«Ալենին առաջին անգամ տեսել եմ 2016 թվականի սեպտեմբերի 1-ին։ Այդ օրը իմ կյանքի ամենալուսավոր, ամենաերջանիկ, ամենապայծառ օրերից մեկն էր։ Ուսանողական տարիներիս ինձ բռնացնում էի այն մտքի վրա, որ բախտավոր եմ, հիմա էլ հաճախ ինձ երանի եմ տալիս, որ ես ճանաչել եմ Ալենի նման մարդու, Ալենի նման մեծ հայի, որն ամեն ինչի կգնար քեզ համար, որը կտար իր ներկան ու ապագան քեզ համար։ Ալենը խոստացել էր, որ միշտ մեզ հետ կլինի, նույնիսկ ծառայության մեջ, նույնիսկ ԱՄՆ-ի ցանկացած վայրում եւ նա կատարեց իր խոստումը։ Ալենին տեսնելով, իր հետ շփվելով հասկացա, որ ես իմ առջեւ պետք է խնդիր դնեմ` հասնել Ալենի կրթվածության, փորձի, գիտելիքների գոնե 50 տոկոսին։ Ալենը մեզ ուղղորդում էր, խորհուրդներ էր տալիս։ Թույլ տվեք ասել, որ նա մեր ուժն էր, մեր կարողությունն էր ու սրանք լոկ բառեր չեն…»,- «Առավոտի» հետ զրույցում պատմում է Արցախյան երկրորդ պատերազմում անմահացած Ալեն Մարգարյանի կուրսընկերուհին` Լուսինե Գալստյանը։
«Ամեն լսարան Ալենին է հիշեցնում, մեր արվեստանոցը, այն մեր տունն էր դարձել, հիմա, որ մտնում եմ` պատին Ֆրունզե Դովլաթյանի նկարի կողքին սեւ շրջանակի մեջ իր նկարն է։ Սիրտդ փշրվում է։ Սոսկալի դաժան է, մեծ ցավ, ախր ինչո՞ւ, ինչո՞ւ պետք է այդպես լիներ։ Ամեն անկյուն իրեն է հիշեցնում, մեր պարի դասերն եմ հիշում, մեր մեծ դահլիճը, որտեղ պար էինք սովորում։ Մեր դասի ժամերը վայրկյան առ վայրկյան հիշում եմ, ամբողջ կյանքիս ընթացքում պետք է պահեմ հիշողություններս, որ հանկարծ Ալենի կերպարը չմոռանամ, իրեն չմոռանամ»,-ասում է նա։ Ընկերները մայիսի 8-ին հանդես կգան Ալենին նվիրված գրքի շնորհանդեսով։
Մեզ հետ զրույցում Լուսինեն պատմեց գրքի ստեղծման պատմությունը. «Գիրք գրելու եւ հրատարակելու գաղափարը ծագեց Ալենի՝ «ԹՈՒՄՈ» կենտրոնի ընկերների մոտ, որտեղ նա սովորել էր եւ դասախոսում էր։ Ցանկացան, որպեսզի այդ մեծ գաղափարը միասին կյանքի կոչենք։ Գիտեք` հերոսները մահանում են այն ժամանակ, երբ սերունդները չեն հիշում։ Այս պատերազմը խլեց հազարավոր հայորդիների լուսավոր կյանքերը, Ալենը նրանից մեկն էր։ Ալենի օրինակով մենք գալիք սերունդներին պետք է թողնենք հիշողություններ, նրանք մեզ համար ընկան, հայրենիքի համար դրեցին իրենց կյանքն ու մեզ մնում է սերունդներին ավանդել իրենց սխրանքները, հայրենասիրության լավագույն օրինակները դնել իրենց առջեւ, որ տեսնեն ու կրթվեն։ Նրանք ծնվեցին, աշխարհ եկան ու տվեցին մեզ իրենց հավերժ մեծարելու ու հիշելու։ Հպարտանալու ու խորհելու, արդյո՞ք ես արժանի էի իրենց կյանքին։ Արդյո՞ք ես իմ երկրի ու իրենց ընտանիքի համար ճիշտ ու օրինակելի հայ եմ։ Արդյո՞ք ես ճիշտ հայ եմ։ Ես գրել եմ իմ մեծ հիշողությունների շտեմարանից մի քանի թանկ ու անգին հատվածներ, որ ընթերցողը հնարավորինս զգա, ճանաչի, ու հասկանա»։
Լուսինեն ասում է, որ այս գիրքը ընթերցողը չպետք է կարդա իբրեւ գեղարվեստական գրականություն. «Մենք ուզում եք, որ աշխարհը փոխելու Ալենի դժվար ու անբացատրելի թվացող գաղափարը իր հետ կյանքի կոչենք։ Այո՛, իր հետ, որովհետեւ Ալենը կա, մեր մեջ է։ Նա մեզ թողեց իր ծրագիրը, բայց չասաց ինչպես։ Մենք միասին այդ բանալիները պետք է գտնենք»։ Գրքի շնորհանդեսը տեղի կունենա մայիսի 8-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում։ Գիրքը, որի վերնագիրը` «Բոլորիս Ալենը» անվանումն է կրում, հրատարակել է «Զանգակ» հրատարակչությունը։
Կարդացեք նաև
Շնորհանդեսն ուղեկցվելու է երաժշտությամբ, «Կադանս» անսամբլի մասնակցությամբ։ Ներկա կարող են գտնվել բոլոր նրանք, որոնք ճանաչել են Ալենին, որոնք կուզեին ճանաչել, բայց չհասցրին, նրանք, որոնք պատերազմից հետո ճանաչեցին ու սիրեցին նրան։
Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
06.05.2021