Այսօր ԱԺ պատգամավորները պատվաստվեցին կորոնավիրուսի դեմ:
Առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն ասաց, որ ինքը պատվաստվելու է «ԱստրաԶենեկա»-ով. «Ըստ հաստատված կարգի, 18-54 տարեկան անձանց, ովքեր չունեն որեւէ խրոնիկ հիվանդություն, իրենց ցուցված է պատվաստվել «ԱստրաԶենեկա»-ով: Ովքեր ունեն խրոնիկ հիվանդություն ու 55 տարեկանից բարձր են, կարող են պատվաստվել կա՛մ «ԱստրաԶենեկա», կա՛մ «Սպուտնիկ-Վ», իրենց ցանկությամբ է: Որեւէ բան չեն պարտադրում, մարդկանց ցանկությամբ է»,- ասաց Զեյնալյանը:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ բոլոր պատվաստանյութերը, ինչպես դեղերը, ունեն կողմնակի ազդեցություն: 1 մլն պատվաստումից գրանցվել է ընդամենը 4 դեպք:
Հարցին՝ պատգամավորները բուժզննում անցե՞լ են մինչ պատվաստվելը՝ նա պատասխանեց, որ հատուկ բուժզննում անցնելու կարիք չկա, ընդամենը հարցնում են, թե ինչ դեղորայք են ընդունել:
Մեր դիտարկմանը, որ վարչապետը երբ խոսեց չինական պատվաստանյութի մասին, ԱԺ փոխնախագահներն իրար վրա էին գցում ու դա արդեն անվստահություն առաջացրեց այդ պատվաստանյութի նկատմամբ՝ Զեյնալյանն արձագանքեց, որ բոլոր պատվաստանյութերը, որոնք ստեղծված են մինչ օրս, անցել են բոլոր հետազոտությունները ու բոլորն էլ ցուցված են:
Պատվաստվելիս ներարկումից վախենում էր Նազելի Բաղդասարյանը:«Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը հետաքրքրվում էր՝ հո ներերակայի՞ն չի՝ սպասելով իր հերթին:
Ոմանք կատակով հետաքրքրվում էին, թե պատվաստվելուց հետո քանի՞ օր են անկողնային պառկելու:
Առաջինը պատվաստվեց Արփի Դավոյանը:
Մանրամասները՝ տեսանյութերում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ