«Ես չեմ պատրաստվում եւ «Իմ քայլը» խմբակցությունը չի պատրաստվում հետքայլ կատարել եւ վերադառնալ հեռախոսային արդարադատությանը կամ գործադրի կցորդ հանդիսացող արդարադատությանը»,-ԱԺ լիագումար նիստում այսօր ՀՀ դատախազության 2020թ․-ի տարեկան հաղորդման քննարկման ժամանակ հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։
Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր այս համատեքստում «Իմ քայլին» մեղադրել էր կամազուրկ լինելու մեջ։ Այս առիթով Վլադիմիր Վարդանյանը նշեց․ «Պարոն Բաբաջանյան, այն, որ դուք այսօր ազատ եւ անկաշկանդ քննադատում եք մեզ, դատախազությանը, ՍԴ-ին, դա ապացույց է նրա, որ երկրում կայանում է անկախ դատական համակարգը։ Մեզ շատ են քննադատում, որ սրան բռնեցին, բայց հետո թողեցին, բայց դա ասում են նրանք, ովքեր փոքր իրավախախտման համար անգամ պատրաստ էին ամեն ինչ անել, որ անձը չհայտնվի ճաղերի հետեւում։ Այն, որ այսօր դատական համակարգը գործադիրից կախված չէ, այն, որ մենք չենք կարողանում զանգել գլխավոր դատախազին եւ հրահանգ տալ, դա ոչ թե մեր թուլությունն է կամ նահանջը, այլ դա առաջին քայլն է իրավական պետություն ձեւավորելու»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ