««Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱԺ պատգամավորներ Գեւորգ Պապոյանի եւ Հերիքնազ Տիգրանյանի հեղինակած օրենքի նախագիծն ԱԺ մայիսի 7-ի նիստում քննարկվեց առաջին ընթերցմամբ:
Գեւորգ Պապոյանը նշեց, որ առաջարկվում է վարձու աշխատողին ժամանակավոր անաշխատունակության պատճառով աշխատանքի չներկայանալու դեպքում վճարել նաեւ առաջին օրվա համար` աշխատավարձի 80 տոկոսի չափով: Գործող կարգավորումների համաձայն` նպաստը վճարվում է` սկսած ժամանակավոր անաշխատունակության երկրորդ օրվանից:
Ներկայացնելով ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը` Լուսինե Բադալյանը կարծիք հայտնեց, որ օրենսդրական փոփոխությունը բխում է աշխատողի շահերից, դրան դեմ չեն նաեւ գործատուները:
Նախաձեռնության վերաբերյալ Կառավարության դրական դիրքորոշումը ներկայացրեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը: Ըստ նրա` նախաձեռնությունը ժամանակին է ներկայացված եւ գործարար հանրության համար բեռի ավելացում չի նախատեսում: Ներկայացնելով վիճակագրական տվյալներ` փոխնախարարը տեղեկացրեց, որ նախորդ երեք տարիներին ժամանակավոր անաշխատունակության թերթիկների թիվը միջինում եղել է մոտ 70.000, որից 36.000-ը մայրության նպաստին է վերաբերել: 600. 000 զբաղվածների թվով այն էական մասնաբաժին չունի:
Կարդացեք նաև
Պատգամավորներն իրենց ելույթներում կարեւորեցին նախաձեռնությունն աշխատողների իրավունքների պաշտպանության տեսանկյունից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ