Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեղական ցեմենտի արտադրությունը չկործանվեց»․ ԱԺ-ում վիճարկում են Վահան Քերոբյանի առաջարկը

Մայիս 07,2021 15:04
cement

Տեղական ցեմենտի արտադրությունը պաշտպանելու եւ տեղական արտադրողներից «Հրազդան ցեմենտ»-ը փրկելու նպատակով կառավարությունն առաջարկում է «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարել եւ Իրանից ցեմենտի արտադրության հումքի` կլինկերի ներմուծման մեկ տոննայի համար սահմանված պետտուրքն ավելացնել։ Այս մասին այսօր ԱԺ նիստում նախագծի առաջին քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։ Նա նշեց, որ այն «Հրազդան ցեմենտ»-ին կփրկի սնանկացումից․ վերջինիս արտադրական ծավալների ավելացումն եւ վնասի չափը նույնն են։

Վահան Քերոբյանը նշեց, որ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում այս հարցում կոնսենսուս չի եղել, բացասական եզրակացություն են տվել նախագծին, ինչի հետ ինքը համաձայն չի․ «Առաջարկում ենք ներկրվող ցեմենտի տուրքը եղած 14 000 դրամից դարձնել 25 000 դրամ, իսկ ներկրվող կլինկերի մեկ տոննան հարկել 9 000 դրամի չափով»։

Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանը շեշտեց, որ երբ 1 տարի առաջ Իրանից ներմուծվող ցեմենտի հումքի՝ կլինկերի տոննայի համար պետտուրք սահմանվեց, շարժառիթը տեղական երկու արտադրողներին՝ «Արարատ ցեմենտ»-ին եւ «Հրազդան ցեմենտ»-ին պաշտպանելն էր։ Բաբկեն Թունյանի խոսքով՝ չարդարացան այն մտավախությունները, որ տեղական ցեմենտի արտադրությունը կործանվելու է, որովհետեւ դրանից հետո տեղական ցեմենտի արտադրությունն ավելացավ․ «Եթե ուզում ենք «Հրազդան ցեմենտ»-ը փրկել, դա չպետք է շուկայից դուրս մղի փոքր ընկերություններին։ Եթե կլինկերի համար 9000 դրամի տուրք սահմանվի, դա «Շինցեմենտ» ընկերությանը դուրս կմղի շուկայից։ Հանձնաժողովն առաջարկել է տուրքերը թողնել նախկին սահմանաչափով եւ եղած օրենքի ժամկետը երկարաձգել»։

«Իմ քայլից» Հայկ Սարգսյանն էլ նշեց՝ խորհրդարանը որեւէ գործարանի եւ ներմուծողի շահ չի հետապնդում․ «Պետք է ունենանք որակյալ ցեմենտ, որպեսզի ճանապարհները չճաքեն»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31