Լրահոս
Օրվա լրահոսը

Մաթեւոս Ասատրյան. «Ես իրենց ընդդիմություն չէի ասի, ընդդիմությունը խորհրդարանում է». «Հրապարակ»

Մայիս 07,2021 10:58

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանից փորձեցինք պարզել, թե ինչու պետք է հասարակությունը նորից վստահի իրեն խաբած ղեկավարին։ Նա փորձեց համոզել, որ ճանապարհային քարտեզի կեսից ավելին ի կատար է ածվել, մնացածներն ընթացքի մեջ են։ Երբ կոնկրետացրինք հարցը՝ Արցախի կարգավիճակի վերաբերյալ առաջին խոստման մասին, սկսեց փիլիսոփայել․ «Եթե ես ու դու՝ որպես այս երկրի քաղաքացի, որպես հայ եւ որպես մարդ, ով պետությունն ու հայրենիքն ավելի վեր է դասում ամեն ինչից, ցանկություն ունենանք Ղարաբաղը տեսնել ավելի երջանիկ եւ մեր սրտով, այդ դեպքում մենք՝ բոլորս, պետք է լինենք միասնական, ու ես խոստանում եմ, որ ամեն բան էլ կկատարվի։ Հակառակ դեպքում մենք չենք ունենա լավ ապագա եւ մոտ ապագայում հաջողություններ, իսկ եթե մենք բոլորս կուզենանք՝ որպես սրտացավ հայ, երկրի վաղվա օրը երջանիկ եւ մեր բոլորիս պատկերացումներին համապատասխան տեսնել, ապա պետք է համախմբվենք»։

Հարցրինք՝ ինչո՞ւ, այդուհանդերձ, չհաջողվեց իրագործել տված խոստումները, ի՞նչը խանգարեց։ «Ես նախ չգիտեմ՝ որ 15-ի մասին եք ասում, միգուցե դրանք կատարված են։ Երկրորդ․ եթե ինչ-որ բան չի ստացվել կատարել, դա եղել է միտումնավոր քաղաքական լարվածություն ստեղծելու ֆոնի պատճառով, որը շատ հարցերում մեր պետությանը վնաս է պատճառել։ Այդ լարվածություն հրահրողները նպատակ են հետապնդել, որպեսզի իշխանությունները ձախողեն։ Այդ մարդիկ թքած ունեն, որ երկիրն իրենց վարած պրոցեսներից բացասական ձեռքբերում կունենա, նրանց հուզում է իշխանության գալը»,- ասաց իշխանական պատգամավորը։

Այսինքն՝ ընդդիմությո՞ւնն է մեղավոր, որ Փաշինյանի ճանապարհային քարտեզը չի իրականացվել։ «Ես իրենց ընդդիմություն չէի ասի, ընդդիմությունը խորհրդարանում է, որոնք շատ հարցերի շուրջ եկել են կոնսենսուսի, իսկ Ազգային ժողովից դուրս պայքարող մարդկանց ես չեմ համարում ընդդիմություն, նրանց մեջ ազգային մտածելակերպ գոյություն չունի, եթե կասեն հակառակը, թող գան անձամբ ինձ ապացուցեն»։

Փորձեցինք ճշտել, թե, օրինակ, խորհրդարանից դուրս ընթացող պրոցեսներն ինչպես են խանգարել «արցախցիների վերադարձին իրենց հայրենի օջախներ»։

«Հիմա թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի իշխանության կողմից արվում է ամեն բան, որպեսզի Արցախի ժողովուրդը վերադառնա Արցախ եւ հանգրվանի այն հատվածներում, որոնք այսօր ԱՀ տիրապետության տակ են»։ Բայց երեկ էլ հադրութցիները բողոքում էին կառավարության շենքի դիմաց, որ այս խոստումը չի իրականացվել։ «Միգուցե այդ մարդը չի ուզում վերադառնա Արցախ, այստեղ պետության հաշվին իր ժամանակավոր կեցությունն է ապահովում, մինչեւ այնտեղ կլուծվի իր կարգավիճակի հարցը»։ Բայց հադրութցիներին ինչպե՞ս եք վերադարձնելու իրենց հայրենի օջախ, երբ Հադրութը հակառակորդի տիրապետության տակ է։ «Ի՞նչ ա նշանակում՝ ոնց եք վերադարձնելու։ Ոնց որ մենք պիտի մտածենք՝ ոնց ենք վերադարձնելու, ընենց էլ դուք պիտի մտածեք»։

Լուսինե Շահվերդյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31