Լրահոս
Օրվա լրահոսը

Բաբաջանյանը ՀՊ անդամի թեկնածու Գեղամ Հովեյանին հիշեցրեց Իշխան Զաքարյանի ասածները «70% թալանի» մասին

Մայիս 07,2021 14:15

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնի համար ներկայացրել է «Իմ քայլի» կողմից առաջադրված Գեղամ Հովեյանի թեկնածությունը։ Նա ֆինանսիստ է, հանրային կառավարման մագիստրոս, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունների նախկին աշխատակից։

Նա հայտարարեց, որ ընտրվելու դեպքում առաջարկելու է ավելի շատ միջոցներ տրամադրել մարզային համայնքների հաշվեքննության համար․ «Պատրաստ եմ այդ նպատակով օրենսդրական փոփոխություններ նախաձեռնել»։

«Իմ քայլի» պատգամավոր Կարեն Գրիգորյանը հետաքրքրվեց․ «Հեղափոխությունից հետո շատերի մոտ հարց էր առաջանում՝ իրենց համայնքներում հեղափոխություն եղե՞լ է, թե ոչ։ Կարծում եմ՝ օրենսդրական փոփոխություններ են պետք, որովհետեւ հաշվեքննությունը կանխարգելող բնույթ պետք է ունենա։ Դուք ի՞նչ կառաջարկեք»։ Գեղամ Հովեյանը պատասխանեց․ «Տարիներ առաջ հենց օրինակ ձեր հայրենի Արմավիրում հաշվեքննության արդյունքում հայտնաբերեցինք հողերի եւ գույքի ոչ արդյունավետ կառավարում։ Դա նշանակում է, որ հողակտորը վաճառվում է, օրինակ, մեկ միլիոն դրամով, իսկ հետո երկրորդ գնորդին՝ տասը միլիոն դրամով։ Առաջարկեցինք հողային օրենսգրքում փոփոխություն։ Առաջարկեցինք հողի վաճառքի մեկնարկային գինը սկսել կադաստրային արժեքի հարյուր տոկոսից, այլ ոչ թե հիսուն։ Կարծեմ 2020թ․-ից դա արդեն սահմանվեց։ Մեկ այլ դեպքում առաջարկել էինք ծառայողական մեքենաները գնելիս համայնքների համար եւս սահմանել չափանիշներ, ինչպես կառավարության դեպքում է սահմանված։ Եթե մի համայնքն ավագանու որոշմամբ որոշի, օրինակ, Range rover գնել, որեւէ մեկը չի կարող ասել՝ ինչո՞ւ ես առել։ Կառաջարկեի մտածել եւ «լիմիտ» սահմանել։ Մեր հաշվեքննությունների ժամանակ արձանագրել ենք, որ մի տեղ «Նիվա» են գնում, մյուսում՝ «Պրադո», մյուսում՝ «Մերսեդես»։

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ իր հերթին թեկնածուին հիշեցրեց՝ հաշվեքննիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը ժամանակին, երբ ԱԺ ամբիոնից ներկայացնում էր 2012 թվականի տարեկան հաշվեքննությունը, ասում էր, որ բյուջեն թալանվել է 70%-ով, իսկ հիմա քաղաքականության մեջ է նախկինների հետ, ի՞նչ կասի Հովեյանն այս առիթով։ Գեղամ Հովեյանն արձագանքեց, որ այդ հաշվեքննությանը մասնակցել է այնքանով, որքանով որ ստուգումներ է իրականացրել․ «Այդ թվականի խնդիրները հիմա չեմ կարող մտապահել»։

Արման Բաբաջանյանն ի պատասխան նման գնահատական հնչեցրեց․ «Դուք մեծ վերափոխումների ջատագով չեք, ձեր համար սա հերթական աշխատանքի հնարավորություն է, ինձ համար հասկանալի չէ ձեր առաջադրումը։ Դուք ուղղակի որոշել եք օգտվել հնարավորությունից»։

Գեղամ Հովեյանը պատասխանեց․ «Եթե Իշխան Զաքարյանն այս ամբիոնից տարեկան հաղորդում է ներկայացրել, դրանում եղել է նաեւ իմ աշխատանքը։ Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետեւ իմ վարչության համար եմ պատասխանատու եղել։ Հիմա ամեն թիվ ու ցուցանիշ հիշելը բարդ է 2012թ․-ի մասին։ Ինչ վերաբերում է թեկնածությանս, կարծում եմ՝ իշխող խմբակցությունն ուսումնասիրել է կենսագրությունս եւ դրանից ելնելով առաջադրել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31