Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավոր․ «Իմ նկատմամբ ճնշումներ չեն եղել, չեն էլ կարող լինել»

Մայիս 07,2021 19:22

Դատավոր Հարություն Պետրոսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով հարցին, թե՝ դատավորների նկատմամբ ճնշումներ են լինում, արդյոք իր նկատմամբ էլ նման բան եղել է, պատասխանեց․«Իմ նկատմամբ ճնշումներ չեն եղել, չեն էլ կարող լինել»։

Դատական գործերի միջամտության մասին հարցին ի պատասխան էլ դատավորն ասաց, որ ինքը նման հաստատված փաստ չգիտի, որ միջամտություն է եղել։ Նա նաեւ վստահեցրեց՝ պաշտոնատար անձանց հայտարարություններն էլ չեն կարող ազդել արհեստավարժ դատավորի վրա․ «Ինքը ուղղակի դատական ակտ է կայացնում՝ կիրառելով օրենքը, իսկ հայտարարություններն ուղղակի հայտարարություններ են»։

Հարցին՝ ի՞նչ տեսակետ ունի, որ քաղաքացիները կարող է հնարավորություն ունենան դիմել ԲԴԽ՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար, պարոն Պետրոսյանը պատասխանեց․ «Տեխնիկական տեսանկյունից դա չեմ պատկերացնում՝ ինչպես դա կարող է լինել, մանավանդ, որ բարձրագույն դատական խորհրդում նիստերը դռնբաց են, իսկ հայտնի է, որ դատարանները ծանրաբեռնված են, եւ այսպես, թե այնպես կողմերից մեկը միշտ դժգոհ է մնում։ Հետեւաբար, եթե բողոքարկման ինստիտուտն ավելի է լայնացվում, հնարավորությունը բողոքարկման տեխնիկական տեսանկյունից, չեմ պատկերացնում՝ ինչպես է լինելու»։

Դատավորն ասաց, որ ձեռնպահ կմնա պատասխանել, թե օրենսդրական տեսանկյունից դա ճիշտ է, թե՝ սխալ, քանի որ հնարավոր է իրավիճակ լինի, որ ինքն էլ առնչվի այդ օրենքի կիրառելիության հետ։

Անդրադառնալով այն խնդրին, որ ԲԴԽ-ին հնարավորություն է տրվում մի դատավորից գործը վերցնել որպես բարդ գործ եւ փոխանցել մեկ այլ դատավորի, եւ արդյոք հնարավոր է գնահատել՝ գործը բա՞րդ է, թե՞ պարզ, պարոն Պետրոսյանն ասաց, որ կարող են լինել տարբեր չափորոշիչներ․ «Բայց, ընդհանուր առմամբ, ինձ համար բոլոր գործերը պարզ են եւ միեւնույն ժամանակ բոլոր գործերը բարդ են։ Կարող է սկզբում պարզ գործ լինի, որը հետագայում այնպիսի բարդության տարր պարունակի, որ որեւէ մեկը չէր կարող պատկերացնել»:

Նշենք, որ այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել դատավորների ընդհանուր ժողովը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31