Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշին 1902թ. մայիսին

Մայիս 07,2021 12:30

Մայիսի 4-ին Շուշիի գավառի Հերհեր գյուղում սաստիկ անձրեւ է տեղացել, որը տեւել է շուրջ երեք օր: Մարդիկ ուրախացել են, որ վերջապես «ծարաւ անձրեւի կարօտ արտերը կշտացան»: Գյուղացիները, որ երաշտի պատճառով դադարել էին արտերը վարելուց, նորից եռանդով սկսել են իրենց գործը: Սակայն անձրեւը իր օգուտի հետ, մի մեծ վնաս էլ հասցրել է մի դժբախտ հայ ընտանիքի: Սխտորաշեն գյուղում մի աղքատ 10 հոգիանոց ընտանիքի հայր մահանում է՝ մնալով փլված թոնրատան ծածկի տակ:

Այդ սրտաճմլիկ պատմությունը տեղի է ունեցել հետեւյալ կերպ. «Առաւօտեան զարթնելուց, նա նկատում է, որ իրանց մի եզը մտնելով թոնրատունը, անձրեւից պաշտպանվելու համար, ընկել է թոնրի մէջ եւ սատկելու վրա է: Կանչում է դրացիներին՝ եզան ազատելու: Հաւաքվում են մարդիկ եւ ամբողջ մի ժամ չարչարվում են, բայց չեն կարողանում ազատել: Յանկարծ դրանցից մէկը նկատում է, որ թոնրատունը տեղից ծռվում է: Իմացում է տալիս, բոլոր մարդիկ դուրս են փախչում, իսկ տէրը, որ դժուարանում է իր հաւատարիմ եւ լծակից կենդանուն թողնել օրհասական դրութեան մէջ, ուշանում է: Թոնրատունը ամբողջովին փլվում է, թողնելով իր տակը եզանը եւ իր տիրոջը: Սպանվածի ընտանիքը չքաւոր դրութեան մէջ է: Գիւղացիներից բարի մարդիկ փող, հաց հաւաքեցին եւ պատարագի ծախսեր հոգացին»:

Քրիստափոր Կարա-Մուրզայի երգչախումբը Շուշիում՝ 1894 թ.

Մայիսի 5-ին Արցախի թեմի առաջնորդ Գրիգորիս եպս. Գառնակերյանը օծել է Սեյդիշեն (ներկայիս Խաչեն) գյուղի նորակառույց եկեղեցին, որը կառուցվել էր Ներսես Սարումյանի նախաձեռնությամբ. «Մօտ 10 տարի է, որ դրվել է Սէյդ-շէն գիւղի խարխուլ եկեղեցին եւ այս տասը տարվայ ընթացքում խեղճ գիւղացիները մնացել էին առանց աղօթատեղի: Քանիցս անգամ հաւաքվել նախահաշիւ էին կազմել նոր եկեղեցի կառուցանելու համար, բայց գիւղացիները իրանց քայքայված տնտեսութեամբ որտեղից պիտի գտնէին հազարներ նոր եկեղեցի կառուցանելու, մինչդեռ հազիւ հազ կարողանում են քարշ տալ իրանց ողորմելի գոյութիւնը: Եւ ահա պ. Սարումեանը օգնութեան է գալիս իր համագիւղացիներին, իր վրա առնելով կառուցման նախաձեռնութիւնը: Պարոնը արժանի է շնորհակալութեան: Սակայն, պարոնը որքան մեծ գործ կատարած կը լինէր, եթէ այս հոյակապ եկեղեցու կողքին հիմք գցէր եւ մի ուսումնարանի»: Հավելենք, որ արմատներով այդ գյուղից էր հայտնի գրող Ղազարոս Աղայանը, որի նախնիները 1800-ական թթ. գաղթել էին Բոլնիս-Խաչեն եւ գյուղի ներկայիս դպրոցը կրում է նրա անունը, իսկ նրանց տունը երկար ժամանակ ծառայել է որպես գյուղապետարանի շենք:

Կարա-Մուրզայի երգչախմբի ելույթի ծրագիրը

Արդեն մայիսի կեսերից Շուշիում եղանակը կայունացել է եւ նշվել է, որ «Շնորհիւ այս տարուայ նպատաւոր եղանակների, մեզանում եւ շրջակայքում ցանքսերը չտեսնուած առատութիւն են խոստանում, եթէ միայն յետոյ բնութեան պատուհասներից զերծ մնան արտերը»:
Նաեւ թղթակիցները գրել են, որ նահանգական իշխանության կարգադրությամբ, Շուշիի գավառի գյուղացիները աշխատում են դաշտային տեղերում ահագին քանակությամբ մորեխ ոչնչացնելու համար: Նրանք աշխատանքից վերադառնալով պատմել են, որ մորեխները, թեեւ շատ են, բայց ոչ մի շոշափելի վնաս չեն հասցրել արտերին, հավանաբար այն պատճառով, որ այս տարի բուսականությունը շատ հարուստ է եղել եւ նրանք բավականաչափ կերակուր են ունեցել: Անշուշտ, եթե ապրիլ ամսվա եղանակային ավերումները չլինեին, ապա գավառը առատ հունձ կունենար եւ քրտնաջան գյուղացին կվաստակեր իր աշխատանքի պտուղները:

Մայիսի 16-ին Շուշիի քաղաքային վարչությունը քննարկել է քաղաքային նորաբաց դեղատան կապալառուի խնդիրը: Վերջինս խնդրել է վարչությունից պայմանավորված կապալի գումարը պակասացնել, քանի որ ինքը վնաս է կրում: Նա նաեւ 1000 ռ. գրավական էր թողել վարչությունում: Մեկ ուրիշը առաջարկել է, որ իրեն հանձնվի դեղատունը եւ ինքը այդ կապալառուից էլ ավելի կվճարի 100 ռ. եւ որպես գրավական կթողնի իր 10,000 ռ. արժողությամբ տունը: Իսկ ուրիշն էլ առաջարկել է 2000ռ. գրավական եւ այլն: Բայց վարչությունը մերժել է այդ դիմումները եւ որոշել է ընտրել մի մասնաժողով, որը կքններ ներկա կապալառուի հաշվեմատյանները ու համաձայնություն կկայացներ նրա հետ:

Մայիսին ավարտվել են քաղաքի դպրոցների քննությունները: Թեմական դպրանոցը արդեն մայիսի 20-ից արձակել է աշակերտներին: Ընթացավարտներ են տվել Ռեալական ուսումնարանը 20 հոգի, որոնցից մեկ լեհ, մեկ թուրք, մնացածը հայեր, Թեմական դպրանոցը՝ 7 հոգի, Մարինյան օրիորդական դպրոցը՝ 18 հոգի, մեկ ռուս, 17 հայուհիներ, Քաղաքային ուսումնարանը՝ 21 հոգի, մեկ ռուս, երեք թուրք եւ 17 հայեր: Նշվել է Թեմական դպրանոցի դասընթացն ավարտածների անունները՝ Սարգիս Պարոնյան, Արսեն Տերտերյան, Լեւոն Հայրապետյան, Գերասիմ Բաղդասարյան, Գեւորգ Մելիք-Շահնազարյան, Խաչիկյան եւ Վարդան Մամիկոնյան:

Մայիսի 27-ին Խանքենդում (ներկայիս Ստեփանակերտ) վլադիկավկազյան գնդից մի կազակ անցել է թուրքին պատկանող մարգագետնով եւ պատահել է նրա երկու որդիներին, որոնք կռվի են բռնվել նրա հետ ու սպանել են նրան: Շուտով, դեպքի մասին տեղեկացվել է պրիստավին եւ թուրքերը ձերբակալվել են:

Թուրքերի անմարդկային վայրագության հետ կապված մեկ ուրիշ դեպք էլ տեղի է ունեցել Շուշիում. «Մայիսի 31-ին քաղաքիս առաջին մասում մի թուրք մի հայից պահանջում է, որ իրեն հասանելիք փողը վճարէ. հայը համաձայնւում է կատարել թուրքի պահանջը միայն այն դէպքում, երբ վերջինս իրեն մօտ գտնուող ստացականը կը տայ նախապէս: Թուրքը հայի այդ օրինաւոր պահանջը չէ կատարում, այլ ստիպողաբար շարունակում է իւր պահանջը: Վէճը երկար չի տեւում, եւ կատաղած թուրքն առանց այլեւայլի բռունցքի հարուածներ է տեղում հայի գլխին: Իսկոյն հաւաքւում է մեծ ամբոխ, գալիս է եւ ոստիկանութիւնը, որ մի կերպ կարողանում է անջատել ընդհարուողներին: Միջամտելու ժամանակ ոստիկաններից երկու հոգի չարաչար ծեծւում են թուրքերից: Ոստիկանութիւնը պատահած դէպքի մասին արձանագրութիւն է կազմում: Հազիւ քառորդ ժամ է անցնում դրանից յետոյ, եւ ահա յիշեալ թուրքի եղբայրն ատրճանակը ձեռքին գալիս կանգնում է ուղիղ այնտեղ, որտեղ պատահել էր յիշեալ դէպքը, եւ անլուր հայհոյանքներ է թափում մասնաւորապէս յիշեալ հայի եւ ընդհանրապէս հայերի հասցէին, էլ ո՛չ ազգութիւն եւ ոչ էլ կրօն թողնելով: Ոչ ոք ձայն չի հանում եւ գործն այդպէս էլ վերջանում է»:

Մայիսին, Շուշիից գնդապետ Կ. Դանիելյանցը 5 ռ. է նվիրել Կարա-Մուրզայի աշխատությունների հրատարակման օգտին: Հարկ է նշել, որ 1902թ. ապրիլի սկզբին, Քրիստափոր Կարա-Մուրզայի մահվան հետ կապված, Շուշիից Մարտիրոս Ղահրամանյանը գրել է հիշողություններ՝ նրա երգչախմբի կազմավորման ու ելույթի մասին. «Ուրախութեանս չափ չը կար, երբ լսեցի մի օր, որ Կարա-Մուրզան Շուշի է գալիս խումբ կազմակերպելու: Ճիշտ չը գիտեմ, թէ այդ ո՞ր թւականն էր, միայն այսքանս գիտեմ, որ ես սեմինարիայի ստորին դասարանների աշակերտ էի: Փորձերը մեր դպրոցի դահլիճում պէտք է լինէին: Այդ բանը չափազանց ուրախացրեց: Մի գեղեցիկ օր դպրոցի ահագին դահլիճը լցված էր երկսեռ հասարակութեամբ. այդտեղ կային կանայք, օրիորդներ, րէալիստներ եւ հասարակութիւնից շատ շատերը, որոնք բոլորն էլ մի տեսակ ուրախ էին տրամադրված եւ սպասում էին Կարա-Մուրզայի գալուն: Յանկարծ դուռը բացվեց եւ ներս մտաւ նա: Չը գիտեմ ի՞նչ պատահեց ինձ հետ, միայն այսքանս կասեմ, որ նա իսկապէս սպասածիս համեմատ տարօրինակ թւաց ինձ: Տարօրինակ էին մանաւանդ նրա չափազանց երկար մազերը, որոնք ալիքանման թափվել էին նրա ուսերի վրա, ակնոցների տակից երեւում էին նրա մեղմ ու կրակոտ աչքերը, ճակատը բաւական լայն էր, իսկ նրա ամբողջ կազմուածքն ու դէմքի արտայայտութիւնը մի տեսակ վեհութիւն էր արտայայտում: Դահլիճոմ լռութիւն էր տիրում, ամենքը սպասում էին, թէ ինչ կը խօսէ նա: Կարա-Մուրզան բոլորին սիրալիր կերպով բարեւելուց յետոյ բացատրեց, թէ ինչու է հրաւիրել ներկայ եղողներին եւ ապա սկսեց նրանց ձայների բաժանել: Մի քանի րօպէում հանդիսականները իրանց ձայների համեմատ չորս մասի էին բաժանված, որոնց թւում գտնվում էի եւ ես: Նրա աշխոյժը, եռանդը ուղղակի ինձ զարմանք էին պատճառում:
-Քառորդ ժամից յետոյ դուք քառաձայն երգ կը լսէք, ասաց նա եւ սկսեց առաջին ձայնից:

Նա մի այնպիսի համոզմունքով արտասանեց այդ խօսքերը, որ մեզանից իւրաքանչիւրը կամայ-ակամայ նրա համոզմունքին գալով՝ զգում էր, որ իսկապէս շուտով քառաձայն երգ կը լսէ: Եւ մի՞թէ այդ մարմնացեալ համոզմունքը չէ, որ բոլորին կապում էր Կարա-Մուրզայի հետ: «Մեր հայրենիքը» որոշված ժամին արդէն պատրաստ էր… Մի քանի օրվայ մէջ արդէն կօնցերտի ծրագրի մէջ պարունակող երգերը գիտէինք: Պարապմունքները այնքան ուրախ ու աշխոյժ էին կատարվում, որ ոչ ոք մի դժգոհութիւն չէր յայտնում, ոչ ոք մի րօպէ չէր ուշանում: Փորձի ժամանակ նա գիտէր բոլորի հայացքները իր վրա կենտրոնացնել: Մեր խումբը, եթէ չեմ սխալվում, 80 հոգուց էր բաղկացած: Կօնցերտը ահագին բազմութիւն էր գրաւել պ. Խանդամիրեանի թատրօնական դահլիճը: Կարա-Մուրզայի աջողութիւնը այդ երեկոյ կատարեալ էր: Հանդիսականները անվերջ ծափահարութիւններով ընդունեցին նրան: Մի երկու այդպիսի կօնցերտ տալով, իսկ վերջում իր խումբը տեղական տարազով նկարել տալով, մի օր շնորհակալութիւն յայտնեց բոլորիս եւ յայտնեց, որ միւս օրը մտադիր է Թիֆլիս ուղեւորվելու: Կարծես թէ բոլորի վրա սառը ջուր մաղվեց: Կարճ ժամանակամիջոցում մենք այնպէս էինք կապվել նրա հետ, որ անջատվել անկարելի էր թւում: Սակայն, հակառակ մեր ցանկութեան, միւս օրը ճանապարհ էինք գցում Կարա-Մուրզային… Նա մի աստղ էր հայկական խաւար անդաստանում, որ փայլեց կարճ ժամանակով, բայց այդ կարճ ժամանակամիջոցում կարողացաւ իր քնարի քաղցրահնչիւն լարերով մեղմացնել հայի կոշտացած սիրտը եւ մայրենի երգը նրան սիրելի դարձնել: Եկ ընթերցող, գլուխ խոնարհենք այդ ոյժի առաջ»:

Հավելենք, որ Շուշիում Կարա-Մուրզայի երգչախմբի ելույթը տեղի է ունեցել 1894թ. օգոստոսի 4-ին: Այդ խմբի մեջ էր նաեւ տաղանդավոր քանդակագործ Հակոբ Գյուրջյանը: Կարա-Մուրզան վախճանվել է 1902թ. մարտի 27-ին Թիֆլիսում:

Մայիսի վերջին նշվել է, որ հունիսին Խանդամիրյան թատրոնի դահլիճում կսկսվեն Հայ դերասանական դրամատիկ ընկերության ներկայացումները՝ տիկին Սիրանույշի մասնակցությամբ: Խմբի կազմում հանդես կգան տ. Ավետյանը, օր. Նվարդը, Փառանձեմը, օր. Քնարիկը, պարոններ՝ Ալիխանյանը, Աղայանը, Արմենյանը, Ավետյանը, Բերոյանը, Զարիֆյանը, Մելիք-Հովսեփյանը, Խաժակ Պետրոսյանը, Ստեփանյանը, Ռշտունին եւ այլք: Նրանք հանդես են գալու «Հայրենական տուն», «Իզեիլ», «Կամելիազարդ տիկին», «Մադամ Սանժեն» եւ «Համլետ» ներկայացումներով: Շուշեցիները անչափ ուրախացել են հատկապես տիկ. Սիրանույշի մասնակցության համար:

Արմեն ԱՍԱՏՐՅԱՆ

գիտաշխատող

Գլխավոր լուսանկարում՝ Խաչեն գյուղի Սբ Ստեփաննոս եկեղեցին

«Առավոտ» օրաթերթ
06.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31