Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական խարդավանքներ, դավադրություններ. ընթերցողին է ներկայացվել Մարիո Վարգաս Լյոսա «Սոսկալի ժամանակներ» վեպի հայերեն թարգմանությունը

Մայիս 07,2021 12:17

Ընթերցողի սեղանին է դրվել պերուացի գրող Մարիո Վարգաս Լյոսայի «Սոսկալի ժամանակներ» վեպի հայերեն թարգմանությունը։ Հատկանշական է, որ հայերենն առաջին լեզուն է, որով գիրքը թարգմանվում է։ Գիրքը «Նոբելյան մրցանակակիրներ» մատենաշարով լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը, թարգմանությունն իսպաներենից՝ Ռուզաննա Պետրոսյանի, խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան։

«Սոսկալի ժամանակներ»-ը քաղաքական խարդավանքների և դավադրությունների, լատինամերիկյան երկրներին հատուկ բռնապետությունների և անառողջ մթնոլորտում զարգացող իրադարձությունների մասին պատմող պատմաքաղաքական վեպ է, որի հիմքում կոռուպցիան է, իշխանության զավթումը, բարքերի ապականումն ու մարդկային թուլությունները: 2019 թվականին լույս տեսած և աշխարհում առաջինը հայերեն թարգմանված այս վեպը Սառը պատերազմի տարիներին ընթացող միջազգային դավադրությունների և իրարամերժ շահերի խառնակ պատմություն է, որում նկարագրված են գերտերությունների և լատինամերիկյան երկրների միջև փոխհարաբերությունները պատկերող դրվագներ:

Վարգաս Լյոսան իսպանախոս աշխարհի ամենահռչակավոր գրողներից է, ավելի քան երեք տասնյակ վեպերի, դրամաների և էսսեների հեղինակ։ 1995 թվականին նրան շնորհվել է իսպանախոս աշխարհի ամենահեղինակավոր՝ Սերվանտեսի անվան մրցանակը։ 2010 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի։

Նշենք, որ մինչ այդ հայերեն թարգմանությամբ ընթերցողի սեղանին են դրվել «Պանտալեոնը և այցելուների ջոկատը» և «Խուլիա մորաքույրը և գրչակը» վեպերը։

«Անտարես» հրատարակչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31