռան դիմաց է, այնտեղ մշտապես թարմ ծաղիկներ են դրվում, մոմեր վառվում։ Դպրոցի փոխտնօրենը նրանց ներկայացնելիս կարծես երկխոսության մեջ էր հերոսների հետ։
Մարտիրոսված սաները հինգն են՝ օդաչու Վալերի Դանիելին, մահապարտների գնդից Մինաս Հովհաննիսյանը, Ազատյան Էրիկը, Պետրոսյան Մարտինը, Զաքյան Սերգեյը։
Էմմա Միրզախանյանն ասաց, որ պատերազմի առաջին զոհը Վալերին էր։
«Այդ օրը հիշում եմ, երբ իմացանք՝ ինքնաթիռ է ընկել, սարսափած սպասում էի, գիտեի, որ ռազմական օդաչու է ․․․Մեր հպարտությունն էր՝ խրոխտ, առնական, հպարտ։ Երրորդ դասարանում շարադրություն էին գրել՝ ինչ եմ ուզում դառնալ, Վալերին գրել էր՝ ուզում եմ դառնալ օդաչու։
10-րդ դասարանում էին, դասղեկը պահել էր այդ շարադրությունները, թերթիկները բաժանեց, հիշում եմ այդ պահը․ Վալերին կարդաց իր՝ 3-րդ դասարանում գրած շարադրությունն, ասաց՝ տեսեք ես իմ երազանքն արդեն կատարելու եմ , նա արդեն դիմել էր ավիացիոն ինստիտուտ»,-պատմեց Էմմա Միրզախանյանը։
Էրիկ Ազատյանի մասին էլ փոխտնօրենն ասում՝ նա միշտ տխուր էր։
Դպրոցական տարիներից միշտ թաց էին նրա աչքերը, միշտ տխուր էր, ես Էրիկին այդպես եմ հիշում՝ խելոք, համեստ, բարի, մարդասեր։
Բա Մարտինը՝ այնքան խոնարհ, այնքան խելոք, տաս տարի սովորել է մեր դպրոցում և ոչ մի դիտողություն նա չի ստացել։
Մինասը, Հովհաննիսյան Մինասը, եկել էր դպրոց, ասաց՝ընկեր Միրզախանյան, աշխատանք եմ փնտրում, աշխատանք չունեմ։ Գնաց մահապարտների գնդում մարտիրոսվելու։
Սպասում էինք Զաքյան Սերգեյի վերադարձին, բոլորս էինք սպասում, ամեն օր փնտրում էին ֆեյսբուքում լուրեր, Սերգեից լուր չկա, կորած է Սերգեյը։ Ցավով սպասում էինք, նաև հույս ունեինք, որ կենդանի կգտնենք, բայց, ավաղ, զոհվեց։
Նրանք մեզ համար բոլորն էլ կենդանի են, ինչքան հիշում ենք նրանց։ Նրանք զոհվեցին հանուն հայրենիքի, հերոսացան հանուն հայրենիքի, մենք հպարտանում ենք նրանցով։
Այս անկյունը կդառնա մեզ համար ուխտատեղի, մենք ուխտավորի երկյուղածությամբ կմտնենք ռազմագիտության կաբինետ և ամեն առավոտ դպրոց մտնելուց առաջ կխոնարհվենք նրանց հիշատակի առաջ, վառ կպահենք նրանց հիշատակը։
Երեխեք ջա՜ն, դուք մեզ համար միշտ կենդանի կմնաք»,-դիմելով հերոսներին՝ բացականչեց փոխտնօրենը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ