Լրահոս
Օրվա լրահոսը

Ներդրողը չգիտի՝ որ ինստիտուտից հետո ուր գնա: Ինչ խնդիրների են բախվում ներդրողները

Մայիս 07,2021 14:30
nerdrum

Բաբկեն Թունյանը գտնում է՝ Ամուլսարի ծրագրի վերաբերյալ պետք է հստակ որոշում կայացնել՝ կամ այս կողմ կամ՝ այն: Անորոշ վիճակն այլ ներդրումների խոչընդոտ է հանդիսանում:

«Այսօր ներդրողների համար ամենակարեւոր մարտահրավերներից մեկը սպասումներն են, դրանք շատ կարեւոր ազդեցություն ունեն գործարարների որոշումների վրա»,-պատասխանելով հարցին՝ համավարակից, պատերազմից հետո ինչպիսի՞ն է մեր երկրում ներդրումային իրավիճակը, ասաց Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: Բացի այդ, ըստ պարոն Թունյանի, ներդրողի համար ամենակարեւոր բաներից մեկը նախադեպերն են. «Որքան ուզում ես օրենսդրական դաշտը բարելավի, «Դուինգ բիզնեսի» զեկույցներում առաջ գնա եւ այլն, մեկ չհաջողված բիզնեսի, ներդրումային ծրագրի օրինակ, ներդրողների համար բիզնես շրջանակներում կարող է այնպիսի բացասական ազդեցություն թողնել, որ քո բոլոր ջանքերն ընկնեն ջուրը: Իսկ մենք այդպիսի մի անհաջող օրինակ ունենք՝ կապված ներդրումային մի մեծ նախագծի հետ: Որքան էլ այդ հարցում կարծիքները տարբեր լինեն, ամեն դեպքում ներդրողի համար դա ինդիկատոր է, որ կա խնդիր, որը երեք տարի չի լուծվում: Ավելի լավ է խնդիրը լուծվի հօգուտ կամ ի վնաս, քան մնա անորոշ, որովհետեւ անորոշությունն ավելի վատ է, քան՝ լուծումների բացակայությունը: Ես անկեղծորեն խոստովանում եմ, որ դրանք մեր թերացումներն են եւ սխալների շտկումը պետք է հնարավորինս արագ անել, որպեսզի կարողանան ոչ թե ընդամենը խոսքերով, այլ ռեալ քայլերով ցույց տանք, որ մենք հակված ենք մեր երկիրը դարձնելու գրավիչ, կանխատեսելի ու ամենակարեւորը՝ վստահելի գործընկեր»:

Խոսքն, ըստ Բաբկեն Թունյանի 3 տարի կասեցված Ամուլսարի ծրագրի մասին է. «Չեմ ասում՝ պետք է բացել, պետք է փակել, ես ասում եմ՝ պետք է որոշում կայացնել, որովհետեւ, եթե այդ ծրագրում կան օտարերկրյա բաժնետերեր, որոնք ուշադրության կենտրոնում են պահում այդ ծրագիրը, ցանկացած մեկ այլ ներդրող նայում է տեսնի՝ այդ խոշոր ծրագիրն ի՞նչ պատճառներով է կանգնած: Եթե պատճառը նրա համար հասկանալի չէ, ներդրողն օբյեկտիվորեն մտածում է, որ նույն բանը նաեւ իր հետ կարող է տեղի ունենալ: Մարդկանց համար պետք է վստահությունը կանխատեսելիությունն ամրապնդել: Եթե իմանում ենք փակվում է՝ հստակ պատճառներ նշենք եւ ասենք՝ վերջ այս ծրագիրը չի աշխատելու, բայց օդում կախված թողելը սխալ է»:

Ինչ վերաբերում է հետպատերազմյան իրավիճակին, արդյոք այդ պատճառով ներդրումային ծրագրեր հետաձգվել են կամ՝ չեղարկվել, Բաբկեն Թունյանն ասաց, որ դեռեւս չի հրապարակվել եռամսյակային վիճակագրությունը, սակայն չի կարծում, որ իրավիճակը կրիտիկական է. «Չեմ էլ ասում՝ թռիչքաձեւ աճեր կունենանք, բայց անզեն աչքով երեւում է, որ ծրագրերը, որոնք կանգնեցվել էին, սառեցվել էին, աստիճանաբար սկսում են վերականգնվել: Տարբեր գործարարների հետ հանդիպումներ եմ ունենում, որոնք կոնկրետ խնդիրներով գալիս են: Խնդիրը ոչ թե գումարի կամ ցանկության մեջ է, այլ պրակտիկ, բյուրոկրատական խնդիրներ են»:

Պատասխանելով «Առավոտի» հարցին՝ օտարերկրյա ներդրողները ի՞նչպիսի խնդիրների են հանդիպում մեր երկրում, «Ներդրումների աջակցման կենտրոնի» գլխավոր տնօրեն Լեւոն Օհանեսյանն ասաց՝ թե՛ օտարերկրյա ներդրողի համար, թե՛ տեղացի ներդրողի համար խնդիրները նույնն են, ներդրողը չգիտի՝ որ ինստիտուտից հետո ուր գնա:

«Օտարերկրյա ներդրողի համար կարեւոր է լինի մի կառույց, որտեղ կմոտենա եւ կստանա համապատասխան հարցերի պատասխանը: Մենք այն կառույցն ենք, որ ներդրողին կարող ենք ընդհուպ դիմավորել օդանավակայանից, ծանոթանալ նրա ծրագրին, մշակել ճանապարհային քարտեզ եւ մենք նրա հետ կքայլենք այդ ամբողջ ճանապարհով: Եվ այդ ամենն անվճար: Մենք կոորպորատիվ մոտեցում ենք նաեւ ցուցաբերում. օտարերկրյա ներդրողին ծանոթացնում ենք ոչ միայն ներդրումային միջավայրին, այլեւ մեր մշակույթին, ներկայացնում՝ որքան հին ենք, ինչ պոտենցիալ ունենք, որքան ջերմ ենք, ինչպիսին է մեր կլիման եւ այլն, որը շատ կարեւոր է ներդրողի համար, որովհետեւ ներդրողը գալով Հայաստան, նշանակում է, որոշ ժամանակով նա կամ նրա թոփ մենեջմենթ կազմը որոշ ժամանակով տեղափոխվելու է այստեղ ապրելու»,-ասաց պարոն Օհանեսյանը: Նրա խոսքով, օտարերկրյա ներդրողներից մեկը մի անգամ հարցրել է՝ օպերա ունե՞ք:
«Ասացի՝ այո, եւ դա նրա համար շատ հաճելի էր»:

Լեւոն Օհանեսյանի խոսքով, եթե անգամ գերատեսչությունները, որոնց ներդրողը դիմում է, նրա հարցը լուծում են, նա չգիտի հաջորդ քայլը որն է, ուր պետք է գնա. «Եթե չեն լուծում գալիս է մեզ մոտ, նայում ենք այդ պատասխանը, եթե հիմնավոր է, օրենսդրական բաղադրիչ ունի իր մեջ, մտածում ենք՝ ոնց փոխենք այդ օրենսդրությունը, եթե չեն հիմնավորել, քմահաճույքի կամ սուբյեկտիվ պատճառ է, այդ հարցը բարձրացնում ենք ավելի բարձր մակարդակի, հետո ավելի բարձր մակարդակի՝ մինչեւ հասկանանք՝ ինչու է դա տեղի ունեցել»:

Բաբկեն Թունյանն էլ հավելեց՝ օրինակ՝ մարդը գնել է հասարակական նշանակության հողատարածք, բիզնես ծրագիր ունի, վարկ է վերցրել եւ սկսում է իր գործը, մեկ էլ պարզվում է, որ հարեւանությամբ ինչ-որ հուշարձան է եւ այդ ամբողջ տարածքը համարվում է պատմամշակութային հուշարձան. «Եւ այս մարդու ծրագիրը կանգնում է: Ես հասկանում եմ, որ մշակութային կոթողներին պետք է շատ խնամքով վերաբերվել, բայց նաեւ պետք է այնպես անել, որ ներդրողը առավելագույնս պաշտպանված լինի եւ փաստի առաջ չկանգնի: Հիմա աշխատում ենք այդ հարցերի վերաբերյալ լուծումներ գտնենք, ուսումնասիրում ենք միջազգային փորձը՝ ինչպես անենք, որ ո՛չ ներդրողները տուժեն, ո՛չ էլ պատմամշակութային արժեքները»:

«Ներդրումների աջակցման կենտրոնը» ստեղծվել է 2020 թվականին, որի առաքելությունն է ներգրավել օտարերկրյա ներդրումներ:
Հետաքրքրվեցինք՝ մեկուկես տարվա ընթացքում ի՞նչ արդյունքներ է արձանագրել: Լեւոն Օհանեսյանն ասաց՝ կառույցին դիմել է 600 գործարար, այդ դիմումներից շուրջ 120-ը եղել են ներդրումային նախաձեռնություններ, որոնցից 58-ն այժմ ակտիվ սպասարկման փուլում են, դրանցից նախատեսվող ծավալը շուրջ 1,5 միլիարդ ԱՄՆ դոլար է. «Սա փաստ է, կանխատեսում չէ: Այս պահին մեկնարկել է 21 ծրագիր շուրջ 220 միլիոն ԱՄն դոլարի նախատեսվող ծավալով: Մեկնարկել նշանակում է՝ ներդրողն արդեն գնել է տարածք կամ արդեն սկսել է շինարարություն կամ ներմուծել է հոսքագծեր»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31