Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Շատ դեպքերում այդ կենտրոնները գործում են առանց հստակ չափանիշների». ԱԺ-ն քննարկել է նախադպրոցական կրթական ծառայությունների լիցենզավորման հարցը

Մայիս 07,2021 18:20

Ազգային ժողովի նիստում այսօր առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և ««Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենսդրական փաթեթի նախագիծը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ դրա ընդունման աննհրաժեշտությունը բխում է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 5-րդ և 6-րդ մասերի, ինչպես նաև 20-րդ հոդվածի համապատասխան դրույթներից, համաձայն որոնց՝ նախադպրոցական կրթական ծրագրերը և ծառայությունները կարող են իրականացվել միայն լիցենզիայի առկայության դեպքում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Փոխնախարարի խոսքով՝ ՀՀ-ում առկա են կազմակերպություններ` հիմնականում զարգացման կենտրոնների անվան տակ, որոնք իրականացնում են նախադպրոցական տարբեր կրթական ծրագրեր, այդ թվում՝ այլընտրանքային, լրացուցիչ և նախադպրոցական ծառայություններ (շուրջ 300 հաստատություններ):

«Այդ կենտրոնները, գործելով վերահսկողությունից դուրս և զբաղվելով երեխաների կրթությամբ, զարգացմամբ, ուսուցմամբ և խնամքով, չեն ապահովում երեխաների առողջության և անվտանգության նվազագույն պահանջները՝ հիգիենիկ,  սանիտարահամաճարակային, հակահրդեհային անվտանգության և մյուս բաղադրիչներով: Շատ դեպքերում այդ կենտրոնները գործում են առանց հստակ չափանիշների և չեն ապահովում կրթության բովանդակությամբ ներկայացվող վերջնարդյունքները, ինչը երեխաներին նախապատրաստում է դպրոցին»,- նշել է Ժաննա Անդրեասյանը և հավելել, որ դրանք չեն ապահովում նաև «Կրթության մասին» օրենքի պահանջները, ըստ որոնց՝ նախադպրոցական կրթության հիմնական խնդիրներն են՝ երեխաների ֆիզիկական, բարոյական և մտավոր զարգացման հիմքերի ստեղծումը, վարվեցողության տարրական կանոններին, հայրենի բնության և բնապահպանության, պատմության և ազգային մշակույթի տարրերին ծանոթացումը և այլն:

Ժաննա Անդրեասյանի հավաստմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունը բազմաթիվ ահազանգեր է ստանում զարգացման կենտրոններում բազմապիսի խախտումների վերաբերյալ. օրինակ՝ դրանք գործում են բնակելի շենքերում, չունեն մանկավարժական համապատասխան որակավորում ունեցող անձնակազմ, նյութատեխնիկական հագեցվածության բավարար պայմաններ և այլն:

«ԿԳՄՍ նախարարությունը չունի որևէ լծակ՝ օրենսդրության շրջանակում վերոնշյալ հարցերին պատշաճ լուծում տալու համար: Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է նախադպրոցական կրթության բնագավառում ունենալ պետական քաղաքականության միասնական չափանիշների և նախադպրոցական կազմակերպությունների համար լիցենզավորման պայմանների ու պահանջների հավասար դաշտ, ինչը կնպաստի նախադպրոցական կրթության նկատմամբ պատասխանատվության բարձրացմանը` էապես բարձրացնելով այդ համակարգում առկա հիմնախնդիրների լուծման արդյունավետությունը: Այն նպատակ ունի նաև սահմանել լիցենզավորման պայմանների ու պահանջների պահպանման նկատմամբ միասնական վերահսկման մեխանիզմներ և դրանք չպահպանելու դեպքում պատժամիջոցների կիրառման հստակ չափանիշներ բոլոր ուսումնական հաստատությունների համար՝ ապահովելով կրթության որակի բարձրացում, միասնական համակարգի ստեղծում և արդյունավետ գործունեություն: Միաժամանակ, կապահովվի պետական տուրքերի գանձումը պետբյուջե՝ շուրջ 6 մլն դրամի չափով»,- փաստել է փոխնախարարը և հավելել, որ հաշվի առնելով, որ նախադպրոցական կրթական ծրագրի և ծառայության իրականացման համար նախատեսվում է տրամադրել մեկ լիցենզիա և այն հանգամանքը, որ հաստատությունների գերակշիռ մասը կրթական ծրագիր է իրականացնում և միաժամանակ ծառայություն մատուցում, պետական տուրքի չափ նախատեսվում է 20 հազար դրամ: Բոլոր գործող զարգացման կենտրոնների համար լիցենզավորման ժամկետ է սահմանվում մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը:

Զեկուցումից հետո պատգամավորները մի շարք հարցեր են ուղղել փոխնախարարին, որոնց տրվել են հանգամանալից պատասխաններ:

Հարակից զեկուցող Հակոբ Ասլանյանը նշել է, որ օրենսդրական փաթեթի նախագիծը քննարկվել և ստացել է Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ հորդորելով կողմ քվեարկել փաթեթին:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31