Մայրաքաղաք Երևանում կվերանորոգվեն 90 մանկապարտեզներից առաջին վեցը՝ դրանց էներգաարդյունավետությունը, սեյսմակայունությունը և COVID-19-ով պայմանավորված իրավիճակի համատեքստում սանիտարական պայմանները բարելավելու նպատակով: Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) վարկով՝ Եվրոպական միության երաշխավորությամբ:
Մանկապարտեզների սաներն ու անձնակազմը կօգտվեն բարելավված հարմարություններից. ավելի լավ մեկուսացված պատեր, տանիքներ և առաստաղներ, նոր դռներ և պատուհաններ, ամրացված աստիճաններ, վերանորոգված ջեռուցման, հովացման և օդափոխման համակարգեր: Շենքերը հարմարեցված կլինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար:
Սույն ջանքերը 15 միլիոն եվրո արժողությամբ Երևանի էներգաարդյունավետության ծրագրի մաս են կազմում, որտեղ ԵՆԲ-ի տրամադրած 7 միլիոն եվրոյի վարկին լրացնում են E5P բազմադոնորային հիմնադրամի տրամադրած 5 միլիոն եվրոյի դրամաշնորհը, ՄԱԶԾ-ի միջոցով Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ՝ GCF) տրամադրած 1 միլիոն եվրոյի տեխնիկական աջակցության դրամաշնորհը և Երևանի քաղաքապետարանի սեփական միջոցները՝ 2 միլիոն եվրոյի չափով:
Շատ ավելի անվտանգ և բարենպաստ միջավայրից զատ, ԵՆԲ աջակցությամբ Երևանի էներգաարդյունավետության ծրագիրը թույլ կտա տարեկան խնայել 12,154 ՄՎտ/ժ էլեկտրաէներգիա, ածխաթթու գազի տարեկան արտանետումները կրճատել 2,412 տոննայով և զգալիորեն նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները` նպաստելով կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացմանը:
Կարդացեք նաև
EU NEIGHBOURS east