Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով հարցին՝ մամուլը գրել է, որ կա դատավորների ցուցակ, թե ովքեր են իշխանահաճո որոշումներ կայացնում, ովքեր՝ ոչ, եւ նրանց նկատմամբ ինչ-որ գործողություններ են նախապատրաստում, այդ թվում՝ վերաքննիչ դատարանի դատավորների, ասաց՝ տեղյակ չէ՝ կա՞ նման ցուցակ, թե ՝ ոչ։
«Բայց այդ հարցը քննարկվել է նաեւ դատական նիստի ընթացքում, երբ օրինակ՝ դատավոր Պապոյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել այն հիմքով, որ իր հաղորդման հիման վրա նախապատրաստվել են նյութեր կապված այն հարցի հետ, որ պարոն Պապոյանը ներկայացրել է հաղորդում, որ մենք, իմ ընկերական շրջապատը, ովքեր դատավորներ են, մասնակցել են 2-րդ նախագահի դատական ակտը գրելու գործընթացի։ Դրա հետ կապված եղել են գործընթացներ, ունենք բողոքարկման դատական ակտեր։ Այս ամենից պարզ է դառնում, որ մեր նկատմամբ եղել է որոշակի վերահսկողություն, նկատի ունեմ օպերատիվ հետախուզական գործողություններ։ Եվ այս գործողություններն, իհարկե, հաճելի չեն»,-ասաց պարոն Ռշտունին։
Նա ասաց, ու հաճախ լսում են քննադատություններ դատարանի օրինական ուժի մեջ մտած ակտի վերաբերյալ, ինչն անընդունելի է, հատկապես որ դրանք անում են պետական բարձրաստիճան պաշտոնյաները․ «Սա հաճելի չէ։ Իմ գործունեության վրա այդ անհարիր գնահատականներն ու քննադատությունները չեն ազդում»:
Մի դատավորից դատական գործը վերցնել եւ փոխանցել մյուս դատավորին պրակտիկայի մասին էլ պարոն Ռշտունին ասաց՝ կարծես թե ձեւավորվում է ցանկալի եւ անցանկալի դատավորների ինստիտուտ։ Նա հիշեցրեց՝ պատահականության սկզբունքով, համակարգչի միջոցով որոշվում է, ում պետք է մակագրվի գործը․ «Ու թեեւ ԲԴԽ-ն ասում է, որ կարգերը կսահմանեն, կարծում եմ նման բանի անհրաժեշտություն չկա, որ մի հատ էլ կարգեր սահմանեն։ Կարծես ստացվում է իրավիճակ, որ դատավորի նկատմամբ վստահության խնդիր կա՝ եթե ԲԴԽ-ն մի դատավորից վերցրեց որպես բարդ գործ ու հանձնեց մեկ այլ դատավորի, կողմերի մոտ անվստահություն է առաջացնելու»։
Կարդացեք նաև
Դիտարկմանը՝ իշխանությունները շատ դատավորների մեղադրում են, թե նրանք սպասարկում են «նախկինների» շահերը, պարոն Ռշտունին պատասխանեց․ «Ո՛չ նախկիններին ենք սպասարկել, ո՛չ ներկաներին ենք սպասարկում, ո՛չ էլ ապագաներին ենք սպասարկելու»։
Հիշեցնենք, որ այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել դատավորների ընդհանուր ժողովը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ