Դատավոր Արման Հովհաննիսյանը, որը «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին, այսպես ասած չկալանավորած դատավորն է եւ որի նկատմամբ արդարադատության նախարարությունը կարգապահական վարույթ է հարուցել, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ 15 օր ժամկետ է տրված, որպեսզի կարողանա պատասխանել այդ վարույթին, եւ դեռեւս միջնորդությունը բարձրագույն դատական խորհուրդ չի գնացել։
«Ես կարծում եմ՝ ինչպես կարգապահական վարույթ հարուցող մարմինն, այնպես էլ իրենց հաղորդում ներկայացրած մարմինն անուշադրությամբ են գործել, որովհետեւ չեմ ուզում հավատալ, որ իրենք չեն հասկանում, որ այդտեղ կարգապահական խախտում տեղի չի ունեցել, ես գտնում եմ, որ կարճ ժամանակում կփորձեն իրենց մոտեցումը փոխել։ Իսկ եթե չեն փորձի, կգնա ԲԴԽ, այնտեղ բոլոր հարցերի պատասխանները կտրվեն»,-ասաց պարոն Հովհաննիսյանը։
Արդարադատության նախարարության հարուցած կարգապահական վարույթի մասին էլ դատավորն ասաց՝ որոշումը կարդացել է, բայց չի հասկացել, թե ինչում են իրեն մեղադրում։ «Որոշման մեջ գրված է հիմնավոր կասկածի առկայության բացակայությունը առերեւույթ չպատճառաբանված է, բայց մի քանի տող ներքեւ գրված է՝ դատարանը դուրս է եկել դատական վերահսկողության սահմաններից եւ անդրադարձել է այնպիսի հարցերին, որոնք որ իր քննարկման առարկան չէր։ Հիմա ես չեմ հասկանում՝ այդ դատական ակտը չպատճառաբանվա՞ծ է, թե՞ շատ պատճառաբանված, որ սահմաններից դուրս եմ եկել։ Եթե ասում են, որ դուրս ես եկել սահմաններից, որպես կանոն, գործնականում խոսք է գնում, որ պատճառաբանության թույլատրելիության սահմաններից ես անցել։ Չգիտեմ, կգնանք ԲԴԽ, բոլորը կտեսնեն։ Եթե կգտնվի մեկ իրավաբան, որը կասի՝ այդ դատական ակտը չպատճառաբանված է ․․․»,-նշեց դատավորը։
Հարցին՝ արդյոք սա քաղաքական որոշում էր, քանի որ Աշոտ Մինասյանի գործով իշխանությանը ոչ հաճո որոշում է կայացվել, պարոն Հովհաննիսյանն ասաց․«Ես ունեմ ողջամիտ հիմքեր՝ կարծելու, որ սա, այո, միջամտություն է իմ անկախությանը, իմ անկաշկանդ աշխատանքին, եւ համարձակ որոշումներ կայացնելուն, որովհետեւ երբ ես Աշոտ Մինասյանի խափանման միջոց կալանքի միջնորդությունը չբավարարեցի, հետո հաջորդեցին մի շարք պետական մարմինների, պաշտոնատար անձանց, այդ թվում՝ ԲԴԽ անդամ- թեկնածուների հայտարարությունները, ճիշտ է, զուտ Աշոտ Մինասյան անունը ոչ ոք չի տվել, բայց այնպիսի հանգամանքներից էին խոսում, որ բոլորին պարզ է, որ այս գործը վերաբերում է Աշոտ Մինասյանին։ Ընդ որում, իրենք չէին արտահայտվում ինչ-որ չեզոք գնահատականներ տալու, նրանց խոսակցությունը, երբ դու լսում ես, հասկանում ես իրենց մտահոգությունն են արտահայտում, իրենց տարօրինակ է թվում, չեն հասկանում՝ ինչպե՞ս կարելի է մեծ զենք-զինամթերքի պայմաններում անձը չկալանավորվի եւ այլն։ Դրանից հետո տեղի է ունենում դատական ակտի վերաքննիչ բողոքարկում, բայց վերաքննիչը թողնում է ակտը անփոփոխ։ Հետո վերաքննիչի՝ բողոքի գրեթե նույն բովանդակությամբ զեկուցագիր է կազմվում դատախազության կողմից, եւ ուղարկվում է արդարադատության նախարարություն, ու կարգապահական վարույթ է հարուցում»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ