Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ թե կամ ոչ միայն հերթական ընտրություններ կամ իշխանափոխություն, մեր մտահոգությունը վաղվա Հայաստանն է». Թաթուլ Մանասերյանը` «Կոմանդոսի» պատգամի մասին

Մայիս 07,2021 16:20

«Մենք բախտավոր ենք, որ հենց Արկադի Տեր-Թադեւոսյանի հետ համատեղ դրեցինք այս կազմակերպության հիմքերը, որը բնավ նեղ քաղաքական շահեր չի հետապնդում»,- այսօր կայացած «Արկադի Տեր-Թադևոսյանի անվան Քաղաքացիական խորհուրդ» հայրենասիրական հասարակական կազմակերպության համաժողովի ժամանակ հայտարարեց կազմակերպության նախագահ Թաթուլ Մանասերյանը:

Ըստ բանախոսի, ովքեր պատիվ ունեցան «Կոմանդոսի» կյանքի հատկապես վերջին շրջանում շփվել լեգենդար հրամանատարի հետ, ակամայից կրողները դարձան այն արժեքների, որոնք պետք է շարունակվեն:

«Արցախյան պատերազմի վերջին օրը, երբ հայտնի դարձավ տխուր վերջաբանը, Արկադի Տեր-Թադեւոսյանը հանդես եկավ իր հայտնի ելույթով եւ մենք զինվորագրվեցինք այդ գաղափարին`մի կողմ դնելով բոլոր տարաձայնությունները, տարբեր հայացքները: Մեր համոզմունքն է`ոչ թե կամ ոչ միայն հերթական ընտրություններ կամ իշխանափոխություն, մեր մտահոգությունը վաղվա Հայաստանն է: Մենք համարձակություն ունեցանք Կոմանդոսի հետ ձեւավորել եւ շրջանառության մեջ դնել մեր հայրենիքի զարգացման կարգախոսը`«Համախմբված հայություն, հզոր Հայաստան»,- ասաց Թաթուլ Մանասերյանը:

Կազմակերպության նպատակն է`ձեւավորվել այնպիսի միջավայր եւ պայմաններ, որոնք առավել նպաստավոր կլինեն Հայաստանի եւ հայության առջեւ դրված նպատակների, առաջին հերթին զարգացման տեսլականի արդյունավետ իրագործման համար: Այդ նպատակով ձեւավորվել եւ գործում են ոլորտային խմբեր: Կազմակերպության հիմնադիրները հավատում են, որ այն հստակ առաջարկները, որոնք արվել են ոլորտային խմբերի կողմից, պետք է օգնեն միաբանվելու եւ համարձակ քայլերով գնալ դեպի ազգային պետություն եւ արժանապատիվ կյանք`հայի համար:

Համաժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ եւ ծափերով հարգեցին 44 օրյա պատերազմում զոհվածների հիշատակը, քանզի վստահ են, որ նրանք գիտակցված մահով են ընկել:

Համաժողովի մասնակիցներին ուղերձ էր հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որը ներկայացրեց նախագահի խորհրդական Գեւորգ Մելիքյանը: Նախագահը կարծում է, որ լեգենդար հրամանատարի զինակիցները եւ ընկերները պարտք ունեն` իրենց գործունեությամբ, հավատարիմ մնալ նրան, ինչի մասին իր «քաղաքական կտակում» խոսել էր Արկադի Տեր-Թադեւոսյանը: Իսկ նա խոսել էր մեր հասարակության բոլոր առողջ ուժերը միավորելու անհրաժեշտության մասին: «Պատերազմից հետո մեր պետությունը եւ հասարակությունն անցնում են ծանր փորձության միջով: Յուրաքանչյուրիս պարտքը պետք է լինի`ներդնել առավելագույն ջանքերը, մեր հնարավորությունների չափով անել ամեն ինչ`վերագտնելու ինքներս մեզ, որպես պետություն, որպես ժողովուրդ, վերականգնելու ոչ միայն մեր ուժերը, այլեւ հաղթանակների մեր ավանդույթները: Ակնկալում եմ, որ ձեզ առաջնորդելու են հենց այդ մղումները, համազգային եւ համապետական շահերը»,- ասված է նախագահի ուղերձում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31