Լրահոս
Օրվա լրահոսը

Ճիշտն ասած, հայկական ավանդական տոլմայի մեջ փաթաթված թմրանյութի «առաքում» առաջին անգամ էի հանդիպում

Մայիս 07,2021 14:00

«Մայիսի 4-ին՝ ժամը 05։05-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները շրջայցի ժամանակ հիմնարկի տարածքում նկատել էին կասկածելի շարժ։ Անմիջապես կատարել են տարածքի զննում եւ հայտնաբերել ներնետված փաթեթ՝ պարուրված կպչուն ժապավենով, որին ամրացված է եղել նաեւ 30 մետրանոց պարան, ինչի միջոցով դատապարտյալները փորձել են փաթեթը ներքաշել իրենց խուց, սակայն գործողությունը մնացել է անավարտ՝ հիմնարկի պահպանության ապահովման բաժնի աշխատակիցների աչալրջության շնորհիվ»։

Սա ԱՆ տարածած պաշտոնական տեղեկությունն էր, որի համաձայն՝ նշյալ փաթեթում զննությամբ հայտնաբերվել էր մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 198.57, 2.24, 1.06, 2.81 եւ 4.68 գրամ քաշերով կանաչավուն, առանձնացված զանգվածներ, ինչպես նաեւ՝ թափանցիկ պոլիէթիլենային տոպրակի մեջ լցված, 0.88 գրամ քաշով, հերոինին նմանվող, սպիտակ, փոշենման զանգված։ Հայտնաբերվել էր նաեւ 1 բջջային հեռախոս, 1 wi-fi սարք, 1 ականջակալ եւ 1 USB լար։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

Այս տարվա առաջին երեք ամիսների նորությունները՝ կապված քրեակատարողական հիմնարկներ «արտանետվող», «ներնետվող» իրերի հետ, գրավեց ուշադրությունս, գրավեց նաեւ ժամը, երբ մի ՔԿՀ-ում հիմնականում նման ներնետումներ-արտանետումները կատարվում են ճիշտ նույն ժամին, գրավեց, թե ո՞ր թմրամիջոցն է հաճախ «վառվում», պահանջարկ վայելում, թե ինչ ձեւով են ազատազրկվածները նախընտրում ՔԿՀ-ներում շարժը:

Ճիշտն ասած, հայկական ավանդական տոլմայի մեջ փաթաթված թմրանյութի «առաքում» առաջին անգամ էի հանդիպում: Այս տարվա հունվարի 29-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն անվտանգության ռենտգեն սարքի շնորհիվ զննության են ենթարկել դատապարտյալ Կ.Մ.-ի անվամբ քաղաքացի Վ. Վ.-ի կողմից բերված հանձնուքը։ Տոլմայի միջից հայտնաբերվել էին մարիխուանա տեսակի թմրամիջոցին «նմանվող» 7.22 եւ 7.56 գրամ քաշերով դեղնականաչավուն զանգվածներ։

ՔԿՀ-ների պաշտոնական նորությունների ուսումնասիրությունից կարող եմ կարծել, որ առաջին եռյակը բաժանում են «Արմավիր», «Հրազդան», «Կոշ» քրեակատարողական հիմնարկները:

Մարտի 10-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում անձնական խուզարկության է ենթարկվել ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության կենտրոնական բաժնից հիմնարկ տեղափոխված կալանավորված անձը՝ Գ.Գ.-ն:

Խուզարկությամբ վերջինիս ներքնազգեստից հայտնաբերել են քողարկված 5000 ՀՀ դրամ անվանական արժեքով երկու թղթադրամ եւ թիթեղյա կլոր տարա, որում առկա է եղել 19,11 գրամ քաշով, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգված:

Այս լուրը կարդալով, դուք հավանաբար կմտածեք, թե ինչպես է ոստիկանության բաժնում, թիթեղյա կլոր տարայով մարդը մնացել, մինչ ՔԿՀ տեղափոխելը: Բարեբախտաբար, կտրող, ծակող բան չի եղել մոտը, կարող էր այդպես երկար մնալ ոստիկանությունում, մինչ ՔԿՀ տեղափոխելը:

Մարտի 22-ին՝ ժամը 22:45-ի սահմաններում, «Սեւան» քրեակատարողական հիմնարկի պահակետերից մեկի ծառայողից ահազանգ է ստացվել այն մասին, որ մի քանի դատապարտյալ փորձում է մոտենալ ներքին արգելագոտուն: Ահազանգից անմիջապես հետո ծառայողները ներկայացել են ահազանգի վայր, սակայն որեւէ իր, մարդ չի հայտնաբերվել: Ժամը 01:45-ի սահմաններում, դիտաշտարակների միջնամասում հայտնաբերել են կպչուն ժապավենով պարուրված պոլիէթիլենային փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա, ափիոն տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված, կանեփի յուղ հիշեցնող զանգված, 2 բջջային հեռախոս եւ USB լար:
Եթե նկատում եք, բջջային հեռախոսների «առաքում» էլ կա:

Մարտի 24-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները խուզարկություն են իրականացրել հիմնարկի խցերում, որտեղ մեկի պահարանում հայտնաբերել են մեկական USB լար եւ ականջակալ, իսկ հատակում նախապես պատրաստված թաքստոցից՝ մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 2,67 գրամ քաշով, առանձնացված 2 փաթեթ, ապակյա գլանակ եւ արգելված իրերի փոխանցումն ապահովելու համար նախատեսված, 24 մետր երկարությամբ պարան:

Մարտի 28-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, «Կոշ» քրեակատարողական հիմնարկի տեղանքի զննության արդյունքում ներքին արգելագոտու տարածքում հայտնաբերվել էր ներնետված պոլիէթիլենային տարա եւ կպչուն ժապավենով պարուրված փաթեթ: Ի դեպ, «Կոշը» «դասական» է կպչուն ժապավենով փաթեթների հարցում, «նորամուծություն» այս հարցում չկա: «Կոշի» տարայում եղել է բջջային հեռախոս, իսկ փաթեթում՝ մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգված, մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածներ, թմրամիջոց հանդիսացող 1 դեղահաբ, ինչպես նաեւ փաթեթի ծանրությունն ապահովելու համար նախատեսված քար:

Ապրիլի 1-ին , «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի ծառայողները տեսակցությունների համար նախատեսված սենյակում բազմոցի տակից հայտնաբերել էին պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված, ափիոն տեսակի թմրամիջոցին նմանվող կոշտ զանգված:

Ապրիլի 8-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները կալանավորված անձ Կ. Օ.-ի անվամբ բերված հանձնուքի զննությամբ 1 կգ շաքարավազի մեջ հայտնաբերել են մեթամֆետամին եւ պրեգաբալին (լիրիկա) տեսակի թմրամիջոցներին նմանվող, սպիտակ, հատիկավոր զանգվածներ:

Ապրիլի 14-ին «Սեւան» քրեակատարողական հիմնարկի տեղանքի զննության արդյունքում քողարկող երկու պատերի միջնամասից հայտնաբերել են ներնետված երկու փաթեթ՝ պարուրված կպչուն ժապավենով։

Դարձյալ մեթամֆետամին, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող առանձնացված զանգվածներ, ինչպես նաեւ փաթեթի ծանրությունն ապահովելու համար նախատեսված քարի փոխարեն՝ երկաթյա խողովակի կտոր:

Փաստերի առթիվ նախապատրաստվել են նյութեր, նշանակվել դատաքիմիական փորձաքննություն:
ՀՀ Ազգային ժողովի կողմից 2002 թվականի դեկտեմբերի 26-ին ընդունվել է «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքը։ Օրենքով կարգավորվում են թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի շրջանառության հետ կապված հարաբերությունները, սահմանվում քաղաքացիների առողջության, պետության եւ հասարակության անվտանգության ապահովման նպատակով դրանց ապօրինի շրջանառությունը կանխարգելելու պետական քաղաքականության իրավական հիմքերը եւ թմրամոլության դեմ պայքարի հիմնական միջոցները։

Ոլորտը կարգավորում են նաեւ հետեւյալ իրավական ակտերը. ՀՀ քրեական օրենսգիրքը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը, ՀՀ-ում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների կազմը (ցանկը) հաստատելու մասին կառավարության որոշումը, «Թմրամոլների նկատմամբ բժշկական դիտարկման եւ նրանց հաշվառման կարգը սահմանելու մասին» կառավարության որոշումը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված են թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի այն չափերը, որոնք համարվում են «մանր»։ ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված են թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի «զգալի», «խոշոր» եւ «առանձնապես խոշոր» չափերը։

Անցյալ տարվա մայիսին ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ 30-ամյա կալանավորին մեղադրանք առաջադրվեց՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Պարզվել էր, որ կալանավորը, որն առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու եւ իրացնելու դեպքի առթիվ քննված մեկ այլ քրեական գործով ունեցել է մեղադրյալի դատավարական կարգավիճակ, գտնվելով ՔԿՀ-ում, շարունակել է զբաղվել թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ՝ քրեակատարողական հիմնարկից դուրս գտնվող, իրեն օժանդակող, քննությամբ չպարզված անձանց միջոցով:
Նա իրեն օժանդակող անձի հետ պարտավորվել է կալանավորի մատնանշված վայրերից վերցնել MDMB (N)-2201 կրճատ անվամբ թմրամիջոցները, այնուհետեւ դրա իրացման նպատակով տեղափոխել եւ թաքցնել նրա մատնանշած մեկ այլ վայրում:

Կալանավորը յուրաքանչյուր անգամ թմրամիջոցներ ձեռք բերելիս «Իդրամ» վճարային համակարգի իր հաշվից գումարներ է փոխանցել կալանավորի կողմից օգտագործվող նույն վճարային համակարգի հաշվին՝ վճարելով թմրամիջոցների դիմաց:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31