«Նույնիսկ պատրաստ ենք համազգեստ հագնել և փողոց դուրս գալ մեր երկրի համար»,- «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների նախկին ժամանակավոր կատարող Միքայել Համբարձումյանը: Նա նկատեց՝ դա իրենց համար գերլարում է, բայց երկիրն այս վիճակից դուրս բերելու համար պատրաստ են անգամ այդ քայլին գնալ:
Միքայել Համբարձումյանը վստահեցրեց՝ կատարվածի հետ կապված իր խիղճն էլ է տանջում, ինչպես լրագրողներինը, դրա համար էլ 22 տարվա աշխատանքը, որով հպարտացել է, թողել է: Նա մանրամասնեց. «Պարտքի զգացումը, ցավն ու դառնությունն են ինձ ստիպել, որ ես հրաժարական տամ ու դուրս գամ աշխատանքից: Նույնը իմ գործընկերները»:
Նա փաստեց՝ ինքն ու իր գործընկերները հրապարակային մարդիկ չեն, սակայն դիմել են այս քայլին, հանրային գործունեությանը, որպեսզի իրենց ձեռքից եկածն անեն երկիրն այս իրավիճակից դուրս բերելու համար»: Միքայել Համբարձումյանը հավաստիացրեց՝ ամեն ինչ անելու են, որպեսզի մարդիկ քեֆ-ուրախություններից բացի ապրեն նաև երկրի դարդուցավով: Նա ասաց՝ դրա համար անելու են ամեն ինչ, ինչն օրենքով սահմանված է. «Ես չեմ կարող ասել, իրավունք չունեմ ասելու, որ վաղը մենք զենք ենք վերցնելու, գնալու իշխանափոխության»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ