Ազգային – Ժողովրդավարական Բեւեռն այսօր հանրահավաք էր անցկացնում Ազատության հրապարակում։
Բեւեռի խորհրդի անդամ Արթուր Այվազյանն իր ելույթում կոշտ քննադատեց Ռուսաստանին։ Նախ` պատմական ակնարկ արեց, նշելով՝ Ռուսաստանը երկու հարի տարի առաջ հայտնվեց տարածաշրջանում , եւ այդ ժամանակ հայերին թվում էր, որ ուղղափառ քրիստոնեություն դավանող երկրի՝ տարածաշրջան գալով իրենք կարող են ձերբազատվել իսլամադավան պետությունների տիրապետությունից եւ, հայությունն անմնացորդ նվիրվեց Ռուսական կայսրությանը։
Հիշեցրեց Օսմանյան Թուրքիայի ժամանակները, ապա Արցախյան պատերազմն ու տարածքների ազատագրումը․ «Սակայն, շատ չանցած, Ռուսաստանը նորից վերադարձավ։ Երեկ մեր աչքի առաջ Կրեմլը՝ անմիջական Լավրովի պլան կոչվող ծրագրով մեզանից նորից խլեց Արցախը, իսկ այսօր Արցախն արդեն հայաթափվում է։ Եթե հայ ժողովուրդն ուշքի չգա, չարթնանա թմբիրից, ապա հերթը Սյունիքինն է լինելու, սա մեր ոխերիմ դաշնակից Ռուսաստանի ընդամենը երկու հարյուր տարվա Հայաստանին տիրապետելու ընթացքում է տեղի ունենում։ Ռուսաստանը հայերից ստացել արդեն այն ամենն, ինչ հնարավոր էր։ Եթե չընդդիմանանք՝ Սյունիքը կլինի վերջին կաթիլը ու Հայաստանից այլեւս ոչինչ չի մնա։ Ու Կրեմլը մեզ դեն կնետի»։
Կարդացեք նաև
Պարոն Այվազյանն իր ելույթում նշեց Կրեմլի սպասարկողներին․«Կրեմլի հայատյաց սպասարկողներն են՝ ներկա ապիկար ու ծախու իշխանությունները, նախկին հանցավոր եւ ապազգային իշխանություններն՝ իրենց տարբեր ձեւերով, այդ թվում՝ ներկայիս ԱԺ-ի ընդդիմադիր խմբակցություններով, նորաթուխ բազմաթիվ կուսակցություններ, որոնց միակ նպատակը կարծես հայ ժողովրդին մոլորեցնել է եւ իրենց ազգային ուժեր համարող, սակայն միայն ազգային ժողովրդրավարական բեւեռի թիրախավորողներն են ։ Ստացվում է, որ միայն Ազգային ժողովրդավարական բեւեռն է, որ ձգտում է պետության ապագաղութացմանը եւ ինքնիշխանության հաստատման ու Բեւեռը միայնակ է»։
Նա ասաց, որ ԱԺԲ-ն փորձում է արտաքին դաշնակիցների հետ հարաբերվել , որոնց շահերն համընկնում են իրենց ձգտումների հետ, որոնց միջոցով հնարավոր կլինի խափանել Հայաստանի կործանումը։
«ԱԺԲ-ն նախազգուշացնում է՝ Կրեմլի բեմականացված արտահերթ ընտրություններ կոչվող այս ֆարսը միայն բարդացնելու է երկրում տիրող իրավիճակը։ ԱԺԲ-ն միակն է, որ սկզբունքային է, ազգային է եւ պետականամետ։ Մենք հասկանում ենք, որ Հայաստանը հայտնվել է ռուս-թուրք –ադրբեջանական ակցանի մեջ ու միակ փրկությունը ազգային-ազատագրական պայքարն է լինելու։ Բայց սա չի նշանակում, մենք այդ երկրների դեմ պատերազմի կոչ ենք անում։ Պատերազմի կարիք չկա, պետք է հայ ժողովուրդը իրավիճակը ճիշտ հասկանա, որ Կրեմլը վարում է հակահայ քաղաքականություն, ինչի ապացույցը արմատներով հայ, բայց մեր թշնամի Լավրովի անցանկալի այցի ժամանակ արտահայտած լկտի դիրքորոշումներն են»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ