Այսօր, ինչպես տեղեկացրել ենք, ԱԺ պատգամավորներին եւ աշխատակազմի անդամներին պատվաստում էին կորոնավիրուսի դեմ:
Իմքայլական Հովիկ Աղազարյանը պատվաստվելուց հետո հետաքրքրվեց, թե ո՞ր պատվաստանյութն են ներարկել: Լրագրողների հետ ճեպազրույցում նա ասաց. «Անցնենք այն փոքրիկ փորձությունը, որը միտված է իրենց եւ մեզ՝ առողջությունը ապահովելու: Եթե հիշում եք, մեր նախկին նախարարը՝ Արսեն Թորոսյանը, երբ դեռ նոր էր մտնում կորոնավիրուսը մեր կյանք, ինքը շատ օբյեկտիվ էր գնահատում ամեն ինչը եւ ասաց, որ ամենաշուտը մեկ տարի հետ է լինելու պատվաստանյութը: Փորձաքննությունների շրջանը, այդ ամեն ինչը հիմա անցել է, եւ մենք բոլորս պետք է մեծ վստահությամբ լցվենք, որովհետեւ ոչ մի վտանգ արդեն չկա»:
Հարցրեցինք՝ դուք այդպես անվերապահորեն հավատո՞ւմ եք Արսեն Թորոսյանի ասածին՝ Աղազարյանը պատասխանեց. «Պատկերացրեք, որ հա: Սկզբից չէի հավատում, հետո իմ կարծիքը փոխել եմ: Մի քանի անգամ երբ որ իր ասածները դարձան ճշմարտություն, արդեն ստիպված ես հաշվի նստել»:
Կարդացեք նաև
Հարցրեցինք՝ պատվաստվելու մեջ ռիսկ կա, դուք չե՞ք վախենում՝ Աղազարյանը պատասխանեց. «Միշտ էլ ամբողջ պատմության ընթացքում, երբ որ եղել է այսպիսի իրավիճակ, որ նոր պատվաստանյութ է եղել, մարդիկ… փոքր ժամանակ էլ երբ որ անում էին դպրոցում, մե՜ծ արարողություն էր: Ով որ պատվաստվել էր՝ ուժեղ տղա էր: Հիմա էլ է այդպես: Ես միշտ եմ հերոս»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ