ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին հարցրինք, թե հստակեցվե՞լ է նրա՝ քաղաքականություն մտնելու ձեւաչափը, ընտրություններին մասնակցելո՞ւ է՝ նկատի ունենալով, որ Սաղաթելյանն ասել էր, թե սկսելու է ակտիվ քաղաքականությամբ զբաղվել։ «Ձեզ հայտնի է, որ ես Միքայել Մինասյանի թիմից եմ, մեր թիմը շատ կազմակերպված եւ կուռ կառույց է։ Այս ընտրություններին մեր թիմը չի մասնակցում՝ որպես քաղաքական միավոր»,- ասաց Սաղաթելյանը։
Հարցրինք՝ ինչպիսի՞ ընտրապայքար է կանխատեսում։ «Ես կարծում եմ, որ որեւէ պարագայում, եթե լինեն ընտրություններ, չարժե հակասություններ փնտրել ընդդիմադիր դաշտի ներսում։ Ամեն ինչ շատ պարզ է, կարող են լինել տարբեր կոնֆիգուրացիաներ, դրանք կարող են ունենալ մարտավարական եւ տեխնիկական բնույթ, իսկ գաղափարը մեկն է՝ ազատել երկիրն այս պատուհաս, ոչ կոմպետենտ դավաճաններից։ Կա իշխանություն, որը տապալել, քանդել է մեր երկիրը, նվաստացրել է մեր ազգային ինքնությունը՝ որպես ազգ, որը սպանել է 5 հազար հոգի, որն անտուն ու անհույս թողել է տասնյակ հազարավոր մարդկանց, եւ կա ընդդիմություն, որը պատրաստ է ցանկացած քաղաքակիրթ ճանապարհով, այս պարագայում հնարավոր է եւ ընտրությունների միջոցով, ազատել այս ազգը այս տականքներից»,- պատասխանեց Սաղաթելյանը։
Միքայել Մինասյանն իր հրապարակման մեջ նշել էր ընտրություններին չմասնակցելու պատճառները, Սաղաթելյանին հարցրինք՝ իսկ ընդդիմադիր քաղաքական ուժերից որեւէ մեկին աջակցելո՞ւ են. «Բոլորը, ովքեր Նիկոլին դեմ են, կարող են ակնկալել մեզնից տարբեր տեսակի օգնություն եւ աջակցություն»։
Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում