«Ձայն հայրենյաց» նախաձեռնության անդամ, գրականագետ Սերժ Սրապիոնյանը շատ չի հանդիպել Արկադի Տեր-Թադեւոսյանին: 44-օրյայից հետո, իրենց սակավաթիվ հանդիպումներից այսպիսի տպավորություն ունի. «Ծանր ցավ էր ապրում Կոմանդոսը 44-օրյայից հետո, այնպիսի ցավ, ինչպիսին կզգար հայրը`զավակին հուղարկավորելիս»:
Այսօր «Արկադի Տեր-Թադևոսյանի անվան Քաղաքացիական խորհուրդ» հայրենասիրական հասարակական կազմակերպության համաժողովի ժամանակ, ողջույնի խոսքում Սերժ Սրապիոնյանն ասաց, որ «Կոմանդոսի» մտահոգությունները`մեր փառքը, սփյուռքի հայերի գլխիկոր վիճակը վերականգնելու, Հայաստանի ողնաշարը շտկելու մասով նաեւ «Ձայն հայրենյաց»-ի գործիչներին են մտահոգում: Ուստի, իրենք`500-ից ավելի մտավորականներ, մշակույթի գործիչներ իրենց սատարումը, օգնական լինելու պատրաստակամությունն են հայտնում «Քաղաքացիական խորհրդի» գործունեությանը, որովհետեւ հստակ գիտեն, որ այս կառույցն ազնիվ մղումներից է ձեւավորվել:
Սերժ Սրապիոնյանի գնահատմամբ, լավ օրից չէ, որ մի փոքրիկ Հայաստանում ամեն օր նոր կուսակցություններ են ձեւավորվում: Դրա պատճառն, ըստ նրա, այն է, որ մեզ մեկ հնարավորություն է թողնվել`երկիրն օրհասական վիճակից հանելու եւ ինչ-որ տեղ միջամտելու երկրի ճակատագիրը շտկելու գործին. «Ամեն օր ներկա ենք, թե ինչ համառությամբ են օրենքները, Սահմանադրությունը ոտնատակ տրվում եւ երկիրը տարվում է կործանման»: Նա կոչ արեց`միանալ եւ գնալ զորավարի մատնանշած ճանապարհով, քանզի այսօր մեզ ամենից ավելի անհրաժեշտ է բանական մարդկանց միասնություն:
Կարդացեք նաև
«Շրջեք քաղաքի փողոցներում`«Ապագա կա, կա ապագա», ինչ որ լոզունգներ են եւ դուք գիտեք, թե որտեղից է դա գալիս: Այո, չի կարող ապագա չլինել, բայց`ո՞ւմ հետ, ո՞ւմ միջոցով, դեպի ո՞ր ապագան. դա ասելու են «Քաղաքացիական խորհրդի» տեսակի կառույցները»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ