Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոռուպցիայի դեմ պայքարի ցանկությունը զգացվում է վերջին 3 տարում». Դանիել Իոաննիսյան

Մայիս 07,2021 17:41

«Ընտրական օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը որոշվեց ընդունել 24-ժամյա ռեժիմում:

Այսօր «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս առնչությամբ ասաց, որ այդ ընդունվող նախագծով որեւէ կարգավորում չի տարածվելու արտահերթ ընտրությունների վրա. «Սա խնդրահարույց է եւ, բնականաբար, խնդրահարույց է այն 24-ժամյա ռեժիմով ընդունելը: Հետեւաբար՝ այն հիմնավորված կլիներ, եթե նախագիծը կամ դրա որոշ կարգավորումներ տարածվեին 45 օր հետո նախատեսված ընտրությունների վրա: Այս փոփոխությունները չեն տարածվելու հունիսին կայանալիք արտահերթ ընտրությունների վրա, սակայն դրանք ազդելու էին արտահերթ ընտրությունների որակի վրա՝ կանխելու էին բազմաթիվ տեսակի խախտումներ: Այնուհետեւ՝ մի շարք կարգավորումներ դուրս մնացին նախագծից եւ այլեւս չեն ներառվելու։ Քանի որ նախագիծը հրատապության ռեժիմով է քննարկվում, պատշաճ քննարկումների ժամանակ չի մնացել»:

Դանիել Իոաննիսյանն ասաց, որ վարչական ռեսուրս ունեն ինչպես «Իմ քայլը», այնպես էլ՝ գյուղապետերը եւ այլն, նախագիծը, որը մինչ այս քննարկվում էր, շրջանառում էր, ուղարկվել էր Վենետիկի հանձնաժողով, բավականին պակասեցնում էր այդ ռիսկը: Իսկ վերջին պահին ուղղակի «delete» կոճակը սեղմելով՝ բազմաթիվ դրույթներ, այդ թվում՝ քարոզարշավի կանոնների հետ կապված դրույթները հանեցին նախագծից. «Ես չեմ ուզում տպավորություն ստեղծվի, թե սա քաղհասարակության գրած նախագիծն էր»:

Լրագրողները հարցրեցին կոռուպցիայի դեմ պայքարից, Փաշինյանն ասում է, որ կոռուպցիայի ողնաշարը կոտրվել է, այդպե՞ս է՝ Իոաննիսյանը պատասխանեց. «Հայաստանում կոռուպցիայի մակարդակը էապես փոխվել է: Կամք կա կոռուպցիայի դեմ պայքարի: Ինստիտուցիոնալ կարողությունները ցավոք այնպիսին չեն, ինչպիսին մենք եւ ամբողջ հասարակությունը կուզեր»:

Խոսելով մեկ անձից գնումների մոտեցման մասին՝ Իոաննիսյանը պատասխանեց, որ չունեն այդ մասով ուսումնասիրություն, բայց կոռուպցիան տարբեր դրսեւորումներ ու բաղադրիչներ է ունենում. «Կոռուպցիայի ողնաշարը կոտրվել է՝ մի քիչ ալեգորիա է, նայած ինչ ենք հասկանում՝ կոռուպցիայի ողնաշար ասելով: Ամեն դեպքում կոռուպցիայի դեմ պայքարի ցանկությունը զգացվում է վերջին 3 տարում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31