«Մենք այլ գործիքակազմ չունենք. պիտի խոսքով մեր հանրությանը բացատրենք, թե ինչ է կատարվում մեր երկրում»,- հարցին՝ ԱԱԾ սպաները ինչո՞ւ որոշեցին հրապարակային հանդես գալ, նույնիսկ քաղաքական հայտարարություններ անել, «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ–ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը:
Նա չցանկացավ պատասխանել հարցին՝ ինչո՞ւ ընդդիմությունը չհամախմբվեց, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ միասին ընտրությունների գալու որոշում չկայացվեց՝ պատճառաբանելով, որ այս ասուլիսը չի ցանկանում վերածել քաղաքական հարցերով հարցուպատասխանի:
Արթուր Վանեցյանը քննադատեց այն, որ երեք տարվա ընթացքում ԱԱԾ 5 տնօրեն է փոխվել՝ փաստելով, որ նման կառույցի տնօրենին այդքան հեշտ չեն փոխում:
Ըստ նրա՝ դա արվում է՝ ԱԱԾ-ի հիմքերը թուլացնելով պետության հիմքերը թուլացնելու համար:
Կարդացեք նաև
Հարցին՝ ի՞նչն էր խանգարում իրենց ձերբակալել Նիկոլ Փաշինյանին և կառավարության մյուս անդամներին, երբ դրա հնարավորությունն ուներ, Արթուր Վանեցյանն այսպես պատասխանեց. «Դրա մասին անպայման կխոսեմ: Մենք աշխատանք կատարել ենք: Այն ուժերը, որոնք դրսի օրակարգեր են սպասարկել, նրանց նկատմամբ իրականացրել են աշխատանքներ, եղել են որոշ գործողություններ: Դրա մասին մի օր կխոսենք»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ