Լրահոս
Օրվա լրահոսը

«Անընդհատ իրադարձությունների հետեւից ենք գնում` փոխանակ նկատելու եւ կիրառելու հակաթույնը»

Մայիս 07,2021 13:30

ԻԿՕՄՕՍ-Հայաստան ազգային կոմիտեի նախագահ Գագիկ Գյուրջյանը` մշակութային ժառանգության պահպանության եւ Ադրբեջանի գործողությունների մասին

ԻԿՕՄՕՍ-Հայաստան ազգային կոմիտեի նախագահ Գագիկ Գյուրջյանը «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի կողմից հայկական հուշարձաններն ավերելու կամ դրանք սեփականելու թեմային եւ մասնավորապես վերջին գործողություններին, ասաց, որ ինքը խնդիրը դիտարկում է հետեւյալ տեսանկյունից` վերջապես մենք այս պատմությունից դասեր քաղելո՞ւ ենք, թե՞ ոչ: «Մենք անընդհատ իրադարձությունների հետեւից ենք գնում, անընդհատ կրկնում ենք նույն սխալը ու նույն երեւույթը չենք գնահատում: Ադրբեջանցիները կամ աղվանացնում են մեր ժառանգությունը, կամ այն, ինչը տիպիկ հայկական է՝ ոչնչացնում են, մի բան, որ գալիս է աղքատի հոգեբանությունից, միայն մշակութային ժառանգություն չունեցողն է ունակ գողանալ կամ ոչնչացնել: Այս ամենով հանդերձ, մենք անընդհատ չենք ուզում նկատել դրա հակաթույնը»,-ասում է պարոն Գյուրջյանը:

Նա ցավով է փաստում, որ տարիների ընթացքում հետեւողականորեն ոչնչացրել ենք այն դպրոցը, որը պետք է ստեղծեր հակաթույնը. «Մեր` հուշարձանների պահպանության ոլորտը խորհրդային տարիների լավագույն դպրոցն էր… իսկ մենք կամաց-կամաց ոչնչացրինք ամեն ինչ, վերացրինք նախագծային ինստիտուտները, որոնք հատուկ մասնագիտացված էին հուշարձանների վերականգնման համար, վերացրինք պատմամշակութային արվեստանոցները: Դրանք գիտաարտադրական արվեստանոցներ էին, որոնք ռեստավրացիոն գործունեություն էին կատարում, վերացրինք ռեստավրացիայի դպրոցները: Վարվեցինք ճիշտ այն հեռուստացույց սարքողների նման, որ լամպը հանում-գցում է մի կողմ ու ասում է` առանց սրա էլ կաշխատի… Մենք կամաց-կամաց պարզեցրինք թեման, հետո եկավ մի պահ, երբ հուշարձանները դարձան խոչընդոտ քաղաքաշինական գործունեության համար: Իհարկե, ամբողջ աշխարհում էլ քաղաքաշինությունը եւ ժառանգության պահպանությունը իրար հետ հակադրվում են, բայց գտնվում են լուծումներ, որ դրանք ոչ թե խանգարեն, այլ միմյանց լրացնեն»:

Գագիկ Գյուրջյանը կարծում է, որ անհրաժեշտ են մասնագետներ, որոնք պետք է ճիշտ ներկայացնեն ամեն բան, երբ վիճելի հարցեր են ծագում. «Օրինակ, ասում ենք վրացիները մեզանից տանում են մեր եկեղեցիները, վրացականացնում են… Մենք նաեւ մեկնաբանություններում ճիշտ չենք… Ենթադրենք, վրացիներն ասում են Ախթալան վրացական է, մենք ասում ենք` հայկական է, մենք ճիշտ չենք բացատրում, հանրությանը ճիշտ չենք ներկայացնում, որ Ախթալան ոչ թե վրացական է, այլ վրացադավան եկեղեցի է, քաղկեդոնիկ է, մենք պետք է պարզ ասենք, որ դա կառուցել են ուղղափառ հայերը: Որովհետեւ երբ այդպես ես մեկնաբանում, կոնֆլիկտ չի լինում, պահպանության խնդիրն էլ չի տուժում: Անհրաժեշտ է ունենալ համապատասխան մասնագետների դպրոց, որի մասին անընդհատ թմբկահարում ենք, բայց գործը առաջ չի գնում»:

ԻԿՕՄՕՍ-Հայաստանի նախագահն ասում է, որ գիտաժողովների, քննարկումների ժամանակ անընդհատ խոսվում է իրավիճակի մասին. «Մենք փոխանակ լուծումներ առաջարկենք, անընդհատ պատմում ենք մի բան, որի մասին բոլորս գիտենք: Մինչդեռ կարելի էր մի 100 առաջարկ հնչեցնել, որոնցից 5-10-ը հաստատ խելքին մոտ կլինեին, գիտականորեն հիմնավորելի: Այսինքն, նաեւ առաջարկների բանկն է բացակայում: Դրսում էլ երբ ինչ-որ բան ենք ներկայացնում, մեր ասելիքը պետք է հագեցած լինի առաջարկներով: Պետք է հասկանանք, թե այսօր ինչ հնարավորություններ ունենք, այսրոպեական ի՞նչ «բռնվելու տեղեր», որպեսզի այսօրվանից աշխատենք դրանց վրա, որ հեռանկարում ուժեղ կռվաններ դառնան»:

Գագիկ Գյուրջյանի ձեւակերպմամբ, հայկական կողմը լիարժեք չի օգտվել «ձեռքի տակ» եղած բոլոր հնարավորությունից, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահող երկրների ղեկավարներ Պուտինի եւ Մակրոնի` հայկական ժառանգության խնդիրներով մտահոգ լինելու հայտարարությունից, դա գործ չի դարձրել: Նույնն էլ վերաբերում է Ֆրանսիայի մշակութային ժառանգության պահպանության գիտահետազոտական կենտրոնի տնօրենի եւ աշխատակիցների այցելությանը. մարդիկ հանդիպումներ են ունեցել տարբեր շրջանակների հետ, առաջարկել իրենց աջակցությունը մշակութային ժառանգության պահպանության համատեքստում, ու դրան դեռ ոչինչ չի հետեւել, որովհետեւ հայկական կողմը բավականաչափ ակտիվ չէ:

Նա մեկ ուրիշ օրինակ է բերում. «Այսօր ռուս խաղաղապահներն են անվտանգություն ապահովում Դադիվանքում: Ես առաջարկում եմ այնպիսի ճկուն բան մտածել, համաձայնեցնել իրենց հետ, որ խաղաղապահների կազմում գուցե մի ստորաբաժանում լինի, որը հենց մշակութային ժառանգության պահպանությամբ զբաղվի: Այնպես չի, որ այսօր պարտադիր է, որ ամեն հուշարձանի կողքին մարդ լինի, բազմաթիվ հնարավորություններ կան` արբանյակ եւ այլն: Կարելի է մի կենտրոն ստեղծել, ընդգրկել մասնագետների, որոնք էլ կզբաղվեն դրանով: Օրինակ, Իրանում, երբ ծանոթանում էինք իրենց Ժառանգության պահպանության ծառայությանը, Շիրազում մի թանգարան գնացինք, որտեղ զինվորներ էին հսկում: Պարզվեց, որ իրենց բանակում կա հատուկ ստորաբաժանում, որը հսկում է պատմամշակութային ժառանգության կարեւոր օբյեկտները… Մի խոսքով, բազմաթիվ բաներ կան, որ կարող ենք անել, ոչ թե նստել ու սպասել»:

ԻԿՕՄՕՍ-Հայաստանի նախագահը կարեւորում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին նամակներ գրելը, օրինակ, երբ սկսվել էր Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմը, հոկտեմբերի 2-ին դիմել էին միջազգային ԻԿՕՄՕՍ-ին` այն մտահոգությամբ, որ ռմբակոծության ենթարկվող Հայաստանի ու Արցախի տարածքները հարուստ են պատմամշակութային հուշարձաններով, իսկ դրանք միտումնավոր թիրախավորվում են: ԻԿՕՄՕՍ-Հայաստան-ը խնդրել էր, որ միջազգային ԻԿՕՄՕՍ-ն իր բողոքի ձայնը բարձրացնի, նույն նպատակով դիմի նաեւ աշխարհի տարբեր երկրների ազգային կոմիտեներին: Նաեւ նյութեր էին ուղարկել ոչ միայն ԻԿՕՄՕՍ-ին, այլեւ «Կապույտ վահան» միջազգային կազմակերպությանը, որը հետեւում է եւ մշտադիտարկում է իրականացնում, թե ինչպես է պատերազմական իրավիճակներում գործում Հաագայի կոնվենցիան, եւ ինչպես են պաշտպանվում հուշարձանները:

Այժմ, ըստ պարոն Գյուրջյանի, խնդիր է առաջել Հայաստանում «Կապույտ վահանի» ազգային մասնաճյուղ ստեղծելու, եւ գործընթացն արդեն սկսված է: Գագիկ Գյուրջյանը նշում է, որ Հայաստանը միացել է 5 միջազգային կոնվենցիաների (1. Մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված ՅՈՒՆԵՍԿՕ-ի հեղինակած հինգ կարեւոր միջազգային կոնվենցիաները՝ Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պահպանության մասին կոնվենցիա, Հաագա 1954, 2. Մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը եւ դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն արգելելու եւ կանխելու միջոցառումների մասին կոնվենցիա, 1970 Փարիզ, 3. Մշակութային եւ բնության համաշխարհային ժառանգության պահպանության մասին կոնվենցիա, 1972թ. Փարիզ, 4. Համաշխարհային ոչ նյութական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիա, Փարիզ 2003, 5. Մշակութային արտահայտումների բազմազանության պաշտպանության եւ խրախուսման մասին կոնվենցիա, 2005թ. Փարիզ), որոնցից չենք օգտվում:

Պարոն Գյուրջյանի կարծիքով, պետք է մանրամասն ուսումնասիրել այդ կոնվենցիաները: Նրա համոզմամբ, դրանց մեջ կան այնպիսի կետեր, որտեղից կարող ենք «բռնվել»՝ Ադրբեջանի գործողությունները միջազգայնորեն դատապարտելու եւ պատժելու համար: Նրա համոզմամբ, նաեւ ինքներս լավ չենք ճանաչում մեր ժառանգությունը, ու պետք է այն դպրոցներում, բուհերում եւս դասավանդել, հատկապես որ՝ համապատասխան ձեռնարկ է հրատարակվել ուսուցիչների համար «Պահպանություն հանուն ապագայի» վերնագրով` ԵՄ արեւելյան գործընկերության «Մշակույթ» ծրագրով իրականացվող «Տարածաշրջանային համագործակցություն հանուն մշակութային ժառանգության» նախագծի շրջանակում` ԻԿՕՄՕՍ-Հայաստանի կողմից պատրաստված: Նա պնդում է, որ պետք է ստեղծվի ինչ-որ կենտրոն, օղակ, որը պետք է զբաղվի իր նշած բոլոր հարցերով` սկսած տարբեր մասնագետների, այդ թվում՝ ճարտարապետական ժառանգության տեսաբանների պատրաստումից, վերջացրած միջազգային հարթակներում հարցը փաստարկված բարձրաձայնելով:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31