«Ի սկզբանե կազմակերպությունը ստեղծել ենք որպես ապաքաղաքական կառույց, սակայն կյանքը բերում է իր անհրաժեշտ խմբագրումները: Մենք փետրվարին միացանք ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պահանջին՝ գտնելով, որ առկա քաղաքական ճգնաժամից դուրս գալ, երկրում քաղաքական կայունություն հաստատել կարող ենք միայն գործող իշխանության հրաժարականի դեպքում»,-«Ազգային անվտանգության ծառայության պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց հ/կ-ի խորհրդի նախագահ, ԱԱԾ տնօրենի նախկին առաջին տեղակալ, գեներալ լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը:
Նա ցավով նշեց, որ «ապաշնորհ կառավարման» պատճառով երկրի անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը, քաղհասարակությանը հասցված է կործանարար հարված, որի մեղավորության մեջ գործող իշխանությունները տեսնում են ամեն մեկին, բացի իրենցից:
Խոսելով ելքերի մասին՝ ասաց. «Ելքը մեկն է՝ հզոր համախմբում, ուժերի գերագույն մոբիլիզացիայի հաշվին: Մեզ հաջողվելու է երկիրը փրկել պոպուլիստներից: Չպետք է թույլ տանք ուտել մարդկանց միտքն ու ուղեղները, հասարակությանը բաժանել նախկինների, նորերի, սևերի սպիտակների, գելերի և գելխեղդների, ժողովրդին նույնականացնել կենդանական աշխարհի հետ: Եթե բանը հասել է նման կարգի բաժանման, այս դեպքում թույլ տվեք նկատել, որ գայլը շատ ավելի ազնվացեղ է, քան նրա կոկորդը կտրելու պատրաստ շունը: Բացի այդ չեմ կարծում, որ գայլը շանը թույլ կտա իր կոկորդը կրծել: Մեր բարի խորհուրդն է՝ չշարունակել խաղալ երկրի անվտանգության հետ»:
Լրագրողների հարցին՝ մի կողմից նշում եք, որ ապաքաղաքական կազմակերպություն եք, մյուս կողմից ձեր շարքերում է Արթուր Վանեցյանը, ինչպե՞ս հասկանանք, Հրանտ Եպիսկոպոսյանը պատասխանեց. «Պարոն Վանեցյանի՝ խորհրդի կազմում ներգրավվելը եղել է մեր գաղափարը, քանի որ պարոն Վանեցյանը սպա է, ունի գեներալ մայորի կոչում և ներկա պահին իրեն չներգրավելը մեր ՀԿ գործունեության մեջ, կդիտվեր սխալ»:
Կարդացեք նաև
Արթուր Վանեցյանն էլ վստահեցրեց՝ կազմակերպությունը գործելու է ոչ որպես որևէ քաղաքական ուժի, այդ թվում և իրեն աջակցելու համար:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ