«Ես Աշոտ Մինասյանի` հորինված գործով եմ մեղադրյալ: Այն հորինված գործով, որ իբր ես ուզում էի սպանել վարչապետի աթոռը զբաղեցնող անձին: Դատարանում այդ գործն ուղղակի փլուզվեց, որովհետև ինձ հետ առհասարակ կապ չուներ»,-«ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի մամուլի ասուլիսի ժամանակ վստահեցրեց «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը:
Արթուր Վանեցյանը մեղադրվում է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ մահափորձ նախապատրաստելու մեջ:
Արթուր Վանեցյանը վստահեցրեց՝ դատարանում բացի մոնտաժված մի խոսակցությունից, որ երկու հոգի խոսում են իրար հետ, և իրենց խոսակցության մեջ մտնում է Վանեցյան ազգանունը, որևէ այլ ապացույց մինչ օրս չի տրվել գործով:
Կարդացեք նաև
ՀՀ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ քրեական գործի հարուցումը Արթուր Վանեցյանը համարեց քաղաքական ու նշեց. «Չկա որևէ հիմք պարոն Վարդազարյանի նկատմամբ այս քրեական հետապնդումն իրականացնելու: Պարոն Վարդազարյանը բազմիցս ասել է, թե ինչու է ինքն այդ հայտարարությունն արել: Իսկ որ ես ու պարոն Վարդազարյանը վաղուցվա ընկերներ ենք, երբևէ չենք թաքցրել, և նշել եմ՝ շատ հպարտ եմ, որ ունեմ նման ընկեր»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ