Բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը մրոտողներ է որակում այն գրողներին, որոնք չնկատելու են տալիս Հայաստանում ու Արցախում կատարվող վերջին իրադարձությունները: «Ես այդ շրջանակների մեջ չեմ մտնում….Հատկապես, որ իմ դարդը հիմա գրականությունը չէ, ոչ էլ նրանց սերունդն ու կողմնորոշումը… լիքը բալաստ ունի մեր ժողովուրդը »,-ասում է նա:
Ռազմիկ Դավոյանն ասում է նաեւ, որ եթե «Գրական թերթում» մեկ անգամ անունդ գրվեց, ուրեմն քեզ անձնագիր են տվել, որ ճանապարհվես գրականության ասպարեզ: Նա հավատում է, որ դեռ կգան գրական լավագույն ուժերը, կհաղթահարվի նաեւ ընտրություն կոչվող փորձությունը: «Իմ լավատեսությունը ստի հետ չի կապված, իմ խորհրդատուները նրանք են, ովքեր մեր պատմության, գրականության ընթացքում ունեցել են թեկուզ մի փոքր բաժին աստվածային իմաստությունից»,-ասում է գրողը:
Նա խայտառակ է որակում ներկա իրավիճակը, ասում է՝ միայն իշխանությունը չէ, որ պատասխանատու է սրա համար. «Այս իրավիճակի գոյության համար պատասխանատվություն ունեն նաեւ հայոց ոստիկանությունը, դատախազությունը, իրավապահ մարմինների այն հատվածը, որը զբաղված է մեղադրանքներ տալով…
Կարդացեք նաև
Երբ որոշ գագաթնակետի էր հասել «Հայրենիքի փրկության շարժումը», գեներալիտետը հայտարարություն արեց, որ իշխողները պետք է հեռանան, այդ ժամանակ ոստիկանությունը պետք է միանար բանակին, պիտի ասեր՝ ես էլ պատասխանատվություն ունեմ այս երկրի համար, ես էլ եմ պահանջում, որ հեռանա իշխանությունը:
Չարեց այդ քայլը, ընդհակառակը` ոստիկանությունը համախմբվեց, դարձավ ընտանեկան ապահովության զորք իշխանության եւ նրա շուրջ եղածների շուրջ, եւ ընդդիմությունը մնաց տկլոր: Չնայած, երբ եղավ գեներալիտետի պահանջը, ընդդիմությունը պետք է համախմբվեր Պաշտպանության նախարարության շուրջը եւ ասեր՝ շնորհակալ ենք, որ դու ես մեր երկրի պաշտպանը եւ մեր ժողովրդի ապահովության երաշխիքը, մենքն էլ եկել ենք, որ դու ամուր զգաս քեզ եւ անես քեզ վերապահված գործողությունները, սակայն դա չեղավ»:
Նրա խոսքով, «Այս ընտրությունները հորինելով՝ Նիկոլ Փաշինյանն իր տերերին ասում է՝ գնում եմ մինչեւ վերջ իմ խոստումները կատարելու, որ չասեն, էս որտեղ կանգնեցիր, ինչու կանգնեցիր: Եթե իր վերջնական նպատակը նա է, որ պարտվելով ընտրություններում ասի՝ մեղք չունեմ, պարտվեցի, սա հարցի մի լուծում է իր համար, բայց եթե գնում է հաղթելու եւ վերարտադրվելու, դա կործանարար բան է երկրի համար»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ