Լրահոս
Օրվա լրահոսը

Մակրոնը մեզ հետ է, իսկ մե՞նք

Մայիս 07,2021 12:00

Սկիզբը՝ այստեղ:

Ֆրանսիայի կշռից, ազդեցությունից ու հայամետությունից Հայաստանի իշխանությունը չի օգտվում

44-օրյա պատերազմի օրերին Ֆրանսիան այն երկիրն էր, որն ի սկզբանե ի ցույց դրեց հայանպաստ դիրքորոշում, ինչը չի կարելի պնդել այն պետությունների պարագայում, որոնք բռնել էին, այսպես ասած, «բալանսավորված», չեզոք դիրք, իրականում, սակայն, պարզ էր, որ այդ պատերազմում ներգրավված ու անթաքույց շահեր հետապնդող Թուրքիայի գործողությունների վերաբերյալ խուսափում էին հասցեական գնահատականներ հնչեցնել:

Մինչդեռ Ֆրանսիան առաջիններից էր, որ ամենաբարձր մակարդակով հնչեցրեց ղարաբաղյան պատերազմի տարածք վարձկան ահաբեկիչների հայտնվելու մասին, աչք չէր փակում թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից պատերազմում կիրառված արգելված զենքերի կիրառման տեղեկությունների վրա, ակտիվ է հայ ռազմագերիների խնդրով եւ իհարկե՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով բանակցային գործընթացի վերականգնման հարցում է ակտիվություն ցուցաբերում, ինչը նշանակում է, որ Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ ՄԽ-ում համանախագահող երկիր, հստակ կողմնակից է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման պահանջի իրականացմանը, որն իր հերթին հակասում է Թուրքիայի ու Ադրբեջանի պատկերացումներին:

Առհասարակ, պետք է արձանագրել, որ Ֆրանսիայի դերը ԵՄ-ում, աշխարհի տարբեր տարածաշրջաններում բավական ակտիվ է դարձել նախագահ Մակրոնի օրոք, Ֆրանսիան ուրույն դեր է փորձում ստանձնել աշխարհաքաղաքական տարբեր խնդիրներում, իր դիրքորոշումը պաշտպանելիս՝ հակադրվում է «ձեւավորված ավանդույթներին»: Օրինակ, Թուրքիայի կողմից վարվող կոշտ, հանդուգն, երբեմն էլ՝ սանձարձակ քաղաքականությանը հակազդելու հարցում Ֆրանսիան այսօր յուրահատուկ դեր ունի: ԵՄ անդամ այլ երկրներ, նախընտրում են առանձնապես չերեւալ, կամ՝ հնարավորինս խուսափել Թուրքիային առնչվող թեմաներից:

Ինչեւէ, Ֆրանսիան այսօր բավական ակտիվ է մեր տարածաշրջանային խնդիրներում, եւ մասնավորապես ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Ֆրանսիան, նախագահ Մակրոնի մակարդակով, ներգրավվել է հայ ռազմագերիների ազատ արձակման գործում, ինչը, ըստ պաշտոնական Փարիզի, հրատապ լուծում պահանջող խնդիր է, անցյալ շաբաթ «Ազատության» հետ զրույցում հայտնեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը։

Դեսպանը մանրամասնեց՝ օրերս կայացած Մակրոն-Պուտին հեռախոսազրույցի պատճառներից մեկը հայ ռազմագերիների ազատ արձակման գործում առաջընթացի բացակայությունն է։ «Իրոք, տեղի է ունենում գործընթացների ինտենսիֆիկացում, որը մի կողմից պայմանավորված է ապրիլի 24-ով, մյուս կողմից՝ պատճառն այն է, որ հայ ռազմագերիների ազատ արձակման գործում եւ այլ հարցերում առաջընթաց չկա։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 24-ի երեկոյան խոսել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հաջորդ օրը խոսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նպատակը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվացումն է, եւ Ռուսաստանը, բնականաբար, այս գործընթացի մաս է կազմում, քանի որ Մոսկվան ներկա է Լեռնային Ղարաբաղում, եւ նպատակը քաղաքական գործընթացի վերսկսումն է, որպեսզի քննարկվեն այն հարցերը, որոնք կարգավորված չեն նոյեմբերի 9-ի փաստաթղթով։ Ունենք հրադադար, ինչը կարեւոր ձեռքբերում է, բայց կան մի շարք այլ հարցեր, որոնք պետք է քննարկել եւ դա անել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով»,-նկատել էր Լաքոտը։

Գալով ԼՂ կարգավիճակի թեմայի վերաբերյալ հայտարարություններին՝ նա հավելել էր. «Կան հրատապ պատասխան պահանջող խնդիրներ, մասնավորապես՝ ռազմագերիների ազատ արձակման հարցը, որը պետք է լինի առանց որեւէ նախապայմանի։ Նաեւ պետք է ամրապնդել հրադադարը ինչպես Ղարաբաղում, այնպես էլ Հայաստանի սահմաններին։ Ընդհանրապես, պետք է վերսկսել քաղաքական գործընթացը, որը թույլ կտա Հայաստանին ու Ադրբեջանին բանակցել»։

Ֆրանսիայի դեսպանն օրերս հանդես եկավ այլ ուշագրավ ուղերձներով, մասնավորապես շեշտեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կարեւոր է Հայաստանի ինքնիշխանության ամրապնդման համար. «Ներկա իրավիճակում հասկանում ենք, որ պատմությունը հիշելու նշանակությունը այս պահին շատ ավելի կարեւոր է, քան երբեւէ։ Պատմությունն ու հուշը Հայաստանին են ծառայում։ Տեսնում ենք, թե մեր օրերում որքան առաջընթաց կա Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում։ Տեսնում ենք, թե այն որքան կարեւոր է արդարությունը վերահաստատելու համար, եւ այն առավել եւս կարեւոր է Հայաստանի ինքնիշխանությունը ամրապնդելու համար։ Հիշողությունը միայն անցյալ չէ, այն շատ կարեւոր է նաեւ ապագայի համար»։

Ինչպես հայտնի է, վերջերս Մակրոն-Պուտին հեռախոսազրույցից հետո տեղեկատվություն ստացվեց այն մասին, որ երկու երկրների ղեկավարները մոտ ապագայում հանդես կան նոր նախաձեռնությամբ՝ ԼՂ կարգավորման շրջանակներում:

Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահները պայմանավորվել են վերսկսել ջանքերը Մինսկի խմբի շրջանակներում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ իրավիճակի կայուն կարգավորմանը հասնելու համար: Մոտ ապագայում այս ուղղությամբ կոնկրետ նախաձեռնություններ կձեռնարկվեն, մայիսի 3-ին «Արմենպրեսի» հարցմանն ի պատասխան հայտնել է Ջոնաթան Լաքոտը՝ գալով այդ հեռախոսազրույցին. «Կովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ նախագահ Մակրոնն ընդգծել է գերիների, մարդասիրական աջակցության եւ ժառանգության պահպանման հարցերում կոնկրետ առաջընթաց գրանցելու անհրաժեշտությունը: Երկու նախագահները պայմանավորվել են վերսկսել ջանքերը Մինսկի խմբի շրջանակներում` իրավիճակի կայուն կարգավորմանը հասնելու համար: Մոտ ապագայում այս ուղղությամբ կոնկրետ նախաձեռնություններ կձեռնարկվեն»:

Հարցին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ի՞նչ քայլեր են ձեռնարկում, որպեսզի Ադրբեջանն ի վերջո վերադարձնի Բաքվում պահվող հայ ռազմագերիներին, դադարեցնելով մարդու իրավունքների խախտումները, դեսպանը նշել է, որ համանախագահների վերջին հայտարարությունում կոչ էր արվում վերադարձնել բոլոր ռազմագերիներին. «Ապրիլի 13-ի իրենց հայտարարության մեջ համանախագահները կոչ են արել միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն ազատել բոլոր ռազմագերիներին եւ պահվող անձանց: Ապրիլի 24-ին պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը Ֆրանսիայի դեսպանությունում ընդունեց գերիների ընտանիքներին»:

Անցյալ շաբաթ, ինչպես հայտնի է, Եվրամիությունը հայտարարությամբ հանդես եկավ՝ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջին հակամարտության» հետեւանքով գերեվարվածների վերաբերյալ՝ կոչ անելով ապահովել «մնացյալ ռազմագերիների եւ ձերբակալված անձանց վերադարձը՝ անկախ նրանց կալանավորման հանգամանքներից»։ Նախարարների կոմիտեի ընդունած հայտարարությունում ԵՄ-ն ողջունեց 2020թ. նոյեմբերի 9-ին կողմերի միջեւ ձեռք բերված համաձայնությունից հետո «տեղում հրադադարի ամրապնդումը եւ որոշ դրական արդյունքներ, որոնք ձեռք են բերվել այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսին են մարդկային աճյունների հայրենադարձումը եւ հակամարտության հետեւանքով խստորեն տուժած բնակչությանը մարդասիրական օգնության ցուցաբերումը»։

Այնուհանդերձ, ԵՄ-ն վերահաստատեց, որ անհրաժեշտ է ավելացնել ջանքերը երկու երկրների միջեւ վստահություն կառուցելու եւ կայուն խաղաղության ուղղությամբ առաջընթացի համար. «Դա ներառում է թշնամական եւ վիրավորական հռետորությունից զերծ մնալը, մնացյալ ռազմագերիների եւ ձերբակալված անձանց վերադարձը՝ անկախ նրանց կալանավորման հանգամանքներից, եւ նաեւ այլ կարեւոր հարցերում համագործակցությունը, ինչպիսին է ականազերծումը»։ Այս համատեքստում ԵՄ-ն, որին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ծանուցել է իր կիրառած միջանկյալ միջոցների մասին, շեշտում է, որ Մարդու իրավունքների կոնվենցիային միացած երկրները պարտավոր են ենթարկվել միջանկյալ միջոցների վերաբերյալ դատարանի պահանջներին, եւ կոչ արեց Ադրբեջանին ներկայացնել դատարանի պահանջած տեղեկատվությունն ամբողջությամբ։

Ֆրանսիայի ակտիվության ֆոնին Հայաստանի իշխանությունների անգործությունը զարմացնող է: ԵՄ-ում ազդեցիկ, վճռորոշ դերակատարություն ստանձնած Ֆրանսիայի հետ համակարգված աշխատանքներ իրականացվո՞ւմ են այլ երկրների հետ բանակցելու, համաձայնությունների գալու շուրջ, մասնավորապես՝ թուրք-ադրբեջանական հակահայ քարոզչությանն ի պատասխան: Սա հարցերից ընդամենը մեկն է, մինչդեռ հետպատերազմյան այս փուլում շրջանառվող «կոմունիկացիոն» ապաշրջափակման, այդ գործընթացում շահագրգիռ այլ պետությունների հետ աշխատանքներում եւս պատրաստակամ Ֆրանսիայի հետ աշխատանքն այսօր պետք է էլ ավելի համակարգված լինի, թիրախավորված, նպատակային: Սակայն նման տպավորություն չի ստեղծվում, որ գործող իշխանությունները նախաձեռնողականություն են ցուցաբերում, գնահատում են Հայաստանին ընձեռած հնարավորությունները, առավելեւս՝ օգտվում այդ հնարավորություններից:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 06.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31